1489 դիտում

Անի Սաֆարյան. Ամենաթանկ Ծաղիկը



Նորից սև գիշեր ու մութ մառախուղ, կողքիս` թանաք չորացած, գրքեր փոշոտված: Օրվա խառնաշփոթից հագեցած փակում եմ աչքերս, ու սենյակս լցվում է երազիս բույրով:

Առավոտ կանուխ է. զգում եմ ջերմությունդ ձեռքերիս վրա, իսկ այտերս գրկում են համբույրներդ տաք: Տատս` լույս տատս է, շոյում է վարսերս, լսում եմ շշուկը ու մանկան պես խենթ ժպտում եմ (էսօր էլ արևն ինձ գրկեց):

Հանկարծ մի ձայն երազիս խորքից ինձ վեր է հանում: Բացում եմ աչքերս, ու ողջը ցնդում է: Աչքերս երբեք տատիս չտեսան, միայն մտքերս երբեմն վայելեցին տատիս պատկերը:

Տատիս անունը Ծաղիկ էր: Ասում են`ծաղիկների մեջ ամենից թանկն էր, ամենից անուշահոտը:

Չեմ սիրում ծաղիկներ. ամեն ծաղկի մեջ տատիս եմ փնտրում ու հասկանում եմ` հեռու է այնքան, որքան երկինքը հարազատ երկրից:

Երբեմն մտածում եմ` թե լիներ տատս, չէի լինի ես: Ասում են` հայրս մեծ դժվարությամբ է համակերպվել տատիս կորստին, միշտ ցանկացել է մի աղջիկ ունենա, ով կլրացնի տատիս թողած բացակաները, ու տատս իր բացակայությամբ ծնեց իմ ներկայությունը: Ասում են` նման եմ տատիկիս, ու ամեն վայրկյան զգում եմ հորս աչքերի փնտրող հայացքը, երբ նայում է ինձ:

Ինձ համար տատիս բացակաները միշտ դատարկ մնացին, չէ որ մի ողջ կյանք նախանձով լցված յուրաքանչյուրի տատի մեջ ես իմ տատին փնտրեցի:

Եթե կողքիս լինեիր, չէ', ատում եմ «եթեները», երանի` կողքիս լինեիր, ամուր գրկեի, զգայի շունչդ, շնչեի քո շնչով: Միայն թե լինեիր. քո կարիքն ունեմ, ես կարիքավորն եմ քո հիվանդ սիրո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am