Հեռանալ ռուսական ուղեծրից. կողմ եւ դեմ կարծիքներ - Mediamax.am

796 դիտում

Հեռանալ ռուսական ուղեծրից. կողմ եւ դեմ կարծիքներ


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS/Sputnik

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք «Նովայա գազետա Եվրոպա»-ում հրապարակված Leaving Russian orbit հոդվածի հայերեն թարգմանությունը:

2023 թվականի սեպտեմբերին, ավելի քան երեք տասնամյակ հայկական վերահսկողության տակ գտնվելուց հետո, Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանը անցավ Ադրբեջանին: Դրանից մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ռազմավարական սխալ» էր անվանել իր երկրի ավանդական ապավինումը Մոսկվային՝ որպես անվտանգության երաշխավոր։

Երբ Լեռնային Ղարաբաղը վերադարձավ Բաքվի վերահսկողության տակ, հայ պաշտոնյաները սկսեցին հրապարակավ կասկածի տակ դնել ռուսական զորքի նպատակը ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում, եւ գնալով ավելի պարզ դարձավ նոր դաշնակիցների անհրաժեշտությունը:

Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում Հայաստանի, ԵՄ եւ ԱՄՆ-ի միջեւ, որից հետո խոստացվեց մոտ 335 մլն եվրոյի աջակցություն՝ Հայաստանի «ժողովրդավարական եւ տնտեսական կայունությունը» ապահովելու համար, եւ լրացուցիչ ֆինանսավորում՝ ղարաբաղցի հայերին աջակցելու նպատակով։

Բաքուն դա ներկայացրեց որպես Արեւմուտքի «հայամետ դիրքորոշման» լրացուցիչ ապացույց, իսկ Մոսկվան որակեց որպես «հակառուսական կողմնորոշում», որը կսպառնա տարածաշրջանային անվտանգությանը: Հայաստանն ու Միացյալ Նահանգները հերքեցին այդ պնդումները:

«Դիմակայելը ռուսական ուղեծրի ձգողականությանը դժվար եւ նույնիսկ վտանգավոր մարտահրավեր է, բայց չփորձելն է՛լ ավելի վտանգավոր է», - «Նովայա գազետա Եվրոպա»-ին ասում է Երեւանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

Լուսանկարը` REUTERS


Նա հավելեց, որ Հայաստանի համար այժմ հնարավորությունների պատուհան է բացվել. «Ռուսաստանին շարունակում է զբաղեցնել եւ ընկճել Ուկրաինա իր ձախողված ներխուժումը: Հայաստանի համար բացվում է նաեւ հնարավորություն՝ կապված երկրի նկատմամբ Արեւմուտքի աննախադեպ հետաքրքրության հետ»,- ասում է Կիրակոսյանը:
    
«Սառեցված» մասնակցություն

Երկու երկրների միջեւ դիվանագիտական մի շարք տարաձայնություններից հետո Ռուսաստանի նկատմամբ հայ հասարակության վստահությունը խաթարված է, թեեւ Ռուսաստանը հաճախ նկարագրվում է որպես «եղբայրական ազգ» եւ ունի աշխարհի ամենամեծ հայկական սփյուռքը: Միջազգային հանրապետական ինստիտուտի պատվերով 2023-ի դեկտեմբերին անցկացված հարցման ժամանակ հայերի 40%-ն ասել է, որ Ռուսաստանը դիտարկում է որպես քաղաքական սպառնալիք, որն այդ առումով զիջում է միայն Ադրբեջանին եւ Թուրքիային:

«Այն հիմքը, որի վրա կառուցվել են հայ-ռուսական հարաբերությունները, փաստորեն փուչ դուրս եկավ: Եթե չկա Ղարաբաղ, եթե չկան անվտանգության երաշխիքներ, Ռուսաստանը Հայաստանին պետք չէ»,- «Նովայա Եվրոպա»-ին ասում է Անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը:

«Հասարակության հուսահատությունն ու դժգոհությունը Ռուսաստանից լիովին արդարացված է՝ հաշվի առնելով հայ-ռուսական երկարամյա բարեկամությունն ու դաշինքը, - կարծում է հայ լրագրող Գայանե Ենոքյանը։ -Սակայն միանգամայն պարզ է, որ Հայաստանի եւ Արցախի պաշտպանությունը նախ եւ առաջ Հայաստանի ներկայիս իշխանության ձախողումն էր»,- շարունակում է նա:

Լուսանկարը` REUTERS


Փետրվարին Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը «սառեցնում է» իր մասնակցությունը Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), քանի որ վերջինս չպատասխանեց միջամտության խնդրանքներին, երբ համարձակություն ձեռք բերած Բաքուն հարձակվեց Հայաստանի վրա:

«Եթե ՀԱՊԿ-ը պատշաճ կերպով չարձագանքեց Հայաստանի պահանջին, Հայաստանը կարող է սկսել դաշինքից դուրս գալու գործընթացը»,- «Նովայա Եվրոպա»-ին ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր եւ Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը։

ՀԱՊԿ-ից դուրս գալու սպառնալիքից բացի, Փաշինյանը վերջերս ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում մեղադրեց Կրեմլին իր դեմ քարոզչական արշավ իրականացնելու եւ «հայ բնակչությանը իշխանությունը տապալելու բացահայտ կոչ անելու մեջ»։

Բազմակողմանի դիվանագիտություն

Հաշվի առնելով, որ Ռուսաստանը մատակարարում է Հայաստանի էներգակիրների մեծ մասը եւ մնում է արտահանման գլխավոր գործընկերը, տնտեսական առումով Երեւանը մեծապես կախված է Մոսկվայից, նույնիսկ եթե այլեւս չի կարող ապավինել Ռուսաստանին՝ որպես անվտանգության երաշխավոր: 2023 թվականին Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը աճել է 43 տոկոսով:

