Սուսաննա Գրիգորյան. Իմ տատիկը, իմ պապիկը - Mediamax.am

3273 դիտում

Սուսաննա Գրիգորյան. Իմ տատիկը, իմ պապիկը


Լուսանկարը`


Առավոտյան աչքերս կիսաբաց խոհանոց եմ գնում: Տատս արդեն սուրճը եփել,  ինձ է սպասում: Մենակ խմել չի սիրում` ընկեր է պետք: Տատիս կյանքը դժվար է եղել: Դժվարությունը ճերմակների մեջ է, աչքերի մեջ է, սրտում է: Ասում է` բարդ ժամանակներ էին, բարդ էր կյանքը, բայց համ ու հոտ կար: Համն ու հոտը խոսքի մեջ է:

Պապս հաշմանդամ է դարձել, երբ տատիս հետ վեց ամսվա երջանիկ ամուսիններ էին եղել: Սնահավատությունն ասում է` հարսանիքի ժամանակ երկուսի միջև անցել են, բաժանել: Տատս դրան հավատում է: Հիշում է: Լռում է:

 

Դրանից հետո պապիս քայլելուց այլևս չեն տեսել: Բարեկամները սառել են, մեկուսացել. ոչ ոք չէր ուզում պապիս պահել, մտածում էին տատս էլ կլքի: Բայց տատս 20 ու ավեի պապիս կողքից չի հեռացել: Աշխատել է շատ, որ կյանքին հարմարվի: Կյանքն էլ ի պատասխան ճերմակ է նվիրել, կնճիռներ...

 

Պապիս չեմ տեսել, ասում են հումորով է եղել, սիրել է երեխաներին: Պապս թոռներին չի տեսել, բայց երևի մտքում պատկերացրել է: Նրանից լուսանկար է ժառանգություն մնացել: Ասում են աչքերս իր աչքերին  է նման: Հպարտանում եմ: Քայլել չի կարողացել, սայլակով է եղել, ամաչել է դուրս գալ: Այդ ժամանակներում հաշմանդամություն ունենալը նույնն էր, ինչ տանը հավիտյան  կալանքի արժանանալը. դատավճիռ էր չապրելու: Պապս ապրել է. ուժեղ էր:

 

Հիմա երբ տեսնում եմ սայլակով մարդականց պապիս եմ հիշում, ճիշտ այնպես, ինչպես լուսնակարում եմ տեսել: Պապս Ճոճկանից է եղել, լոռեցուն հատուկ բնավորության գծերով էլ քաղաք է եկել, աշխատել, ամուսնացել, հետո կյանքը հարվածել է, բայց շարունակել է ապրել: Ապրել է 42 տարի:

 

Տատիս կյանքը զրկանքներ շատ է տեսել, ու գուցե դրանից է գալիս հաստատակամ բնավորությունը: Ջերմություն է սիրում: Ամառ-ձմեռ միշտ տաք է հագնվում: Ասում է. տաքից վնաս չկա, տաքը լավ է: Տատիս տաքը բնավորության ու խոսքի մեջ է:

 

Ընկեր է տատս` լավ ու վատ օրերի: Ինչ ուզում է լինի` պատասխանն ունի, կօգնի, կխրատի:  Տատիս ապրած, բայց չապրած տարիները մենք ենք լրացնում, ուզում ենք նորից ապրի, կյանքը  նրան տվել ու միաժամանակ խլել է իրեն վայելելու հնարվորությունը:

 

Տատիս մենք ենք ժպտեցնում, իսկ ինքը մեզ տաքացնում` ճիշտ էն շորերի նման, որ միշտ մեզանից տաքուն կխցկի պայուսակում, որ չմրսենք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին