893 դիտում

Թամարա Սարգսյան. Թամար տատն ու Վաչիկ պապը



Տատս ու պապս կոլորիտային զույգ էին: Տատիս նախնիները, ասում էր, Մուշից են, պապինս՝ Կարսից: Նույն տարում էին ծնվել: Կռվարար էին, վեճերն ու բարձրաձայն խոսակցությունները՝ մեր տանից անպակաս:

Պապիս ներկայությունը վայելել եմ 10 տարի: Միակ աղջիկ թոռն էի, պապս ինձ բուլիկ էր ասում, շախմատի էր տանում, թեկուզ քայլել դժվարանում էր, աչքերն էլ վատ էին տեսնում: Չարություններ էինք անում, մածունն ուտում էինք, ու հետո մածնոտ գդալներն իրար ճակատի խփում: Հիշում եմ՝ մաման ոնց էր հունից դուրս գալիս դրանից: Երբ տանը մենակ էինք լինում՝ մենք՝ երեխեքով ու ինքը, մեծ ճաշի սեղանը բերում էինք սենյակի կենտրոն, կողքերը վազվում ու երգում «Քանի տատը տունը չի», չնայած ոտքերը քստքստացնելով հազիվ էր շարժում: Հողամաս ուներ, որը սիրով էր մշակում, ու որը նրանից հետո էլ չկա: Եթե ամեն մարդու հետ կապված մի հոգեհարազատ բառ գտնելու լինենք, ապա պապինս «քոլիկն» էր. դա իր հողամասի փոքրիկ երկաթե տնակն էր՝ լցված խառը գործիքներով, որոնցից ամենատպավորվածը ծառերը սրսկելու մեծ սարքն էր: Քոլիկում պետք էր զգույշ լինել, որովհետև տաքանում էր, կարող էին մեղուներ ու օձեր լինել: Պապիցս հետո քոլիկ բառը ոչ մի անգամ չեմ լսել: Պապս գիտեր, որ շատ երկար չի ապրելու, ասում էր՝ 2000 թվականը գրեմ, հետո գնամ: Մի քիչ չհերիքեց, ապրեց մինչև 1999-ի նոյեմբերի 18-ը:

Տատս հետխորհդային տարիներին «սեփական բիզնես» էր սկսել, իսկական առևտրականի ջիղ ուներ, հստակ գիտեր համայնքի բնակչության պահանջարկն ու բնավորությունը: Գիշերը շուկա էր գնում, ամբողջ ցերեկ էլ աշխատում: Տատիցս բոլորը վախենում էին. վախից գալիս էին իրենից առևտուր անելու. թե չէ կարող էր փողոցով անցնող մարդուն մոտ կանչել, տոպրակը ստուգել, ու վայն եկել էր, թե մի ուրիշ տեղից մի բան գնած լիներ. կռվում էր, անիծում, շան լափ թափում գլխներին: Դժվար է խոստովանել, բայց տատիս անունը մեջքի հետևում «վհուկ» էին դրել, ու հաճախ ասում էին, թե անմահ է: Սարի պես կին էր՝ հաղթանդամ, ուժեղ ու կամային. ու մարդիկ տարիներ շարունակ չէին հավատում, թե նա այլևս չկա: Տատիցս հետո մեր կյանքից հեռացավ փոխինձը՝ որպես ճաշատեսակ և կիրակնօրյա ավանդույթ:

Տատս ծանր էր լսում ու ուժեղ տեսողություն ուներ, պապս՝ վատ էր տեսնում, իսկ լսողությունը սրված էր, այնպես որ մեր տան պատերը և՛ աչքեր ունեին, և՛ ականջներ: Նրանք երկուսով 400 անուն գրքով գրադարան էին հավաքել, որը վերջին տարիներին ես ու եղբայրս վերսկսել ենք հարստացնել:

Հ.Գ. Երբեմն մենք իդեալականացնում ենք նրանց, ովքեր այլևս մեզ հետ չեն: Բայց ես սիրում եմ նրանց հիշել այսպես, մանկության մտապատկերների պատառիկների մեջ:

Իսկ հիմա՝ տարիների հեռավորությունից, լսում եմ, թե ականջիս ինչ կարևոր բաներ են շշնջում տատիկն ու պապիկը.

- Իմացի՛ր, որ մահը գոյություն ունի ու սիրած մարդիկ մի օր անվերադարձ հեռանում են: Իմացի՛ր, որ մարդիկ անփոխարինելի են, հենց միայն իրենց «քոլիկով» ու «փոխինձով»: Իմացի՛ր, որ կան ավանդույթներ, որոնք մի օր շարունակելու ես և դրանց մեջ շարունակվելու ենք մենք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am