Մանրամասներ Երեւանի «33-րդ թաղամասի» կառուցապատման ծրագրի մասին - Mediamax.am

exclusive
10507 դիտում

Մանրամասներ Երեւանի «33-րդ թաղամասի» կառուցապատման ծրագրի մասին



ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը hունիսի 12-ին ներկայացրել էր Երեւանի քաղաքաշինական ծրագրերից մեկի՝ Ֆիրդուսի շուկայի տարածքի կամ 33-րդ թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը: Մեդիամաքսը ներդրումային ծրագրի եւ կառուցվելիք թաղամասի վերաբերյալ որոշ մանրամասներ է պարզել ՀՀ քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանից:

 

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ ծրագրի պաշտոնական ներկայացմանը հաջորդել է ներդրողների ինտենսիվ հետաքրքրությունը:

 

«ՀՀ քաղաքաշինության նախարարը երեք տասնյակից ավելի հանդիպումներ է ունեցել տեղացի եւ արտերկրյա, հատկապես՝ ՌԴ-ից եւ Մերձավոր Արեւելքից ներդրողների հետ: Կան հստակ ներդրողներ, որոնց հետ այս պահին բանակցային եւ պայմանագրային գործընթացներ են իրականացվում»,- նշել է Անահիտ Եսայանը:

 

Թաղամասի կառուցապատման ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3-4 տարում: Նախագծի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի մոտ $ 300 մլն:

 

Նա նշել է, որ 33-րդ թաղամաս անվանումը պայմանական է. 1972թ. գլխավոր հատակագծով Երեւանն այս կերպ բաժանվել է տարբեր թաղամասերի: Ինչ վերաբերում է թամանյանական Հարավային պողոտային (համաձայն 1924թ. Երեւանի գլխավոր հատակագծի), ապա, ըստ էության, այն այժմյան Տիգրան Մեծ պողոտան է, որին ուղղակիորեն հարում է 33-րդ թաղամասը:

 

«Նոր թաղամասի ստեղծմամբ Երեւանի այդ կարեւոր հատվածը քաղաքակիրթ, մայրաքաղաքին հարիր տեսք կստանա: Ֆիրդուսի թաղամասի ներդրումային ծրագրի գրավչությունն ու առավելությունը նախեւառաջ Հանրապետության հրապարակին հարակից լինելն է»,- ասել է Անահիտ Եսայանը:

 

Ավելի քան 5 հա տարածքում ներկայացված նախագծով նախատեսվում է 85 մ տրամագծով կլոր հրապարակ, նոր փողոցներ, հասարակական եւ սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ, հյուրանոցներ կառուցել:

 

«Կլոր հրապարակը նորույթ է՝ իր մեջ բացվող ճառագայթաձեւ փողոցներով: Այսպիսով` կձեւավորվի քաղաքային գեղեցիկ միջավայր, միաժամանակ՝ կլուծվի Հանրապետության հրապարակին կից անբարեկարգ հատվածների բարեկարգման հարցը: Ընդ որում, այստեղ հանրային տարածքները լինելու են իրացման տարածքի կեսից ավելին»,- հավելել են քաղաքաշինության նախարարությունում:

 

Անդրադառնալով տարածքում առկա հուշարձան շենքերին՝ Անահիտ Եսայանը նշել է, որ իրացման գոտին շրջանցում է դրանք՝ շենքերը թողնելով իրենց տեղում: 

 

Ինչ վերաբերում է բնակելի շենքերին, ապա, Անահիտ Եսայանի փոխանցմամբ, դրանք կթույլատրվի կառուցել այն լոտերի սեփականատերերին, որոնք կունենան սպասարկման համար անհրաժեշտ բակային տարածքներ:

 

Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է կառուցապատել շուրջ 200 հազ. քմ մակերեսով շենքեր եւ շինություններ:

 

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին