Ինչպես Վատիկանը օգնեց օրինականացնել Ադրբեջանի միապետությունը - Mediamax.am

1881 դիտում

Ինչպես Վատիկանը օգնեց օրինականացնել Ադրբեջանի միապետությունը


Լուսանկարը` REUTERS

Կարդինալ Կլաուդիո Գուջերոտին
Կարդինալ Կլաուդիո Գուջերոտին

Լուսանկարը` REUTERS

Ջանֆրանկո Ռավասին
Ջանֆրանկո Ռավասին

Լուսանկարը` REUTERS

Բենեդիկտոս XVI-ը եւ Ջանֆրանկո Ռավասին
Բենեդիկտոս XVI-ը եւ Ջանֆրանկո Ռավասին

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք իտալական IrpiMedia պարբերականում հրապարակված հետաքննող լրագրող Սիմոնե Զոպելարոյի How the Vatican helped legitimise the autocracy in Azerbaijan հոդվածի հայերեն թարգմանությունը`որոշ կրճատումներով:

Սիմոնե Զոպելարո

2020 թվականի փետրվարի 22, Առաքելական պալատ, Վատիկան: Իտալիայի Լոդի նահանգի Կոդոնյո հիվանդանոցում COVID-19-ի առաջին գրանցված դեպքից մեկ օր առաջ Սուրբ Աթոռը կարծես այլ բաներով է զբաղված: Պաշտոնական այց է տեղի ունենում. Ադրբեջանի միապետ Իլհամ Ալիեւին ընդունում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը եւ միջպետական հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերը:

Ադրբեջանի նախագահը, որն այդ տիտղոսը ժառանգել է հորից՝ Հեյդարից, եկել է կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի հետ, որը զբաղեցնում է նաեւ այդ կովկասյան հանրապետության փոխնախագահի պաշտոնը՝ աշխարհում եզակի դեպք:
Ալիեւան իր երկրի քաղաքականության մեջ ամենեւին լուսանցքային կերպար չէ. նա Վատիկան է եկել Սուրբ Աթոռի կողմից աշխարհականներին շնորհված բարձրագույն պարգեւը՝ Պիոսի շքանշանի Մեծ Խաչը ստանալու համար: Ասպետներին տրվող այդ կոչումը առաջարկում են թեմական եպիսկոպոսները՝ որպես երախտագիտություն եկեղեցուն կամ հասարակությանը մատուցած ծառայությունների համար, եւ այն վերապահված է պետությունների ղեկավարներին, նախարարներին, դեսպաններին եւ թագադրված անձանց: Իտալիայում այն ստացել են հանրապետության մի քանի նախագահներ, իսկ պակաս ողորմած ժամանակներում՝ նաեւ ֆաշիստ բռնապետ Բենիտո Մուսոլինին ու նրա փեսան՝ Գալեացո Չիանոն:

Լուսանկարը` REUTERS


Սուրբ Աթոռի հայտարարությունը, որն ամփոփում է Ալիեւների եւ Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ երկխոսությունը, նշում է «միջմշակութային եւ միջկրոնական երկխոսության կարեւորությանը տարբեր կրոնական եւ էթնիկ խմբերի միջեւ խաղաղ գոյակցության նպատակով»:

Այս թեման Ադրբեջանը, որը հաճախ համարում են տարբեր կրոնական համոզմունքներ ունեցող մարդկանց խաղաղ գոյակցության վայր, առանցքային է համարել 1991-ին ԽՍՀՄ-ից անկախանալուց ի վեր: Սակայն այս դիրքորոշումը թաքցնում է հարձակողական վերաբերմունքը հարեւան Հայաստանի նկատմամբ, իսկ ներքին քաղաքականության առումով՝ հարգանքի բացակայությունը մարդու իրավունքների եւ տեղեկատվության ազատության նկատմամբ:

Ադրբեջանը կանգնեցնելու կոչ միջազգային հանրությանը

2023 թվականի փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) բավարարեց Հայաստանի հայցը՝ Ադրբեջանից պահանջելով «համապատասխան միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների տարանցումը ապահովելու համար»:

Այս տարանցումը 2020 թվականի պատերազմից հետո Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն էր: Դրա խափանումը հանգեցրեց նախ հումանիտար ճգնաժամի, իսկ հետո՝ 2023-ի սեպտեմբերին, ադրբեջանցիների վերջնական հաղթանակին: Բաքվի բանակը ջախջախեց տարածաշրջանը կառավարող հայկական ուժերը եւ հանգեցրեց ավելի քան 100,000 հայ փախստականի:

Գաղթը դեռ շարունակվում էր, երբ Հռոմի պապն աղոթեց Ղարաբաղի բնակիչների համար՝ հուսալով, որ «կողմերի միջեւ բանակցությունները միջազգային հանրության աջակցությամբ կնպաստեն տեւական համաձայնության, որը վերջ կդնի մարդասիրական ճգնաժամին»։ Դեռ 2020-ին Կաթոլիկ եկեղեցին ցույց տվեց, որ սահմանափակվելու է «բոլոր ներգրավված կողմերին եւ միջազգային հանրությանը» ուղղված «զենքերը վայր դնելու» ընդհանուր կոչերով:  

Պարտությունից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր հակառակորդները 2020-ից հետո երկրորդ անգամ «դավաճան» անվանեցին՝ մեղադրելով, որ չկարողացավ պաշտպանել Ղարաբաղի հայերին: Մեկ ամիս անց՝ 2023-ի հոկտեմբերի 24-ին, Փաշինյանը, պարտված եւ վիճարկելի հեղինակությամբ, առաքելական նվիրակ Խոսե Ավելինո Բետանկուրից ստացավ նույն այն պարգեւը, որին Ադրբեջանի փոխնախագահ Ալիեւան արժանացել էլ երեք տարի առաջ:

Բայց ոգին, որով Սուրբ Աթոռը պատվեց երկու երկրների ղեկավարներին, այնքան էլ հավասարազոր չէր: Ալիեւային ընդունեցին Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյաները, իսկ Փաշինյանին պատվեց առաքելական նվիրակը, որն այսօր այլեւս առաքելություն չի իրականացնում տարածաշրջանում: Վատիկանի դիվանագիտությունը Կովկասում հետեւեց այլ խորհուրդների եւ օգնեց ամրապնդել Ալիեւների ընտանիքի իշխանությունը՝ չնայած Ղարաբաղում մարդու իրավունքների ոտնահարմանը:

Տարածաշրջանում Վատիկանի քաղաքականության եւ խաղաղության վրա դրա հետեւանքների պատումը ներկայացրել է IrpiMedia-ն՝ վեց աղբյուրների տրամադրած տեղեկատվության խաչաձեւ հղումով: Այդ աղբյուրները իրենց տարբեր դերերում ծանոթ են Սուրբ Աթոռի դիվանագիտությանը, բայց չեն կարող խոսել լրագրողների հետ: Այդ իսկ պատճառով մենք նրանց անանուն ենք թողել։

Բաքվի հետ բարեկամություն կերտողները

Կարդինալ Ջանֆրանկո Ռավասին՝ Մշակույթի հայրապետական խորհրդի պատվավոր նախագահն ու Սրբազան հնագիտության հայրապետական հանձնաժողովի ղեկավարը, Վատիկանի ամենաբարձր պաշտոնյան է, որ ամենամեծ ջանքերն է գործադրել՝ մահմեդական մեծամասնություն ունեցող երկրի հետ երկխոսություն սկսելու համար:
Ջանֆրանկո Ռավասին Ջանֆրանկո Ռավասին

Լուսանկարը` REUTERS


2013 թվականին Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռավասին պարգեւատրվել է Բարեկամության շքանշանով (մեծ պատիվ «Ադրբեջանի եւ օտարերկրյա պետության միջեւ բարեկամության, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների զարգացման գործում հատուկ ներդրման համար»): Նա իրոք հավատարիմ է այլ կրոնների, ինչպես նաեւ գիտության եւ աշխարհիկ հասարակության հետ երկխոսությանը, եւ հետաքրքրությամբ ու համակրանքով է նայում իսլամական աշխարհին: 2007-ին Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը նրան նշանակեց Միջկրոնական երկխոսության հայրապետական խորհրդի անդամ:
Բենեդիկտոս XVI-ը եւ Ջանֆրանկո Ռավասին Բենեդիկտոս XVI-ը եւ Ջանֆրանկո Ռավասին

Լուսանկարը` REUTERS


Սակայն նա միակը չէ, ում անունը շրջանառվում է Բաքվի եւ Վատիկանի միջեւ հարաբերությունների զարգացման առումով: Վերոնացի կարդինալ Կլաուդիո Գուջերոտիին ոմանք դիտարկում են իբրեւ զուտ միջնորդ, բայց կան նաեւ մարդիկ, որոնք նրան համարում են Բաքվի հետ արտոնյալ հարաբերությունների գլխավոր հերոսը:

Չափազանց կրթված, բազմալեզու, հավակնոտ եւ իշխանասեր կարդինալ Գուջերոտին ճանաչում է Ալիեւների ընտանիքին 2002 թվականից, երբ դեռ կենդանի էր 1969-ից իշխանության ղեկին նստած նախահայր Հեյդարը: Վատիկանյան շրջանակներում Գուջերոտին հայտնի էր որպես «Դոն Ստամբեկո» («Հայր Այծեղջյուր») իր վաղահաս եւ անզուսպ կարիերիզմի պատճառով, ինչպես ցուցադրված է 1999-ին հրատարակված «Քամուց քշվածները Վատիկանում» գրքում, որը գրել են մի քանի անանուն բարձրաստիճան հոգեւորականներ:

2000-ականների սկզբին Գուջերոտին հանդիպել է Ադրբեջանի իշխանությունների հետ՝ որպես Հարավային Կովկասի նվիրակ (այդ պաշտոնը նա ստանձնել էր 2001 թվականին): Մինչ այդ Սուրբ Աթոռի այս պաշտոնը վերաբերում էր միայն Վրաստանին եւ Հայաստանին: Այդ տարիներին, երբ Հայաստանը հաղթեց Ադրբեջանին առաջին հակամարտությունում, տարածաշրջանում հրադադարը երաշխավորում էր Ռուսաստանը: Էթնիկական ատելությունը, որը դեռ սնում էր կոնֆլիկտը, սկսում էր մարել, սակայն նվիրակ Գուջերոտին Ադրբեջանն անվանեց «երկիր, [որը] տարբեր կրոնների ժողովուրդների միջեւ խաղաղ գոյակցության խորհրդանիշ է»։

2011-ին՝ որպես նվիրակ իր առաքելությունը սկսելուց տասը տարի անց, Գուջերոտին ստորագրեց պատմական համաձայնագիր, որն առաջին անգամ կարգավորում էր Բաքվի եւ կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները: Վավերացման պահին (հիշեցնում է 2019-ին Բաքվի «Բարոյական արժեքների խթանման հիմնադրամ»-ի կողմից հրատարակված «Քրիստոնեությունն Ադրբեջանում» գիրքը) Գուջերոտին «երախտագիտություն է հայտնել [Ադրբեջանի] կառավարությանը, որ պայմաններ է ստեղծել [համաձայնագիրը] հնարավոր դարձնելու համար՝ ընդգծելով, որ մեր երկիրը միշտ հավատարիմ է մնացել հանդուրժողականության սկզբունքներին, եւ նշել, որ համաձայնագիրն իր տեսակի մեջ եզակի փաստաթուղթն է, քանի որ Վատիկանը երբեք նման պայմանագիր չի ստորագրել որեւէ պետության հետ»:

«Ադրբեջանը, - գրքում մեջբերվում է Գուջերոտիի խոսքը - եւս մեկ անգամ ապացուցել է իր հանդուրժողականությունը։ Այժմ ողջ աշխարհն է դրա ականատեսը: Համոզված եմ, որ այս փաստաթուղթը դրական արձագանք կստանա աշխարհում եւ կհիշվի որպես պատմական մեծ իրադարձություն: Մամուլի արձագանքն առաջին իսկ օրվանից մեզ հիմք է տալիս դա ասելու: Սուրբ Գահի եւ Թագի անունից այս ամենի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նախագահ Իլհամ Ալիեւին եւ Ադրբեջանի կառավարությանը»:

2011-ին իր կովկասյան առաքելության ավարտից հետո Վերոնայում ծնված հոգեւորականը շարունակեց աշխատել նախկին խորհրդային հանրապետություններում: Նա ծառայեց որպես առաքելական նվիրակ նախ Բելառուսում, ապա՝ Ուկրաինայում: Վատիկանի անունից նա հանդիպեց Մոսկվայի պատրիարք Կիրիլի եւ Բելառուսի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Հռոմի պապ Ֆրանցիսկոսի շնորհիվ նա նշանակվեց կարդինալ, այնուհետեւ Արեւելյան եկեղեցիների ժողովի պրեֆեկտ, հետո Հռոմի պապի հատուկ բանագնաց Ռուսաստանում եւ Ուկրաինայում՝ կարդինալ Մատեո Մարիա Զուպիի հետ միասին:
Կարդինալ Կլաուդիո Գուջերոտին Կարդինալ Կլաուդիո Գուջերոտին

Լուսանկարը` REUTERS


Անցյալ տարի նա Սուրբ Աթոռի անունից պետք է հանդիպեր Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում, երբ Վատիկանը ծրագրում էր խաղաղության բանակցություններ վարել Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ: Հանդիպումը, սակայն, չկայացավ: Ի վերջո, դարձյալ արգենտինացի պապի շնորհիվ, նա փետրվարին նշանակում ստացավ Վատիկանի Պետական քարտուղարության խորհրդում:

2013-ին Գուջերոտին ստացավ Մովսես Խորենացի մեդալը՝ Հայաստանի բարձրագույն պարգեւը այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ հայագիտության մեջ իր կարեւոր ավանդի, ինչպես նաեւ Երեւանի եւ Սուրբ Աթոռի միջեւ հարաբերություններն ամրապնդելու ջանքերի համար:

IrpiMedia-ի կողմից կարդինալի քարտուղարություն ուղարկված խնդրանքը՝ մեկնաբանել Ղարաբաղում ողբերգական իրադարձությունները, մնաց անպատասխան, ինչպես նաեւ խնդրանքը պարզաբանել Սուրբ Աթոռի եւ Հեյդար Ալիեւի Հիմնադրամի՝ Ադրբեջանի տնտեսական-դիվանագիտական թեւի միջեւ հարաբերությունների ծագման եւ զարգացման գործում մոնսինյոր Գուջերոտիի դերը:

Ալիեւի հիմնադրամի կատարած վերանորոգումները

2009 թվականից ի վեր Հեյդար Ալիեւի հիմնադրամը՝ Մեհրիբան Ալիեւայի գլխավորությամբ, տարբեր միջոցառումներ է ֆինանսավորում Վատիկանում. վերանորոգման ծրագրեր, ցուցահանդեսներ, համերգներ: IrpiMedia-ի խնդրանքը Սուրբ Աթոռին՝ հաղորդել, թե որքան է Ալիեւի հիմնադրամի կողմից հատկացված ֆինանսավորումը, պատասխան չստացավ, ինչպես նաեւ հարցումն այն մասին, թե որ ծրագրեր են շարունակվում եւ ինչ է նախատեսված ապագայում:

Ռեժիմի կողմից ֆինանսավորված վերանորոգումների ցանկը, որը IrpiMedia-ն հավաքել է բաց աղբյուրներից, ներառում է հռոմեական կատակոմբները (Սրբոց Մարցելինուսի եւ Պետրոսի կատակոմբները Վիա Չասիլինայի վրա, ինչպես նաեւ Կոմոդիլայի), Վատիկանի թանգարանները (Զեւսի արձանի վերականգնումը Պիո Կլեմենտինոյի թանգարանում, ինչպես նաեւ Սիքստինյան սրահի հնագույն պահարանները), Վատիկանի առաքելական գրադարանը (ավելի քան 3000 հազար գիրք եւ 75 ձեռագիր), Ֆրանսիայի եկեղեցիները (Ստրասբուրգի Աստվածամոր տաճարը, Սուրբ Պատերնի եկեղեցին ու եւս մեկը՝ Ռեւեյոնում), Բաքվի Անարատ հղության կաթոլիկ եկեղեցում, որի շինարարությունը մեծ մասամբ ֆինանսավորվել է վարչակարգի կողմից, ինչպես հաղորդում է Askanews-ը. դրա վերականգնումն ու վերանորոգումը ավարտվել է 2021-ին), եւ նույնիսկ Սուրբ Պետրոսի բազիլիկան (մասնավորապես՝ Լեւոն I պապի եւ հոների թագավոր Աթիլայի հանդիպումը պատկերող խորաքանդակը):

Լուսանկարը` REUTERS


Սուրբ Աթոռը չպատասխանեց մեր հարցմանը, թե արդյոք այս ցանկը սպառիչ է:

Համացանցում հայտնաբերված տվյալների համաձայն՝ այս հուշարձանների վերականգնման համար հատկացված նվիրատվությունները կազմում են առնվազն 640 000 եվրո: Սակայն 2020-ին Էմին Ռուստամովը, որն այն ժամանակ Հռոմում ադրբեջանա-իտալական երիտասարդական ասոցիացիայի նախագահն էր, իսկ այժմ Բաքվի Սփյուռքի հետ աշխատանքի պետական հանձնաժողովի նախագահի խորհրդական է, թվիթերում գրել էր, որ «Ադրբեջանը ավելի քան 1 միլիոն եվրո է նվիրաբերել Վատիկանում մի քանի պատմական հուշարձաններ եւ եկեղեցիներ վերականգնելու համար»:

Հայոց ցեղասպանագետի հեռացումը

Հռոմում Արեւելյան կաթոլիկ եկեղեցու պատմությունն ուսումնասիրում է Հայրապետական արեւելյան ինստիտուտը (PIO): Այն գործում է 1917 թվականից եւ ունի երկու ֆակուլտետ՝ Արեւելյան եկեղեցական գիտությունների եւ Արեւելյան կանոնական իրավունքի: 2019-ից այն համագործակցում է Ադրբեջանի միջազգային զարգացման գործակալության (AIDA) հետ: Ինստիտուտի եւ AIDA-ի միջեւ կնքված համաձայնագիրը, ինչպես եւ Հեյդար Ալիեւի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող վերանորոգումները, այն գործիքներից են, որոնց միջոցով ամրապնդվել են երկու երկրների հարաբերությունները:

2024 թվականի փետրվարի 19-ին ինստիտուտի պրոֆեսորներից մեկին՝ բելգիացի ճիզվիտ Ժորժ-Անրի Ռույսենին, վտարեցին ինստիտուտից եւ հեռացրեցին Հիսուսի ընկերակցությունից։

«PIO-ի ակադեմիական համայնքի ծանուցումը» հրապարակել էր La Nuova Bussola Quotidiana կայքը՝ առցանց կաթոլիկ թերթը, որտեղ հոդվածներ է գրում նաեւ Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Լյուկա Վոլոնտեն, որին առաջին ատյանի դատարանը մեղադրել է միջազգային կոռուպցիայի համար. նա Ադրբեջանից գումար էր ստացել իր անձնական հիմնադրամի հաշվին:

