Հայաստան՝ բաց սրտերի երկիրը - Mediamax.am

exclusive
8450 դիտում

Հայաստան՝ բաց սրտերի երկիրը


Բենիամինը՝ ընկերների հետ
Բենիամինը՝ ընկերների հետ

Լուսանկարը` UWC Dilijan քոլեջ

Բենիամինը
Բենիամինը

Լուսանկարը` UWC Dilijan քոլեջ


Մեդիամաքսը եւ UWC Դիլիջան քոլեջը «Դիլիջանում՝ ինչպես տանը» համատեղ նախագծում ներկայացնում են տարբեր երկրներից ժամանած ուսանողների պատմությունները՝ Դիլիջանի եւ Հայաստանի մասին:

 

Բենիամին, Իրան, UWC Դիլիջան՛16

 

Բենիամինը UWC  Դիլիջանի առաջին սերնդի 94 շրջանավարտներից մեկն է։ Այժմ նա շարունակում է կրթությունը Բենինգտոնի համալսարանում (Վերմոնտ, ԱՄՆ) եւ ուսումնասիրում է տնտեսագիտություն ու մաթեմատիկա։ Բենիամինի խոսքերով, UWC Դիլիջանում իր երկամյա կրթության ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն այն է, որ այստեղ նա դարձել է ավելի ինքնավստահ ու հիմա կարող է լինել այնպիսին, ինչպիսին որ կա։

 

Հայաստան ճանապարհորդությունս առաջին անգամն էր, երբ միայնակ լքեցի տունս՝ օտար երկիր մեկնելու նպատակով: Շատ վախեցած էի հայրենիքից եւ ընտանիքիցս հեռու լինելու փաստից եւ մի երկրում ապրելուց, որտեղ ոչ ոքի հետ չեմ կարող շփվել։

 

Հայաստանի մասին շատ բան չգիտեի՝ միայն այն, որ հայկական եւ իրանական պատմության եւ մշակույթի մեջ կան որոշակի նմանություններ։ Շուրջ 120 000 հայ տեղափոխվել են Իրան 20-րդ դարում, եւ ստեղծել հայ համայնքը։ Այցելել էի հայկական եկեղեցիներ Թեհրանում եւ Թավրիզում եւ պատմություններ լսել այն մասին, թե ինչպիսին էր իրենց նախնիների Հայաստանը եւ ինչպիսին է այն ներկայում։ 

 

Հայաստան ժամանեցի օգոստոսի 14-ին եւ առաջին օրն անցկացրի Երեւանում զբոսնելով։ Առաջին տպավորությունս Հայաստանից այդքան էլ դրական չէր. Թեհրանում մեծացած լինելով՝ ունեի որոշակի սպասելիքներ, թե ինչպիսի տեսք պետք է ունենա մայրաքաղաքը։ Համեմատում էի քաղաքները՝ նայելով շենքերին, մեքենաներին, սրճարաններին եւ մարդկանց հագուստի ոճին։ Հիմա, երբ հետ եմ նայում, կարծում եմ, որ փոքր-ինչ «երես առած էի», քանի որ գերադասում էի քաղաքի արտաքին տեսքը մարդկանց եւ ներքին անցուդարձին՝ մոռանալով, որ նրանք են որոշում քաղաքի «որակը»։

 

Առաջին գիշերս անցկացրեցի Հանրապետության հրապարակի երգող շատրվանների դասական երաժշտությունը լսելով, որը գերազանց տրամադրություն էր ստեղծում փողոցում։ Գիտեի, որ երաժշտությունը շատ մեծ դեր ունի հայերի կյանքում, սակայն չէի ակնկալում տեսնել նման գեղեցիկ ներկայացում եւ նկատել նման հետաքրքրություն երաժշտության նկատմամբ։ Հայաստանում անցկացրած երկու տարվա ընթացքում այցելել եմ կյանքիս լավագույն դասական երաժշտության համերգները, եւ ամեն անգամ հիացած եւ տպավորված եմ եղել։ 

 

Բենիամինը Բենիամինը

Լուսանկարը` UWC Dilijan քոլեջ

 

Հայաստանն ունի հարուստ մշակույթ։ Եղել են ժամանակներ, երբ այն կտրուկ փոփոխությունների ենթարկվել պատմական իրադարձությունների հետեւանքով, որոնք ավելի են հարստացրել մշակույթը եւ հայկական ավանդույթները։ Կարողացա ծանոթանալ հետխորհրդային եւ ռուսական մշակույթների հետ։ Ինձ համար ցնցող էր տեսնել, որ գրեթե բոլորը Հայաստանում երկու լեզու գիտեն (հայերեն եւ ռուսերեն)՝ անկախ կրթության մակարդակից կամ սոցիալական խավից։

 

Իսկապես զգում էի ցավը մարդկանց սրտերում, երբ նրանք խոսում էին հայոց պատմության դառը էջերից: 

 

Ես միշտ կհիշեմ Հայաստանը եւ հայերին որպես բարեկամ եւ հյուրասեր ազգ։ Մի երկիր, որտեղ մարդիկ կարող են բաց խոսել քեզ հետ՝ միշտ առաջարկելով ուտելիք։ Այն, ինչ պատկանում է նրանց, պատկանում է քեզ։  Նրանք կիսում են իրենց անձնական պատմությունները եւ դու քեզ տանն ես զգում։ Շատ հաճելի էր տեսնել այն հարգանքը, որը հայերն ունեն ծերերի նկատմամբ, եւ այն, որ մարդիկ օգնում են միմյանց, երբ աջակցության կարիք կա։

 

Հայաստանը զարգացման մեծ ներուժ ունի։ Մի քանի հայ նորարարների հանդիպելուց եւ նրանց նախագծերը դիտարկելուց հետո ես համոզված եմ, որ շատ շուտով կլինեն կտրուկ փոփոխություններ, որոնք  կջնջեն  Խորհրդային միության փլուզումից հետո մնացած վնասները։ Շատ հաճելի  կլինի վերադառնալ Հայաստան եւ լինել նրա զարգացման մի մասը կամ պարզապես տեսնել երկրի առաջընթացը։

 

Թարգմանությունը՝ Էդիտա Դանիելյան եւ Անի Գեւորգյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին