Ա. Մանուկյանի արձանի տեղադրումը չի համաձայնեցվել նախարարության հետ - Mediamax.am

10947 դիտում

Ա. Մանուկյանի արձանի տեղադրումը չի համաձայնեցվել նախարարության հետ


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ մշակույթի նախարարությունն այսօր հայտարարությամբ է հանդես եկել «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքային համալիրի մոտ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման կապակցությամբ:

«ՀՀ մշակույթի նախարարությունը համարում է, որ Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը Երեւանի կերպարը յուրահատուկ դարձնող ամենասիրված կառույցներից մեկն է եւ կիսում է հասարակության ու մասնագետների մտահոգությունը՝ կայարանի պատմագեղարվեստական կերպարը փոխելու հարցում: 

 

Նախարարությունը գտնում է, որ Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը կարող է հանդիսանալ խորհրդահայ ճարտարապետության 20-րդ դարի մոդեռնիզմի նվաճում հանդիսացող կառույցներից մեկը, որի համար սկսվել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու գործընթաց:

 

Միաժամանակ, կարեւոր համարելով Արամ Մանուկյանի դերն ու գործունեությունը հայոց պատմության մեջ եւ նրա արձանի կառուցման խնդիրը Երեւան քաղաքում՝ այնուհանդերձ անընդունելի ենք համարում առանց մշակույթի նախարարության հետ քննարկման եւ համաձայնեցման արձանի տեղադրման թույլատրումը:

 

Համաձայն «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի՝ հուշարձանների պահպանական գոտիների տարածքներում շինարարական աշխատանքների իրականացումը կատարվում է ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ՝ հաշվի առնելով նաեւ Երեւան քաղաքի պատմամշակութային հիմնավորման՝  հուշարձանների պահպանական գոտիների նախագծի դրույթները»,- ասված է հայտարարությունում:

 

 

Ավելի վաղ Քաղաքաշինության պետական կոմիտեն հայտարարել էր, որ արձանի տեղադրման աշխատանքները կատարվում են քաղաքաշինական նորմերի խախտումներով: 

 

Կոմիտեն առաջարկել էր դադարեցնել արձանի տեղադրմանը աշխատանքները եւ շահագրգիռ գերատեսչությունների հետ կազմակերպել համատեղ քննարկումներ: 

 

Չնայած այս կոչին՝ աշխատանքները շարունակվել են, եւ հունիսի 28-ին տեղադրվել է արձանի վերջին հատվածը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին