Շինարարություն Օպերայի ու Կասկադի միջեւ՝ պատասխանները առաջիկա 10 օրվա ընթացքում - Mediamax.am

3080 դիտում

Շինարարություն Օպերայի ու Կասկադի միջեւ՝ պատասխանները առաջիկա 10 օրվա ընթացքում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Արթուր Իսպիրյանի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Արթուր Իսպիրյանի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Արդեն մի քանի օր է, ինչ Մոսկովյան փողոցի վրա գտնվող «Սանտա Ֆե» սրճարանի տարածքում շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնք առաջացրել են մի շարք ակտիվ երեւանցիների դժգոհությունը:

 

Նրանց թվում են նաեւ երգիչ Արթուր Իսպիրյանն ու ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Իսպիրյանն առաջիններից մեկն էր, որն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տարածեց սրճարանում կատարվող շինարարական աշխատանքների լուսանկարներն ու բարձրաձայնեց խնդրի մասին:

 

Իսկ Սաշուր Քալաշյանը նոյեմբերի 16-ին մի քանի քաղաքացիների հետ դիմեց ոստիկանություն՝ բողոքելով իրականացվող շինարարության դեմ:

 

Մեդիամաքս-ը փորձել է պարզել, թե, ի վերջո, ի՞նչ աշխատանքներ են իրականացվում սրճարանում ու որքանով դրանք կազդեն քաղաքի արտաքին տեսքի վրա:

 

Լուսանկարը՝ Մեդիամաքս
/>

Մեզ հետ զրույցում Սաշուր Քալաշյանն ասաց, որ «թեժ գծով» քաղաքապետարան է զանգահարել ու ահազանգել խնդրի մասին: Նա պահանջում է դադարեցնել սրճարանում կատարվող շինարարությունը, քանի որ այն իրականացնողները չունեն Երեւանի քաղաքապետարանի թույլտվությունը:

 

«Սրճարանի շրջակայքում պաստառ են փակցրել ու երկաթբետոնե աշխատանքներ են կատարում: Ոչ մի ինֆորմացիա չկա, թե ինչ նպատակով է արվում»,- նշեց ճարտարապետը:

 

Իսկ շինարարության աշխատանքը վերահսկողը, որը չցանկացավ ներկայանալ, հակառակն է պնդում ու հավաստիացնում, որ իրենք դեռ աշխատանքները սկսելուց 10 օր առաջ են ձեռք բերել քաղաքապետարանի թույլտվությունն ու ամեն ինչ օրինական են անում:

 

«Գիտենք, որ բողոքել են մեր դեմ, ոստիկանությունն էլ է եղել այստեղ: Մենք թույլտվություն ունեցել ենք, սակայն այն ուրիշ տեղ է մնացել, այդ պատճառով էլ ավելի վաղ չենք ներկայացրել»,- նշեց նա:

 

Մենք զրուցեցինք նաեւ Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության բաժնի պետ Արթուր Գեւորգյանի հետ, որը եւս ասաց, թե նշված վայրում կատարվում են միայն բարեկարգման աշխատանքներ:

 

«Իրենք քաղաքապետարան ներկայացրել են պահանջվող փաստաթղթերը, որտեղ նշված է, որ այդ տեղանքը նստվածք է տալիս ու այժմ հիմքն է ամրացվում: Միայն բարեկարգման աշխատանքներ են տարվում, ինչը ծավալների փոփոխություն չի ենթադրում»,- նշեց Արթուր Գեւորգյանը:

 

Լուսանկարը՝ Մեդիամաքս
/>

Շինաշխատանքները վերահսկողի վկայությամբ, քանի որ սրճարանի գրունտային ծածկն իջնում է, այդ պատճառով էլ անհրաժեշտություն է առաջացնել սալիկները փոխել. «Հիմա բետոն ենք անում, հողը լցնելու ենք ու սալիկները փոխենք:  Մոտ 10 օրից ամեն ինչ կվերջացնենք, ու բոլորն էլ կհամոզվեն, որ ուրիշ ոչ մի փոփոխություն չի լինելու: Պարզապես անտեղի աղմուկ է բարձրացվել, ասում են, թե իբր 9-հարկանի շենք է կառուցվելու, Կասկադից Օպերան չի երեւալու. նման բան չկա»:

 

Սակայն Սաշուր Քալաշյանը համոզված է, որ տարածքում բարեկարգման աշախատանքներ չեն իրականացվում, քանի որ ինքն անձամբ է տեսել տեղադրված երկաթբետոնե սյուները, որոնք նոր կառույցի շինարարության մասին են վկայում:

 

«Եթե միայն բարեկարգում իրականացվեր, նման պաստառներ չէին ամրացվի: Շատ հավանական է, որ գետնի տակ են աշխատանքներ իրականացնելու, իսկ դա հետագա ծրագրերի խոչընդոտ կհանդիսանա: Հնարավոր է, որ այդ տարածքում ապագայում լինի ստորգետնյա հետիոտն անցում, այդ դեպքում աշխատանքներն ավարտելուց հետո արտաքինից ոչինչ էլ չի երեւա, դա է խնդիրը»,- ասաց Քալաշյանը:

 

Ճարտարապետի վկայությամբ, անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքների նախագիծն ու ամեն ինչ անել օրինական եղանակով:

 

Գոհար Նալբանդյան

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին