«Մատչելի միջավայրը միայն թեքահարթակները չեն»` հ/կ-ները հակադարձում են Երեւանի քաղաքապետարանին - Mediamax.am

exclusive
3169 դիտում

«Մատչելի միջավայրը միայն թեքահարթակները չեն»` հ/կ-ները հակադարձում են Երեւանի քաղաքապետարանին


«Մատչելի միջավայրը միայն թեքահարթակները չեն»` հ/կ-ները հակադարձում են Երեւանի քաղաքապետարանին
«Մատչելի միջավայրը միայն թեքահարթակները չեն»` հ/կ-ները հակադարձում են Երեւանի քաղաքապետարանին
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը

Նոյեմբերի 18-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր ծանուցումներ ուղարկել մայրաքաղաքում գործունեություն ծավալող բոլոր կառույցներին՝ իրենց տնօրինած շինությունների մուտքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժվելու համար հարմարեցնելու պահանջով: Քաղաքապետն ասել էր, որ քաղաքաշինական նոր ծրագրերը կհաստատվեն միայն այն դեպքում, երբ դրանցում պահպանված լինեն հաշմանդամների ազատ տեղաշարժի ապահովման սահմանված նորմերը:

 

«Առնվազն վերջին երկու տարվա ընթացքում բյուջեից համապատասխան միջոցներ ենք տրամադրել, մասնավորապես, թեքահարթակների կառուցման համար, ինչն, ի դեպ, աննախադեպ էր: Սակայն դա բավարար չենք համարում և, ըստ այդմ, պետք է շարունակենք կիրառել այս մոտեցումն ու փորձենք մի քանի տարվա ընթացքում մայրաքաղաքի փողոցները, մայթերը, հասարակական օբյեկտներն ու այլ վայրերը հարմարեցնել տեղաշարժման խնդիր ունեցող մեր քաղաքացիների համար: Պետք է փորձենք նաև որոշ քանակությամբ ավտոբուսներ արդեն 2014 թվականին հարմարեցնել հաշմանդամների տեղաշարժման ապահովմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Մեդիամաքս-ի հետ զրույցում, մեկնաբանելով քաղաքապետի հայտարարությունը, «Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության հարցերով պատասխանատու Զարուհի Բաթոյանն ասել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող  հասարակական կազմակերպությունները քաղաքապետարանի խոստումների կատարման հետ կապված տխուր փորձ ունեն:

 

«Ամեն ինչ կախված է նրանից, թե տարվա վերջ մենք ինչ պատկեր կունենանք: 2012 թ. վերջին քաղաքապետը խոստացել էր, որ 2013 թ.-ին քաղաքում կունենանք հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ավտոբուսներ, ինչը, սակայն, այդպես էլ չեղավ: Մինչդեռ տրանսպորտի հարցը ամենաառաջնային խնդիրն է հաշմանդամություն ունեցող անձանց համար: Տրանսպորտի եւ ազատ տեղաշարժի խնդրի լուծումը բազմաթիվ այլ հարցեր կկարգավորի: Քաղաքապետի օգնականի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ մեզ խոստացել են հարմարեցված տրանսպորտային միջոցների խնդիրը լուծել 2014 թ.-ին»,- ասել է  «Հույսի կամուրջ» հ/կ ներկայացուցիչը:

 

Զարուհի Բաթոյանը շեշտել է, որ հ/կ-ները միշտ էլ մասնակցել են քաղաքապետարանի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով հանձնաժողովի քննարկումներին եւ ներկայացրել իրենց առաջարկությունները, որոնք թեեւ ընդգրկվել են քաղաքապետարանի ամենամյա ծրագրերում, սակայն դրանց չնչին մասն է իրագործվել:

 

«2013 թ.-ի ծրագիրն էլ բացառություն չի եղել: Այս տարվա ծրագրով հաստատվել էին եւ' թեքահարթակների, եւ' ավտոբուսների ապահովումը, սակայն անգամ թեքահարթակների մասով շատ չնչին փոփոխություններ են եղել»,-  նկատել է Զարուհի Բաթոյանը:

 

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող  հասարակական կազմակերպությունները շարունակում են պահանջել քաղաքապետարանից հաստատել միայն  ՀՀ օրենսդրությամբ ամրագրված չափանիշներին համապատասխան եւ մատչելիություն ապահովող շինարարական նախագծերը, լուծել ավտոկայանատեղերի խնդիրը, հասարակական վայրերում ապահովել թեքահարթակների առկայությունը եւ այլն:

 

«Մատչելի միջավայրը միայն թեքահարթակները չեն: Բոլոր ծրագրերում` կլինի դա դպրոցի վերանորոգում, այգու կառուցում կամ բարեկարգում, պետք է նկատի ունենալ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, այլ ոչ թե ուշադրություն դարձնել այս խնդրին առանձին ծրագրերի դեպքում»,- նկատել է Զարուհի Բաթոյանը:

 

Եկատերինա Պողոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին