Աստղ Նադիրյան. “Սերը եւ տեխնոլոգիաները” - Mediamax.am

3025 դիտում

Աստղ Նադիրյան. “Սերը եւ տեխնոլոգիաները”


Աստղ Նադիրյան
Աստղ Նադիրյան

Տատիկս հաճախ գալիս է եւ երկա~ր նայում, թե ինչ եմ անում համակարգչով: Մի անգամ,երբ հերթական կարոտագին նամակն էի գրում արտասահմանում գտնվող սիրելիիս, տատիկս եկավ եւ սկսեց հարց ու փորձ անել.

-    Այդ ի՞նչ ես անում:
-    Նամակ եմ ուղարկում Նրան, եթե կարողանա, skype-ով էլ կզանգի, կտեսնենք Նրան:
-    Սքայթը ո՞րն է:
-    Դե~, Սքայփը մի ծրագիր է, որը թույլ է տալիս տեսնել այն մարդուն, ում հետ խոսում ես:
-    Վա~յ, բա Լիբանան կարո՞ղ ես միանալ` Լենա մորաքրոջ հետ խոսենք, - մանկական անմեղությամբ հարցրեց տատիկս:
-    Տա’տ ջան, ամեն օգտատեր իր հասցեն ունի, մյուս անգամ, որ խոսես Լենա մորաքրոջ հետ, ճշտի’ր հասցեն,կամ էլ ինձ կանչի’ր` ես կհարցնեմ:
-    Բա հիմա Նա արդեն ստացա՞վ նամակդ:
-    Ըհը, արդեն պատասխանն է գրում:
-    Այդ ինչպե՞ս իմացար:
-    Հատուկ նշան կա, տատու’լ, նայի’ր, ա’յ այս շարժվող մատիտը:
-    Հը~մ, - պատասխանեց տատիկս` ուշադիր նայելով էկրանին: - Մեր ժամանակ ամեն ինչ ուրիշ էր: Պապիկդ որ գնաց Մոսկվա, շատ հազվադեպ էր զանգահարում, նամակներ էլ համարյա չէր գրում, բայց կարողանում էինք սպասել ու հաղթահարել տարածությունը: Նա էլ հո՞ չէր կարող հեռախոսով կամ էլ այդ ձեր Սքայթով զանգել…
-    Տա’տ, բա ո՞նց էիք դիմանում: Պապիկը քեզ բարի գիշեր չէ՞ր մաղթում քնելուց առաջ: Դուք ինչպե՞ս էիք շփվում:
-    Անհամբերությամբ սպասում էինք հաջորդ ժամադրությանը… Գնում էինք այգի, երկար զրուցում, ապա նորից բաժանվում: Մենք հո ձեզ պես “խենթեր” չէի՞նք, - ծիծաղելով ասաց տատիկս` իմ եւ սիրելիիս լուսանկարին նայելով…
-    Խենթեր… Ճիշտ ես, տա’տ, իսկապես խենթ ենք մենք… Եթե մեկ օր չխոսեմ հետը, չիմանամ` ինչպես է, կխելագարվեմ…
-    Մենք վստահում էինք միմյանց, ավելի հանգիստ էինք ապրում:
-    Դուք ավելի երջանիկ էիք…
-    Դե~… Բայց դե դուք Սքայթ ունեք, սոցիալական ցանցեր, շփվում եք մեծ հեռավորության վրա, իսկ ես իմ քույրիկներին արդեն քսան տարի է, ինչ չեմ տեսել… Իսկ երբ պապիկդ էր գնում… Չեմ կարող ասել, որ շատ խանդոտ էի, բայց կարոտում էի, բայց նաեւ գիտեի, որ ոչ ես, ոչ էլ նա չենք կարող մշտական կապի մեջ գտնվել: Իսկ դու՞... Մտածում ես` կապի միջոցը կա, իսկ նա չի գրում եւ հակառակը…
-    Տա’տ, իսկ ո՞րն է ավելի լավ:
-    Հարաբերական է, Ա’ստղս… Նայած` ով` ինչպես կօգտագործի…
-    Իսկ ծանոթություննե՞րը:  Չէ՞ որ այսօր համացանցի միջոցով նաեւ շատ սրտեր են միանում:
-    Ու նաեւ բաժանվում դրա պատճառով… Որքան էլ այն վիրտուալ բնույթ կրի, չէ՞ որ նրանք իրական կյանքում պիտի շփվեն, որ ճանաչեն իրար, հո էկրանով չե՞ն ճանաչելու…

Տատիկիս հետ զրույցից հետո երկար մտածում էի… Եվ իսկապես… Քանի օր էր, ինչ գիշերը չորսին-հինգին էի քնում, քանի որ սպասում էի, որ նրա անվան կողքին օն-լայնի կանաչ գույնը կվառվի: Իսկ այս քանի օրը դա տեղի չէր ունենում… Եվ ես ընկճվում էի, անհանգստանում… Իսկ առա՞ջ… Չէ՞ որ նրանք ամիսներով չէին խոսում… Նորագույն տեխնոլոգիաները, անշուշտ, մեզ շատ են օգնում, բայց դրա հետ մեկտեղ մենք դրանցից կախվածության մեջ ենք ընկել: Եվ միգուցե հենց տատի՞կս ճիշտ օգտվի գիտության այս հրաշքից, այլ ոչ թե ես: Չէ՞ որ նա գիտի` ինչպես ապրել առանց այդ տեխնոլոգիաների, գիտի սպասել: Համացանցը, սոցիալական կայքերը օգնական միջոց են, որոնք կարող են թե’ օգուտ տալ, թե’ վնասել: Տատիկիս ասած` ամեն բան հարաբերական է: Տատիկս ու պապիկս հինգ տասնյակ տարիների ընթացքում շատ բաժանումներ են ունեցել, բայց միասին են. նրանք էլ հո ՍքայԹ չե՞ն ունեցել…




Մեր ընտրանին