718 դիտում

Աննա Ապրեսյան. Իմ տատիկը, իմ պապիկը



Ցավոք սրտի այսօր ես նրանց մասին միայն հիշողություններ ունեմ: Ամեն անգամ հիշելով նրանց՝ մանկությունս գալիս անցնում է դիմացովս:

Պապիկս շատ շուտ է մահացել, երբ ես դեռ չորս տարեկան էի: Նրա մասին հիշողություններս շատ աղոտ են, և տարիների ընթացքում զգում եմ, որ իմ հիշողությունից կամաց-կամաց ջնջվում է անգամ նրա դեմքը: Մայրիկս, և գյուղացիները շատ են պատմել նրա մասին: Երբ ինձ գյուղում չեն ճանաչում և հարցնում են, թե ու՞մ թոռնիկն եմ, Հովակիմյան Սուրենի անունը լսելով անկախ իրենցից զգաստանում են և խորին հարգանքով պատմում նրա իմաստուն մտքերի, կատակախառը զրույցների, և բոլորի նկատմամբ ջերմ վերաբերմունքի մասին: Այդ ամենը ինձ ամեն ինչ ասում է պապիկիս մասին: Նա ԽՍՀՄ-ի տարիներին եղել է նախագահ ասում են՝ շատ աշխատասեր և խիստ պապիկ եմ ունեցել: Ես միշտ էլ կարոտ եմ եղել պապիկիս սիրուն, և այդ բացը լրացնելու համար անկախ ինձանից սկսել եմ սիրել ընկերուհիներիս պապիկներին:

Իսկ ահա տատիկիս մասին կարող եմ շատ բան պատմել: Նա փոքրամարմին, շատ աշխատասեր, բարի ու մաքրասեր կին էր; Նա դեռ մեկ ամսական է եղել, երբ մահացել է նրա մայրը և նա մեծացել է խորթ մոր ձեռքի տակ:

Երբ ես նրան հարցնում էի, թե ինչպե՞ս է խորթ մայրը իրեն պահել, նա չէր դժգոհում:

Ասում էր միայն մի բան.                                                                                                               

- Չեմ ների նրան,որ ինձ ուսման չտվեց:

Չնայած ուսում չստանալուն նա շատ խելացի կին էր:

Ամուսնանալով պապիկիս հետ ունեցել է խիստ սկեսուր և սկեսրայր: Նրա երեխաները դաստիարակվել են սկեսուրի կողմից, ով չի թողել անգամ իրենց մայրիկին մայր անվանեն: Շատ դժվար և տխուր կյանք է ունեցել տատիկս, չնայած երբեք չի դժգոհել իր կյանքից: Երևի նրան ուժեղ են պահել իր չորս աղջիկները, ովքեր մինչև իր մահը եղել են նրա կողքին;

Պապիկիս մահից հետո տատիկս մնաց մեն-մենակ իրենց մեծ տանը: Ճիշտ է մեզ բաժանում էր ընդհամենըերեք կիլոմետր, բայց դա չէր մեղմացնում նրա մենակությունը: Ես մանկությունս ու դեռահասությունս անցկացրել եմ տատիկիս տանը: Շաբաթը երեք օր գնում էի տատիկիս մոտ: Տան դարպասները բացելով կարծես աշնան շուկա մտնեի: Նա միշտ հավաքած մրգեր ուներ ինձ համար, երբ չէի ուտում նեղանում էր: Երկուսով խնձորներ էինք հավաքում, կտրատում էինք, լցնում տակառ՝ օղի թորելու համար: Հիմա այդ աշխատանքը մենակ եմ անում: Հետո սրտատրոփ սպասում էինք շաբաթ օրվան: Այդ օրը մեր մոտ հաց թխելու մեծ արարողությունն էր: Տատիկս այդ գիշեր չէր քնում: Ժամը վեցին արթնանում էինք տեսնում՝ արդեն վառարանը վառել, տաշտը բերել՝ սպասում է մայրիկիս, որպեսզի խմոր հունցեն: Հենց այդ չարաբաստիկ շաբաթներից էր, որ կորցրեցի տատիկիս; Նա  արդեն հինգ տարի է ինչ մահացել է; Բայց մենք ավանդույթը չխախտելով, ամեն շաբաթ փռի մեջ հաց ենք թխում:

Միշտ հիշում եմ տատիկիս ասածը, երբ մտածում եմ մենակության մասին:

Նա ասում էր.

- Շունն էլ մենակ չի լինի

Եվ ամեն անգամ հիշելով տատիկիս և՚ տխրում եմ, և՚ ուրախանում:

Ես Ձեզ շատ սիրում և կարոտում եմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am