Չնայած Մոսկվայի լծակներին Երեւանի վրա, մասնագետները կարծում են, որ Հայաստանը պետք է փորձի նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից եւ կամաց-կամաց ամրապնդել կապերը Արեւմուտքի հետ:

«Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ռուսները կարող են հակահարված տալ եւ պատժել մեզ մեր որոշումների համար,- պարզաբանում է Արեգ Քոչինյանը։ - Հարցը նրանում է, թե որքանով է Հայաստանը պատրաստ այդ ճնշումներին»:

Հայաստանի կառավարությունը ամեն կերպ ընդգծում է, որ դեպի Արեւմուտք թեքվելը չի նշանակում ամբողջությամբ երես թեքել Ռուսաստանից: Փոխարենը Փաշինյանը վերջին փոփոխությունները որակել է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացում»։

Երեւանը նաեւ ակտիվորեն համագործակում է Հնդկաստանի հետ՝ որպես սպառազինության նոր աղբյուրի, այն բանից հետո, երբ Ռուսաստանը հետաձգեց ավելի քան 370 մլն եվրո արժողությամբ ռազմական տեխնիկայի մատակարարումը, որը նախատեսված էր 2020-ին Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո ստորագրված երկկողմ պաշտպանական պայմանագրերով: Հնդկաստանն այժմ տրամադրում է Հայաստանին հրթիռային համակարգեր, հակատանկային հրթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր եւ զինամթերք:

Ֆրանսիան եւս մեկ կարեւոր գործընկեր է: Հոկտեմբերին պայմանագիր է ստորագրվել Հայաստանին ֆրանսիական ռազմական տեխնիկա մատակարարելու մասին՝ պաշտպանությունն ամրապնդելու համար։ Փետրվարին առաջին անգամ Երեւան այցելեց Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն: Ֆրանսիան նաեւ վերապատրաստում է հայ զինվորներին երկրի էլիտար «Սեն-Սիր» ռազմական ակադեմիայում:

Դժվար է թերագնահատել այն փաստը, որ Ռուսաստանի ֆորմալ դաշնակից երկիրը զենք է ձեռք բերում ՆԱՏՕ-ի անդամ երկրից:

Ռուս զինվորները

Այնուամենայնիվ, Կրեմլից հեռանալու ճանապարհին Հայաստանը մեծ խոչընդոտ ունի. ռուս զինվորները:

1995 թվականից ի վեր Ռուսաստանը պահում է իր 102-րդ ռազմակայանը Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, իսկ 2010-ի համաձայնագրի փոփոխությունից հետո Մոսկվային ռազմակայանի վարձակալությունը երկարաձգվեց մինչեւ 2044 թվականը:

Լուսանկարը` REUTERS/Sputnik


Փետրվարին, երբ Ադրբեջանը հարձակվեց սահմանամերձ Ներքին Հանդ գյուղի վրա, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեղադրեց ռուս սահմանապահներին Եվրամիության առաքելության մուտքը խոչընդոտելու մեջ, ինչը հետագայում հաստատեց Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը:

«Բազմիցս ապացուցվել է, որ նրանք չեն պաշտպանել սահմանները, այլ իրականում ամեն ինչ արել են, որ դրանք ավելի խոցելի լինեն»,- ասաց Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը:

Հայաստանի կառավարությունն այժմ փորձում է փոխել իրավիճակը եւ հրամայել է ռուս սահմանապահներին, որոնք Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության մաս են կազմում, մինչեւ օգոստոս լքել Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, որտեղ նրանք տեղակայված են 1992 թվականից:

Կորցնել հին ընկերոջը

Ռուսաստանի հետ Հայաստանի դարավոր դաշինքը փլուզվում է, բայց երկրի խորհրդարանական ընդդիմությունը կարծես հակված չէ ցատկել եվրոպամետ գնացքը:

«Իհարկե, կարող ես նոր ընկերներ ձեռք բերել, բայց պետք չէ կորցնել նրանց, որոնց արդեն ունես», - «Նովայա Եվրոպա»-ին ասում է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը պետք է հստակեցնի թե՛ ԵՄ, թե՛ ռուսական զորքերի ներկայության կոնկրետ հիմքերը իր հողի վրա՝ ապագայում հնարավոր առճակատումից խուսափելու համար:

«Մեր հիմնական մտահոգությունն այն է, որ փոքրիկ Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ աշխարհաքաղաքական հակամարտության կենտրոն», - խոստովանում է Խամոյանը՝ հավելելով, որ Հայաստանի ընդդիմությունը նույնպես հավանություն չի տվել Ռուսաստանի գործողություններին եւ այդ մասին բարձրաձայնել է Մոսկվայի գործընկերների հետ դռնփակ հանդիպումների ժամանակ:

Այնուամենայնիվ, մի երկրի ապագա ուղղությունը, որը վաղուց գտնվում է Մոսկվայի ուղեծրում, բայց որի համար նոր դաշինքներ ստեղծելն ավելի ու ավելի կենսական է, մնում է օդում կախված. երկընտրանք, որը Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո դժվար է չտեսնել նոր լույսի ներքո:

«Մի շատ կարեւոր հարցի նրանք դեռ չեն պատասխանել՝ որն է լինելու ՀԱՊԿ-ի այլընտրանքը», - եզրափակում է Ագնեսա Խամոյանը:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին