Մերի Մաշուրյան. Իմ պապիկը և տատիկը - Mediamax.am

2038 դիտում

Մերի Մաշուրյան. Իմ պապիկը և տատիկը


Լուսանկարը`


Երբեմն, երբ հոգիս տագնապով ու կարոտով է լցվում ու չեմ հասկանում, թե դա ում կամ ինչի համար է, գալիս եմ ձեզ մոտ իմ տատիկ ու պապիկ: Նայում եմ քարին նկարված ձեր պատկերներին ու զգում, որ ջերմացվել, խաղաղվել եմ:

 

Մեզ մոտ՝ Գորիսում գերեզմանոցին հանգստարան են ասում, ու ես ակամա գիտակցում եմ դարերի խորքից մեզ հասած ժողովրդական այս բառի խորը փիլիսոփայությունը: Դուք իրոք հողի տաքուկ գրկում հանգստանում եք. յուրաքանչյուրդ հետևվում թողած մի փոթորկուն, ալեկոծ կյանք: Իմ տեսլականում իրականն ու անիրականն միախառնվել են իրար, ու երբեմն մեծերի պատմածն այնքան հստակ ու պարզ եմ պատկերացնում, որ թվում է, թե դա իմ տեսածն ու լսածն է: Դուք, որ այնքան տարբեր էիք ձեր խառնվածքով, աշխարհայացքով, կյանքի մասին ձեր դատողություններով, պարզապես զարմանալ կարելի էր, թե այդքան տարիներ ինչպես եք հաշտ համերաշխ ապրել: Բայց հիմա, տարիներ հետո ես մտածում եմ, որ դուք պարզապես լրացրել եք իրար, որ այդ ամենի ետևում հզոր ու անկրկնելի սեր է կանգնած եղել:

 

Պապս խստաբարո էր երևում, բայց հոգու խորքում բարի էր, արդարամիտ: Սերը գրքերի հանդեպ մոլուցքի էր նման: Կարդալը օդի պես անհրաժեշտ էր նրա համար: Երբեմն ցանկանալով լիցքաթափվել իր շուրջն էր հավաքում բոլորիս: Ժամերով ապշահար լսում էինք նրա պատմած գրքերը, մտովի տեղափոխվելով այդ վայրեր: Մենք նրա անդադրում թոռները, որ մի վայրկյան հանգիստ չէինք մնում, ասես կախարդական փայտիկի օգնությամբ քարանում ու լսում էինք բարու ու չարի, ճիշտ ու սխալի մասին նրա դատողությունները: Պարտաճանաչ էր, կարգապահ, ուշադիր շրջապատի հանդեպ: Իր չորս զավակներին նա կրթել էր նույն ոգով: Հպարտ էր պապս ու չեր սիրում կախում ունենալ որևէ մեկից, անգամ իր զավակներից: Երբ հիվանդ էր ու պիտի ստուգման գնար հորեղբայրս ցանկացել է օգնել նրան, բայց նա քաշել է ձեռքն ու նստելով բակում կանգնած մեքենան փակել աչքերն ընդմիշտ:

 

Իմ սիրելի անուշ տատիկ, դու ավելի երկար ապրեցիր մեզ հետ, բաժանելով քո սերն ու ջերմությունը բոլորիս: Որքան շռայլ բարություն էր ամփոփված քո մեջ՝ դժվար է ասել : Դու կարծես բարության մարմնացում լինեիր, պատրաստ օգնելու նրանց, ովքեր դրա կարիքն ունեին` լիներ դա օտար, թե յուրաին:Աշխարհի ցավը կարծես քո հոգու միջով էր անցնում: Վերջին ժամանակներում առողջությունդ լավ չէր, մեջքդ կռացել էր, սակայն աշխատանքին սովոր ձեռքերդ պարապ չէին մնում: Մի անգամ, երբ այցի եկա քեզ ու տեսա, թե այգում ինչպես ես աշխատում, չհամբերեցի ու կանչեցի.

 

Դե՛ տատ ջան ախր բավական է:

 

Դու ժպիտով ներքևից նայեցիր ինձ, ու քո հայացքն ինձ ասում էր, որ սա է իմ կյանքը ու առանց սրա ես չեմ լինի: Տատս Աստծուց միայն մի բան էր խնդրում, որ մեզ համար բեռ չդառնա: Իմ սիրելի տատիկ քո շռայլ սրտի համար էլ Աստված կատարեց քո ցանկությունը: Դու էլ պապիկի նման անկողին չընկար, որ խնամեինք քեզ ու գուցե դրանով կմեղմանար քո կորստյան ցավը:

  

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին