Այսպիսի՞ն է լինելու Աբովյան-Արամի խաչմերուկում կառուցվելիք հյուրանոցը - Mediamax.am

exclusive
11599 դիտում

Այսպիսի՞ն է լինելու Աբովյան-Արամի խաչմերուկում կառուցվելիք հյուրանոցը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ի տրամադրության տակ է հայտնվել Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկում կառուցվելիք հյուրանոցի էսքիզը:

Մեր ունեցած տեղեկություններով, այն մոտ ապագայում քննարկվելու է  Երեւանի քաղաքաշինական խորհրդի նիստում եւ, ամենայն հավանականությամբ, կհաստատվի:

 

Նախագծի հեղինակն է ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը:

 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ նախորդ տարի հասարակական բողոքի մեծ ալիք բարձրացավ, երբ հայտնի դարձավ, որ տարածքի կառուցապատողը մտադիր է քանդել Արամի 30 հասցեով տեղակայված շենքը:

 

2011թ. նոյեմբերին «Արամի խաչմերուկ» շարժումը հանդիպել էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանի, Երեւանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչիկ Պողոսյանը, նախագծող ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանի հետ:

 

Քննարկման արդյունքում Աշոտ Ալեքսանյանը պատրաստակամություն էր հայտնել ներկայացնել այլընտրանքային նախագիծ, որի արդյունքում հնարավոր կլինի պահպանել Արամի 30 շենքը: Նախագիծը այնուհետեւ պետք է քննարկվեր Երեւանի քաղաքաշինական խորհրդում:

 

Ավելի վաղ, 2011թ. հուլիսին, Երեւանի քաղաքաշինական խորհուրդը միաձայն մերժել էր ճարտարապետ Ալբերտ Կարոյանի կողմից ներկայացված Արամի 36 հասցեում նախատեսվող 20 հարկանի  հյուրանոցի նախագիծը`առաջարկելով սահմանափակել հյուրանոցի հարկայնությունը:   

 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ հուլիսի 25-ին Երեւանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի նիստում քննարկվել էր Հանրապետության հրապարակի եւ հարակից տարածքների կառուցապատման կարգավորման նպատակով փորձագիտական աշխատանքային խումբ ձեւավորելու վերաբերյալ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի առաջարկը:

 

Հիշեցնենք նաեւ, որ ս.թ մայիսին Երեւանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման վերաբերյալ օրինագծի մշակման նպատակով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որի ղեկավար էր նշանակվել ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը:

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ Երեւանի կենտրոնի շուրջ ստեղծված խնդրին լուծում տալու համար անհրաժեշտ է մշակել  օրենքի նախագիծ: «Այդ պարագայում ցանկացած խնդիր, որը վերաբերում է Երեւանին եւ, մասնավորապես, «Փոքր կենտրոնի» ճարտարապետական տեսքին, հասկանալի կլինի բոլորի համար, որոշումները կլինեն թափանցիկ»,- ասել էր կառավարության ղեկավարը:

 

«Հասարակությունը սպասում է այս օրենքի նախագծին եւ մենք պարտավոր ենք այնպիսի նախագիծ ներկայացնել, որպեսզի արդարացնենք քաղաքացիների սպասելիքները»,- նշել էր Տիգրան Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին