Ոչ թշնամական տոնայնությունն արդեն իսկ լավ է, ասել է ԱԳՆ խոսնակը - Mediamax.am

2350 դիտում

Ոչ թշնամական տոնայնությունն արդեն իսկ լավ է, ասել է ԱԳՆ խոսնակը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունն առ այն, որ «Միլանում Հայաստանի ԱԳ նախարարի հետ փոխըմբռնում է եղել»:

ԱԳՆ խոսնակը նշել է, որ Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են ՀՀ ԱԳՆ կողմից: 

 

Մասնավորապես, հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ նշված է, որ «Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձեւավորված դինամիկան»։

 

«Մեկ այլ համաձայնություն էլ ձեռք է բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ: Նման ձեւաչափով հայտարարություններ երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել, այնուամենայնիվ, Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ:

 

ԵԱՀԿ նախարարների խորհրդում դեկտեմբերի 6-ի իր ելույթում, որը նույնպես հրապարակվել է ՀՀ ԱԳՆ կողմից, Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է այդ հայտարարությանը` ընդգծելով, որ անշուշտ ոգեւորիչ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած հանդիպումից հետո հաջողվեց համաձայնության գալ ընդհանուր տեքստի շուրջ եւ ընդունել հնգակողմ հայտարարություն: Նա հավելեց, որ այդ հայտարարությունը վերահաստատում է Դուշանբեում ձեռք բերված փոխըմբռնումը կյանքի կոչելու կարեւորությունը՝ ինտենսիվորեն աշխատելու հակամարտության գոտում լարվածության հետագա թուլացման եւ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ»,- ասել է Աննա Նաղդալյանը: 

 

ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ «նման բարդ հարցերի առնչությամբ հանրային հայտարարություններում ոչ կոնֆրոնտացիոն, ոչ թշնամական տոնայնության պահպանումն արդեն իսկ լավ է»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին