Երեւանում տեղադրվել է Նուռի հեղինակած «Ընթերցողը» արձանը - Mediamax.am

12484 դիտում

Երեւանում տեղադրվել է Նուռի հեղինակած «Ընթերցողը» արձանը


Երեւանում տեղադրվել է Նուռի հեղինակած «Ընթերցող» արձանը
Երեւանում տեղադրվել է Նուռի հեղինակած «Ընթերցող» արձանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեւանում տեղադրվել է Նուռի հեղինակած «Ընթերցող» արձանը
Երեւանում տեղադրվել է Նուռի հեղինակած «Ընթերցող» արձանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նուռի դուստրերը
Նուռի դուստրերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նուռը դստեր հետ
Նուռը դստեր հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեւանում տեղադրվել է Նուռի հեղինակած «Ընթերցող» արձանը
Երեւանում տեղադրվել է Նուռի հեղինակած «Ընթերցող» արձանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիրիացի հանրահայտ գրող Ադոնիսը
Սիրիացի հանրահայտ գրող Ադոնիսը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դիմաց տեղի է ունեցել քանդակագործ Նուռի հեղինակած «Ընթերցողը» արձանի բացումը:

Բացման արարողությանը ներկա են եղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, սիրիացի հանրահայտ գրող Ադոնիսը եւ այլք:

 

«Շնորհակալություն եմ հայտնում Երեւանի քաղաքապետարանին, որը սրտաբաց ընդունեց այս առաջարկը, եւ բոլոր այն մարդկանց, որոնք օգնեցին ու աջակցեցին ինձ այս ողջ ընթացքում»,- ասել է դիզայներ, ոսկերիչ եւ քանդակագործ Արման Դավթյանը` Նուռը:

 

«Ընթերցողը» քանդակի բացմամբ ամփոփվել է «Երեւանը՝  2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագիրը:

 

Բրոնզաձույլ գրքերի եւ լուսամփոփի համադրությամբ «Ընթերցողի» արձանն ունի 2,1 մետր բարձրություն: Քանդակի բազկաթոռանման կառուցվածքը հնարավորություն է տալիս նստել վրան եւ լուսանկարվել: Գիշերներն այն կլուսավորի լուսամփոփի լույսը:

 

2012թ. սեպտեմբերին Նուռը Bravo.am-ին տված հարցազրույցում պատմել էր արձանի մասին: Ներկայացնում ենք հատվածներ այդ զրույցից.

 

Որոշեց ընթերցողի չքանդակել

 

Արձան կանգնեցնում են մեծ գործ արած մարդու հիշատակին, հազվադեպ էլ` նրա կյանքի օրոք: Քանի որ վստահ եմ` ընթերցողներ դեռ կան եւ այդքան հազվագյուտ չեն, որոշեցի ընթերցողի չքանդակել, եւ այն մարդը, որը կնստի գրքերի վրա, կդառնա ընթերցողը:

 

Լուսամփոփի լույս եւ խորհրդանշական գրություն

 

Կոմպոզիցիայի համար օգտագործված տարբեր դարաշրջանների ու ձեւավորումներով գրքերի վրա հեղինակներ չեն նշվելու, քանի որ հանճարների ընտրությունս սուբյեկտիվ կլիներ. թող ամեն մարդ տեսնի այն հեղինակին, որին նախընտրում է: Գիշերները քանդակը կլուսավորի լուսամփոփի լույսը: Բացված գրքի վրա էլ աշխարհի բոլոր լեզուներով գրություն կլինի:

 

Հոգեբանական, դաստիարակչական խաղ

 

Կարծում եմ` լուսանկարվելու համար քանդակի վրա առաջին հերթին կնստեն նրանք, որոնք ընթերցող չեն, որովհետեւ մարդը սիրում է ընդունել այն կերպարը, որն ինքն իրականում չունի: Անգամ սոցիալական ցանցերում սեփական լուսանկարի փոխարեն, օրինակ, աղջիկները դնում են Անջելինա Ջոլիի նկարը, հետո ձգտում նմանվել այս դերասանուհուն` հարդարվելով նրա նման եւ այլն: Իմ քանդակի դեպքում էլ հոգեբանական, դաստիարակչական փոքրիկ խաղ կա. ընթերցանության հետ սեր չունեցող մարդը, նկարվելով արձանի վրա, պարտքով վերցնում է ընթերցողի կերպարը, հետո փորձելու է այդ պարտքը վերադարձնել. մեկ օր անպայման սկսելու է կարդալ: Գրքի եւ ընթերցանության նկատմամբ սեր արթնացնելը մեծ հաջողություն եւ հաղթանակ կլինի:

 

«Շփում» արձանի հետ

 

Ժամանակն է, որ մոնումենտալ արձանների կողքին մեր քաղաքում հայտնվեն ինտերակտիվ, քաղաքային արձաններ, որոնք իրենց պարզությամբ կազդեն ժամանակակից մարդու մտածողության վրա` հաղորդելով օգտակար եւ ուսուցանող ինֆորմացիա: Ամբողջ աշխարհում այսպիսի քանդակները մեծ սեր են վայելում, որոնց հետ մարիկ կարողանում են շփվել, կոնտակտի մեջ մտնել:

 

Ցանկալի մաշվածություն

 

Ժամանակի ընթացքում, իհարկե, Ընթերցողի հուշարձանը մաշվածություն ձեռք կբերի, որն ավելի կարժեւորի այն` ցույց տալով` ինչքան ընթերցող կա այս քաղաքում: Օրինակ, Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում գտնվող Պետրոս առաքյալի բրոնզե արձանի մերկ ոտքը հավատացյալների ձեռքի հպումից մաշվել է: Միշտ ցանկանում էի պատկերացնել` ինչքան ժամանակ եւ քանի շոշափում է պետք, որպեսզի նման հաստություն ունեցող բրոնզը դառնա թուղթ: Հենց դա էլ ինձ համար ներշնչանքի մեծ աղբյուր դարձավ:

 

Գրքասերների «ակումբ»

 

Քանդակն ունենալու է գրքեր տեղադրելու համար նախատեսված պահոցներ, որտեղ քաղաքացիները կարող են դնել իրենց կարդացած գրքերը կամ վերցնել ընթերցելու համար: Ցանկանում եմ, որ այդ ձեւով գրքերի փոխանակման բարի ավանդույթ ստեղծվի:

 

Տրանսֆորմացիա

 

Իմ առաջին մեծ քանդակն է, հուսով եմ` ոչ վերջինը: Միշտ ձգտել եմ դեպի արտահայտման այս միջոցը, որովհետեւ հենց քանդակագործությունն է իմ մասնագիտությունը, ոչ թե այն, ինչով զբաղվում եմ մինչ այսօր: Համարում եմ` ճիշտ տրանսֆորմացիա է փոքր ֆորմաներից դեպի մեծերը, որովհետեւ փոքր տարիքում ես ստեղծում էի շատ մեծ արձաններ եւ ստիպված էի լինում աթոռի վրա կանգնել, որպեսզի կարողանայի քանդակել:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին