ԵՄ. Փաշինյան-Ալիեւ շփումները դրական ազդակ են հաղորդում - Mediamax.am

3383 դիտում

ԵՄ. Փաշինյան-Ալիեւ շփումները դրական ազդակ են հաղորդում


Ֆեդերիկա Մոգերինին եւ Մայա Կոչիյանչիչը
Ֆեդերիկա Մոգերինին եւ Մայա Կոչիյանչիչը

Լուսանկարը` euractiv.com


Երեւան: Մեդիամաքս: ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության մամուլի խոսնակ Մայա Կոչիյանչիչն ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ վերջին շփումները, ինչպես նաեւ հունվարի 16-ին Փարիզում կայացած հանդիպումը դրական ազդակ են հաղորդում Ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի վերաբերյալ:

«Եվրոպական միությունն ակնկալում է դրանց արդյունքների լիարժեք իրագործում, այդ թվում՝ արտգործնախարարների վերջին համաձայնության կատարում, ըստ որի՝ անհրաժեշտ է կոնկրետ միջոցներ ձեռնարկել Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակություններին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ, ինչպես նաեւ դիտարկել քայլեր՝ բանակցությունները վերականգնելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

 

Մայա Կոչիյանչիչը նշել է, որ Եվրոպական միությունը շարունակում է լիովին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, այդ թվում` Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի միջոցով, ինչպես նաեւ կողմերի միջեւ վստահության ամրապնդմանն ուղղված քաղհասարակության միջոցառումներով:

 

«Բոլորը կշահեն տեւական խաղաղությունից, որը հնարավորություն կտա Հարավային Կովկասի տարածաշրջանին ամբողջովին իրացնել առկա ներուժը»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին