Լիաննա Ավագյան. «Իմ պապիկը» - Mediamax.am

3427 դիտում

Լիաննա Ավագյան. «Իմ պապիկը»


Լուսանկարը`


Իսկապես, որքան մեծանում ես, այնքան ավելի շատ ես ձգտում վերադառնալ մանկություն: Ավա՜ղ, անցավ մանկությունս` որպես մի սրընթաց, ոսկեփետուր թռչուն, որի երփներանգ և աչք շլացնող փետուրներից յուրաքանչյուրն իմ կյանքի մի մասնիկն է, որն իր պատմությունն ունի… Իմ մանկության հրաշագեղ մոլորակում ամենաջերմ հուշերս կապված են Սիրեկան պապիս հետ: Անչափ բարի ու հոգատար մի մարդ, ով իր անվան նման լեփլեցուն էր սիրով: Իմ մանկության աշխարհը` թվացյալ հրաշքը, վայրկենապես հօդս ցնդեց, երբ առաջին անգամ հասկացա «մահ» բառի իմաստը:

 

Պապիկս իմ առաջ բացել է մի հեքիաթային աշխարհ` լի գեղեցկությամբ և հրաշքներով: Նա ինձ տվել է կյանքի բանալին. նրա բոլոր խրատներն ու իմաստուն խորհուրդներն ուղեկցում են ինձ կյանքիս ոլորապտույտ ճանապարհին: Պապիս    փոքր-ինչ կանաչավուն, խոհուն ու կյանքում բազում տառապանքներ տեսած աչքերը միշտ գորովանքով են նայում ինձ: Ես միշտ զգում եմ նրա խորաթափանց հայացքը….

 

Իմ սիրելի՛ պապիկ, հիշո՞ւմ ես այն փոքրիկ սալորենին, որ խորշոմապատ, կոշտացած ձեռքերով, բայց անչափ նրբորեն խնամում ու գուրգուրում էիր, ինչպես ինձ: Տնկին հսկա ծառ է դարձել և հիանալի, մեղրածոր պտուղներ է տալիս: Պապ ջա՛ն, ես էլ եմ մեծացել, մի հրաշք բալիկի մայր եմ: Վստահ եմ` երկամյա դուստրս էլ, երբ հասակ առնի, ինձ նման ջերմորեն կհիշի իր պապիկին` իմ հայրիկին ու քո որդուն: Բայց, ի տարբերություն ինձ, նա պապին կհիշի միայն իմ պատմածներով ու լուսանկարներով: Ես բարեբախտություն ունեցա փոքրիշատե ճանաչել քեզ, գնահատել քո մարդկային մեծությունը և հիանալ քեզանով: Քո մասին ունեցածս ջերմագին հուշերը զգուշորեն կփաթաթեմ տարիների շղարշով և խնամքով կպահեմ սրտումս, պա՛պ ջան: Դու հավետ կլինես ինձ հետ` իմ հուշերում և իմ սրտում: Քո մեծազոր օրհնությունը թող մշտապես ուղեկից լինի բոլորիս, ի՛մ պապիկ:

 

Ամեն անգամ ծաղիկներ ստանալիս գորովանքով պիտի հիշեմ դաշտային ծաղիկներով իմ առաջին ծաղկեփունջը, որ դու էիր նվիրել, և որի բուրմունքը մինչև օրս զգում եմ: Ամեն անգամ գիրք ընթերցելիս հուզմունքով ու երանությամբ պիտի հիշեմ, թե ինչպես էիր ժամերով ընթերցում ինձ համար, քանի դեռ կարդալ չգիտեի: Ամեն անգամ բարության, ազնվության, արդարամտության, ներողամտության, իմաստության մասին խոսելիս քո խորշոմապատ, բայց պայծառ ու լուսավոր դեմքը պիտի հայտնվի իմ առաջ`փոքր-ինչ կանաչավուն աչքերումդ իմ արտացոլանքը…

 

Ես զգում եմ` հայր ու որդի երկնքից հետևում և պաշտպանում եք մեզ. դուք միասին անասելի հզոր եք: Հա՛յր ու որդի պապիկներ, հանգիստ եղեք` Աստծո ողորմածությամբ մենք այստեղ լավ ենք…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին