823 դիտում

Սոնա Աբունց. Տատիկս



Չեմ հիշում, որ թվականի ամառն էր, ճանապարհվում էի Կապան՝ տատիկ-պապիկի մոտ: Թվականը կարևոր չի, կարևորը ամառ էր, իսկ դա նշանակում էր, որ ողջ ամառային արձակուրդները նվիրվում էին տատիկ-պապիկին: Մամայիս գրկից մի կերպ պոկվելով, սիրտս երկու կտոր անելով` շարժվեցինք: Մեքենայի ետևի պատուհանից ետ նայեցի. մորս աչքերը արցունքոտվել էին: Գորիսից Կապան մոտ երկու ժամվա ճանապարհ է, և ես երկու ժամ մոտս թողած սրտի մի կեսը կտոր-կտոր արեցի լացելով: Այդպես ամեն տարի:

Այդ ժամանակվա իմ 5-6 տարեկանի մանկական գիտակցության մեջ պտտվում էին մի  շարք սիրտս կեղեքող հարցեր՝ բա տատիկ-պապիկին ո՞նց մենակ թողնեմ, ախր նրանք մենակ են էնտեղ, ախր տատիկն ասել է՝ ելակը, վաղահաս խնձորը, թութը հասել են, բա ո՞վ պիտի ուտի դրանք, ո՞վ պիտի օգնի տատիկին գետնից թափված թութը հավաքել, որ օղի թորի:

Տատիկն անձեռնմխելի էր ինձ համար: Ասում են՝  եթե ուզում ես հավատավորին բարկացնել, կարող ես կպնել Աստծուն: Մինչև հիմա բարեկամները հիշում ու պատմում են, թե ինչպես էի թասիբով պաշտպանում իմ Աստծուն՝ տատիկիս:
Օգոստոսի վերջերին վերադառնում էի տուն, միակ պատճառը դպրոցն էր: Կապանից դատարկ չէի վերադառնում: Ինձ հետ անպայման բերում էի իր... ոչ ավել ոչ պակաս, գիշերազգեստը: Բարձիս տակ «թաքուն» պահում էի, գիշերները հանում, արցունքով մի լա՜վ լվանում, գրկում, քնում:

Ա՜խ, այդ հոտը…

Չէի թողնում՝ մաման լվանա, որ տատիս հատուկ հոտը չփոխարինվեր, չգիտես ինչ,   «անուշահոտ» բույրերով:

Եթե գիշերազգեստը տեղում չէր, ապա գիշերները սենյակ մտնելիս՝ ձեռքիս կտեսնեին տատիկիս ջահել տարիների նկարը: Դաս անելիս նկարը դնում էի սեղանի մոտ՝ աչքիս առաջ: Մամաս փորձում էր համոզել, որ պետք չի էդպես անեմ, մտնողը ուրիշ բան կհասկանա: Այն ժամանակ չէի հասկանում՝ ինչ նկատի ուներ մաման:
Կապանի մեր ամառանոցի թթի ծառերը միշտ տատիկս է թափ տվել: Տարիների՝ իր վրա գումարվելու հետ մեկտեղ անընդհատ զգուշացնում էինք տատիկին, որ հանկարծ մտքով չանցկացնի ծառ բարձրանալ: Ապահովության համար էլ մարդ էինք ուղարկում այդ գործերն անելու համար, չնայած մինչև ինքը թափ չտար, չէր հանգստանա:

Նախանցյալ տարի այդ մարդը մի քիչ ուշացավ: Բերքը փչանում էր, տատիկի տեղն էլ տեղ չէր տալիս: Վերջին ծառը թափ տալու ժամանակ չորացած ճյուղը կոտրվում է, և ճյուղի հետ տատիկը ընկնում է գետնին: Հաջորդող մեկ տարին տատիկս անցկացրեց անկողնում պառկած. Բազմաթիվ բաց և փակ կոտրվածքներ, արյան փոխներարկում, ապրելու չնչին հույսեր: Ոչ ոք չէր հավատում Ասինկայի առողջանալուն:

Բայց ես հավատում էի: Խոսք էր տվել՝ մինչև չամուսնանամ ու խելքս գլուխս չհավաքեմ, ինձ մենակ չի թողնի:

Մենակ չթողեց: Ավելին այս տարի բոլորիցս գաղտնի նորից բարձրացել էր: Պատճառաբանում է՝ իբր թափ տվողը ուշացել էր, բերքն էլ փչանում էր:
Քեզ նման տատիկ ունենալ, ամեն մեկին չի բախտ վիճակված, տատ:

Այսքանից հետո ավելի մեծ ոգևորությամբ է բաժանում իր օղին: Ծնունդ, կնունք, Նոր տարի, կապ չունի:

- Վա՜յ, հլը փորձի, տես՝  ի՜նչ արաղ ա է, տես հինչ բարձր ա գռադուզը: Ութանասուն ա է, մի գրամ պեսոկ չի խառնած:

Հ.Գ.Պատմությունը պատմեցի անցյալով, բայց դա ոչինչ չի նշանակում: Տատս կա ողջ ու առողջ, նա, ինչպես առաջ, այնպես էլ հիմա, իմ Աստվածն է: Ու պատկերացնում եմ ինչքա՜ն կուրախանա, երբ որ զանգեմ ու ասեմ.

- Տատ, մամային ասա կոմպը միացնի, քո մասին բան եմ գրել, կարդա: Հաջորդ անգամ էլ որ գամ, կսովորեցնեմ կոմպից օգտվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am