Վարվառա Հայրապետյան. Խոնարհ Մեծ Պապս - Mediamax.am

1803 դիտում

Վարվառա Հայրապետյան. Խոնարհ Մեծ Պապս


Լուսանկարը`


Միջին մեծության մի սենյակ, երկու բազկաթոռ, մեկ սեղան, երկու բազմոց և յուղաներկով մի նկար… Նկարում մի մարդ, զինվորական համազգեստով, խոհուն, խոնարհ հայացքով, թեթև, բարի ժպիտով ու խաղաղությամբ…

 

…Ես տեսել իմ երկու պապիկներին էլ, բաց հիմա հիշողությանս գզրոցները փորփրելիս չեմ հիշում նրանց դեմքերը: Ես հիշում եմ միայն հորական պապիս ձեռքերի ջերմությունը: Փոքր էի, ապրում էի տատիս, պապիս, հորաքրոջս հետ: Հիմա, հետ նայելիս ուզում եմ անպայման հիշել, թե ինչ տեսք ուներ Զարմիկ պապիկս, բայց չեմ կարողանում: Պապս փոքրիկ հողամաս ուներ, աճեցնում էր ելակ, փոքրիկ ցորենի արտ ուներ և անսահման համբերություն: Շատ վաղուց՝ ամառը, մի քանի ամիս ապրեցի նրանց հետ, նրանց կողքին, նրանց մեջ: Զարմիկ Պապս, երբ վերադառնում էր այգուց, ինձ համար բերում էր առաջին քաղած ելակից կամ էլ ցորենի ամենալավ հասկերից մի քանի հատիկ՝ որպես նուբար թոռնիկին: 8-9 տարեկան երեխայի համար շոկոլադն աշխարհի ամենաքաղցր բանն է, ինձ համար աշխարհի ամենաանուշ ուտելիքը ճկույթիս մեծություն ունեցող ելակն էր՝ քաղցր, անուշ, հրաշալի բույր ունեցող: Պապիս ջերմ ձեռքերում շատ սեր կար, որդուն պատերազմում կորցրած հոր սերը, որ ուզում էր թոռնիկին տալ: Միջին մեծության սենյակում կանգնած նայում էի նկարին՝ հորս նկարին, ներս մտավ, նայեց ինձ, նայեց որդուն, որ ժպտում էր, բայց միայն նկարից, հետո բռնեց ձեռքս. «Ելակի նոր բերք ունենք»,-ասաց ու տարավ խոհանոց՝ փորձելու…

 

Անցան տարիներ և Պապս գնաց որդու մոտ, որդու հետ ինձ վերևից հսկելու, որ ապրեմ այն հողի վրա, որին մեկն իր կյանքն էր տվել, մյուսն՝ իր ձեռքերի ջերմությունը: Իրադարձությունների բերումով ես հրաժեշտ չտվեցի Պապիս, մի վերջին անգամ չսեղմեցի հորս հիշեցնող Պապուս ձեռքերը: Եվ հիմա, երբ ժամանակը խավարի իր հետքն է թողնում Պապիս տեսքի վրա, նորից ուզում եմ հիշել և ապրեցնել նրան իմ մեջ: Հիմա հասկանում եմ՝ ինքն իմ մեջ իր կորցրած որդուն էր փնտրում, ես էլ՝ հորս կերպարը: Բայց ժամանակը թույլ չտվեց, որ մեկն ու մեկս գտնենք իրար:

 

Երբ գալիս է ելակի շրջանը ու երբ գնում եմ տան համար գնումներ անելու, ելակն ինձ նորից հիշեցնում է քեզ՝ Պապիկ ջան…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին