exclusive
39054 դիտում

Երեւանի 60 շենքեր արդեն ունեն գովազդային անձնագրեր


Լուսանկարը` http://yerevangovazd.am

Լուսանկարը` http://yerevangovazd.am

Լուսանկարը` http://yerevangovazd.am

Լուսանկարը` http://yerevangovazd.am


Աբովյան, Զաքյան, Տիգրան Մեծ, Ամիրյան, Թումանյան եւ Կենտրոն վարչական շրջանի մի քանի այլ փողոցների՝ պատմամշակութային արժեք ներկայացնող 60 շենքեր գովազդային «գրոհից» կպաշտպանվեն հատուկ անձնագրերով: Երեւանի քաղաքապետարանը մշակել է արտաքին գովազդի կանոնակարգման նոր ձեւաչափ:

Այս 60 շենքերի համար (ցանկը տրամադրել է մշակույթի նախարարությունը) քաղաքապետարանում արդեն կազմվել են գովազդային անձնագրեր, որոնցում հստակ նշված են գովազդի համար նախատեսված տեղերը, չափերը, տեսակները: Անձնագրերը տեղադրված են նախագծի համար ստեղծված կայքում:

Լուսանկարը` http://yerevangovazd.am


«Նշված են գովազդի տեղերը, գովազդի տեսակները՝ տարբերակներով: Նկուղային հատվածների համար լուսակիր վահանակներ ենք առաջարկում: 3D տարբերակով ներկայացրել են շենքի այն տեսքը, որն ակնկալում ենք ստանալ գովազդների տեղադրումից հետո՝ գովազդները կանոնակարգված մի հարթության վրա, հիմնականում՝ ոչ շենքի, այլ՝ պատուհանների վերին հատվածներում եւ կախովի վահանակների տարբերակով:

Ամենամեծ խնդիրը շքամուտքերն ու դալաններն են: Նույն շենքում գործունեություն ծավալող մի քանի կազմակերպություններ իրենց գովազդներն են տեղադրում շքամուտքի հատվածում եւ փչացնում շենքի տեսքը: Միասնական վահանակի տեսակ ենք մշակել, եւ բոլորին հնարավորություն ենք տալու իրենց գովազդները հավասարաչափ տեղադրել շքամուտքի հատվածում»,- Մեդիամաքսին ասել է Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

Տնտեսվարողներին ժամանակ է տրվել մինչեւ սեպտեմբերի 11-ը արտաքին գովազդը համապատասխանեցնել անձնագրի պահանջներին, այլապես դրանք կապամոնտաժվեն: 

Լուսանկարը` http://yerevangovazd.am


«Տնտեսվարողները կարող են կայքում գտնել իրենց շենքը, տեսնել, թե գովազդն ինչպես պետք է տեղադրված լինի, եւ փոխեն այն՝ համապատասխան այդ ստանդարտների: Իսկ նոր տնտեսվարողները գովազդ տեղադրելուց առաջ խաղի կանոնները հստակ կիմանան, մինչեւ տարածք վարձակալելը կտեսնեն՝ ինչպիսի գովազդ կարող են տեղադրել, եւ դրան համապատասխան կուղարկեն մեզ էսքիզային տարբերակները՝ հաստատելու համար»,- նշել է արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը:

Մինչ գովազդային անձնագրերը վերջնական տեսքի բերելը, պատասխանատուները նախագծերը քննարկել են նշված շենքերում գործունեություն ծավալող մոտ 350 տնտեսվարողների հետ, լսել նրանց առաջարկները: Արազ Բաղդասարյանն ասում է, որ արձագանքը հիմնականում դրական է, թեեւ ապամոնտաժելու եւ նոր գովազդ տեղադրելու համար ֆինանսական ծախսեր են պահանջվում:

Սեպտեմբերի 11-ից հետո կթույլատրվի տեղադրել միայն տվյալ շենքի անձնագրին համապատասխանող գովազդ: Բանակցություններ են ընթանում այն տնտեսվարողների հետ, որոնք մինչեւ այս տարվա վերջ արդեն ստացել են գովազդի  թույլտվություն: Հնարավոր է, որ առանձին դեպքերում քաղաքապետարանը ձեռք չտա չհամապատասխանող գովազդները եւ սպասի մինչ դրանց թույլտվության ժամկետն ավարտվի:

Լուսանկարը` http://yerevangovazd.am


Քաղաքի ճարտարապետական տեսքի պահպանումից բացի նախագիծը նպատակ ունի հեշտացնել գովազդի տեղակայման ընթացակարգը, սպառողին մատուցել որակյալ գովազդ:

Ծրագիրը շարունակվում է: Առաջնահերթ կկազմվեն կարեւոր, կենտրոնական շենքերի գովազդային անձնագրերը: Առաջիկա տարիներին այդպիսի փաստաթուղթ կունենան մայրաքաղաքի բոլոր շենքներն ու շինությունները, Մեդիամաքսին ասել է
Արազ Բաղդասարյանը:

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am