Ծանուցման մեջ չի նշվում Ռույսենին հեռացնելու պատճառը, սակայն, ի թիվս այլ բաների, ասվում է, որ նա «այլեւս չի լինի Արեւելյան կանոնական իրավունքի ֆակուլտետի դեկան», որ «երկու տարի կանցկացնի Հռոմից դուրս՝ հոգ տանելով իր առողջության մասին» եւ «կլքի ինստիտուտը եւ PIO-ի ճիզվիտական նստավայրը»: Ըստ կաթոլիկ թերթի, ճիզվիտների շրջանում «մաքրելու» մթնոլորտ է տիրում:
Ռույսենը, ըստ IrpiMedia-ի երեք տարբեր աղբյուրների, վտարվել է այն բանից հետո, երբ բողոքել է Հայոց ցեղասպանության ժխտման դեպքից, որը տեղի էր ունեցել իր դասավանդած ինստիտուտում: Գիտնականը հատուկ վերաբերմունք ունի հիմնախնդրին, քանի որ ավելի քան մեկ տասնամյակ հեղինակել է արխիվային հետազոտություններ այդ թեմայով. դրանց գագաթնակետը բազմահատոր աշխատությունն է, որը հիմնարար նշանակություն ունի Հայոց ցեղասպանության ուսումնասիրության եւ դրա միջազգային ճանաչման համար:

2021-ին Ռույսենը նաեւ խմբագրել է «Չարաշահումը եկեղեցում» վերնագրով կոնֆերանսի նյութերը, որտեղ խոսքը գնում է եկեղեցու հիերարխիայում բռնության բոլոր ձեւերի մասին՝ սեռական, հոգեւոր եւ իշխանական:

Հայոց ցեղասպանության հարցում Սուրբ Աթոռը նախկինում ավելի թափանցիկ է եղել. հարյուրամյակի կապակցությամբ Ֆրանցիսկոս պապը հրապարակավ օգտագործել է այդ եզրույթը՝ խախտելով զսպվածության եւ անվճռականության երկարամյա ավանդույթը: Հռոմի պապը կատարեց այդ խիզախ քայլը Հայաստան կատարած առաքելական ուղեւորությունից հետո՝ վերջին պահին խմբագրելով նախապես պատրաստված ելույթը, որտեղ, երկու աղբյուրների տեղեկացմամբ, բացակայում էր «ցեղասպանություն» բառը: Պապի ելույթից հետո Թուրքիան կարճ ժամանակով հետ կանչեց Սուրբ Աթոռում իր դեսպանին:

Երկխոսություն բոլորի հետ, բայց ի՞նչ արդյունքներով

Ակնհայտ է, որ ինչպես ուկրաինական հակամարտության դեպքում՝ Սուրբ Աթոռը փորձում է իրեն ներկայացնել որպես դիվանագիտական ուղի: Վատիկանի դուռը Ադրբեջանի եւ Ռուսաստանի առջեւ բացելը, հետեւաբար, պետք է հասկանալ պոնտիֆիկոսի «Օստպոլիտիկ»-ի՝ «արեւելյան բլոկի» ներկայիս ավտորիտար ռեժիմների հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում:

«Մենք խոսում ենք բոլորի հետ», - հայտարարեց կարդինալ Գուջերոտին 2023-ի սեպտեմբերին, երբ տեղի էր ունենում Ղարաբաղի հայ բնակչության արտաքսումը՝ նկատի ունենալով Կովկասում Վատիկանի դիվանագիտական նախաձեռնությունը: Դրա պտուղները, սակայն, դեռեւս պետք է երեւան:

Ինչպես Ադրբեջանի եւ Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտություններում, ռիսկն այն է, որ Վատիկանի քաղաքականությունը, թերեւս չնախատեսված կերպով, ամրապնդում է երկու ավտորիտար պետությունների գերիշխող դերը, եւ հարաբերությունների այդ ջերմացումը (որը Մոսկվան ու Բաքուն ողջունում են) կարող է նպաստել դիվանագիտական կարգավորմանը, որը հետին պլան կմղի կամ կջնջի այդ միապետությունների կողմից իրականացված հանցագործություններն ու ագրեսիան:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին