Սուսաննա Քթոյան. Տատիս ու պապիս հուշադարանից - Mediamax.am

1769 դիտում

Սուսաննա Քթոյան. Տատիս ու պապիս հուշադարանից


Լուսանկարը`


Ողջու՛յն: Ես Սուսաննան եմ, ծնվել եմ 2000 թվականին` Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ուղիղ հիսունհինգ տարի անց: Ինչու հենց այդ իրադարձությունը նշեցի` որովհետև ես, տատիկս ու պապիկս զրուցում էինք իրենց երիտասարդությունից, իսկ դրան շրջանցելն անհնար էր:

 

Այդ երեկո քամին սաստիկ կատաղի էր, երևի չարքերն էին տիրել նրա հոգուն և ցանկանում էին ամեն ինչ ավերել: Այդ ավերիչ քամու պատճառով էլեկտրականությունն անջատվեց` իր հետ տանելով այն ամենը, ինչ հոսանքից էր կախված: Ու հարազատ զրուցակիցներով երեկոն դարձավ խորհրդավոր ու առեղծվածային: Մինչ մոմի թրթռացող լույսի տակ իրենց զրույցներն էի ունկնդրում, աչքս ընկավ մի թիզ մոմի, որի շողքերը հեզաճկուն պարերով լցրել էին սևավորված սենյակը, ու պայքար, պայքար, պայքար էին երգում նրա անտեսանելի սիրենները ձայնակցելով պապիս` պատերազմ տեսած, անկախապաշտ մտքերին:

 

Անկասկած, շատերը կհամաձայնեն, որ տատ ու պապ ունենալը մի ուրիշ երջանկություն է: Երբ ձեր զրույցների ընթացքում ցանկանում ես կանգնեցնել ժամանակ ասվածը, որ վայելես սրտից եկող իրական ջերմությունն ու սերը: Ու դու սիրում ես նրանց պարզ ու մանկական սիրով, ինչքան էլ տարիքիդ թվանշանները գնալով մեծանան, ինչքան էլ նրանց մազերը գնալով սպիտակեն, ու ձեռքերի վրա տարիները թողնեն իրենց անհարթ հետքերը:

 

Հանկարծ տատիկս խնդրեց` իրենց լուսանկարների հուշագիրքը բերեմ: Այն ժամանակների հուշագրքերը ավելի մեծ էին, ուղղանկյունաձև, հաստ ու մի փոքր էլ կոպիտ: Սկսեցի հերթով թերթել ու դիտել սև ու սպիտակ նկարները: Կարծում եմ` դրանք էլ իրենց յուրահատկությունն ունեն, երբ դու չես տեսնում այլ գույներ, բայց պատկերացնում ես, ու այն քեզ ավելի է գրավում: Սկսեցին իրենց առաջին հանդիպումից խոսել, երբ պապս ստիպված է եղել տատիս եղբայրների հետ բազմաթիվ անգամներ զրուցել, որ թույլ տան գոնե մեկ անգամ տեսնի տատիս: Տատիկս ասում էր` երիտասարդ ժամանակ շատ գեղեցիկ է եղել և սկզբում պապիս չի հավանել, իսկ երբ պապս սա լսեց, անմիջապես սկսեց բարկանալ ու իր հերթին էլ ինքն իրեն սկսեց գովել, ասում էր` շատ բարձրահասակ է եղել, գեզեցիկ դիմագծերով, սև մազերով ու ամենակարևորը` բազմաթիվ աղջիկների է խելքահան արել: Ու պատմում էին իրենց երիտասարդությունից առանց դադարի, ինչպես ջուր կխմի վազքի մրցույթին մասկակցած մարզիկը: Իսկ հուշագրքի վերջում մի սև ծրար կար, որը տեսնելիս տատիս աչքերը միանգամից լցվեցին, իսկ պապս գլուխը կախեց: Երբ ծրարը բացեցի, այնտեղ նույնպես լուսանկարներ կային, սակայն` ինձ անծանոթ: Պարզվում է` նրանց հարազատների նկարներն էին, որոնք պապիս հետ մեկնել էին պատերազմի դաշտ, բայց միակողմանի ճանապարհով:

 

Ու հիմա հասկանում եմ, թե ինչու էին լուսանկարները դրել սև ծրարի մեջ, քանզի դրանք սև խոռոչի նման կուլ էին տվել տատիս ու պապիս հիշողություններն ու երջանիկ տարիները: Բայց մե՛կ է, կարոտել են իրենց ազատության տարիները`երիտասարդությունը:

 

Է ՜հ, եթե իմ բախտն էլ բերի ու տատիկ դառնամ, տեսնես թոռնիկիս կհետաքրքրի՞ իմ երիտասարդությունը….

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին