Հայտնի են Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահները - Mediamax.am

4673 դիտում

Հայտնի են Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահները


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներն այսօր փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրել են խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահներին։

ԱԺ-ն նախկին 9-ի փոխարեն կունենա 11 մշտական հանձնաժողով: Դրանցից 8-ը նախագահելու է «Իմ քայլը», 2-ը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը եւ 1-ը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: 

 

Մեդիամաքսը հետեւել է ընտրության ամբողջ ընթացքին եւ առանձնացրել հանձնաժողովների՝ արդեն ընտրված նախագահների ուշագրավ մտքերը:

 

«Իմ քայլը» խմբակցություն 

 

- Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ), նախագահ՝ Նարեկ Զեյնալյան (կողմ՝ 112, դեմ՝ 16):

 

«Անհրաժեշտ է զսպել բուժծառայությունների գնագոյացումը։ Այն «բաց» է, ինչի արդյունքում ամեն բուժհաստատություն ինքն է որոշում իր գնացուցակը։ Կա նաեւ դեղորայքի խնդիր։ Դեղերի արժեքի վրա ունենք ԱԱՀ, եւ հարեւան երկրում դեղորայքը 40-50 տոկոսով ավելի էժան է։ Այստեղից առաջ է գալիս դեղերի անօրինական շրջանառության հարցը»։

 

- Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով (14 անդամ), նախագահ՝ Ռուբեն Ռուբինյան (կողմ՝ 117, դեմ՝ 12):

 

«Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կարող է եւ պետք է աջակցի գործադիրի վարած արտաքին քաղաքականությանը եւ իրականացնի խորհրդարանական վերահսկողություն։ Իշխանությունների տարանջատման տեսակետից՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը պետք է երկրորդ աչքի դեր կատարի՝ փորձելով հնարավորինս անաչառ վեր հանել արտաքին քաղաքականության ոլորտում առկա խնդիրները»։

 

- Գիտության, կրթության, մշակույթի, Սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ), նախագահ՝ Մխիթար Հայրապետյան (կողմ՝ 116, դեմ՝ 11, անվավեր՝ 2):

 

 «Պատգամավորի աշխատանքն է առավոտյան ժամը 9:00-ից մինչեւ գիշեր աշխատելը։ Հետեւաբար՝ ուզում եմ վստահեցնել, որ բոլոր մարտահրավերներին պատրաստ ենք դիմակայել։ Այս ամենն ասում եմ այսքան վստահությամբ, որովհետեւ գիտեմ, թե իմ թիմից ովքեր են ներգրավված լինելու հանձնաժողովում»։

 

-Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ), նախագահ՝ Արման Եղոյան (կողմ՝ 108, դեմ՝ 17, անվավեր՝ 4):

 

«Իմ վերջին պաշտոնի բերումով [վարչապետի մամուլի խոսնակ – խմբ.]՝ կուտակել եմ բավականին փորձ՝ աշխատելու ե՛ւ միջազգային գործընկերների, ե՛ւ պետական կառույցների հետ, եւ կանեմ ամեն ինչ, որ այդ փորձը առավելագույնն օգտագործեմ այս աշխատանքում»։

 

- Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով (11 անդամ), նախագահ՝ Անդրանիկ Քոչարյան (կողմ՝ 122, դեմ՝ 4, անվավեր՝ 3):

 

«Մեր բոլորի անմիջական պարտականությունն է հասնել նրան, որ այլեւս երբեք, ոչ մի պարագայում զինված ուժերը չդառնան ներքին քաղաքական իրադարձությունների անթույլատրելի մաս»։

 

- Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով (15 անդամ), նախագահ՝ Վլադիմիր Վարդանյան (կողմ՝ 122, դեմ 6, անվավեր՝ 1):

 

«Դատական համակարգը եւ արդարադատությունը չունի պասիվ-կայուն վիճակ, մենք ունենում ենք կա՛մ զարգացում, կա՛մ հետնահանջ։ Եվ այսօր Ազգային ժողովում առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները, որպեսզի ասենք, որ մենք կարող ենք ապահովել արդարադատության եւ դատական համակարգի իշխանության զարգացումը»։

 

- Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ), նախագահ՝ Վարազդատ Կարապետյան (կողմ՝ 127, դեմ՝ 2):

 

«Ցանկացած հարցի լուծման մեջ մենք առաջինը պետք է պատասխանենք ոչ թե ի՞նչ անել հարցին, որովհետեւ այդ հարցի պատասխանը բոլորս հիմնականում ունենք, այլ ինչի՞ համար անել եւ ինչպե՞ս անել հարցերին։ Այ սրանով կտարբերվի մեր քաղաքականությունը նախորդ կառավարության քաղաքականությունից»։

 

- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով (15 անդամ), նախագահ՝ Բաբկեն Թունյան (կողմ՝ 123, դեմ՝ 6):

 

«Մենք ունենք պլանային տնտեսություն, որից պետք է անցում կատարենք ազատ, շուկայական տնտեսության, բայց մենք, ըստ էության, այդ անցումը չենք կատարել, մենք մնացել ենք մեջտեղում։ Միայն կոռուպցիայի եւ ստվերի դեմ պայքարը բավարար չեն լուրջ փոփոխությունների համար, ասեմ ավելին, դրա համար անհրաժեշտ է քայլերի հաջորդականություն»։

 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

 

- Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (11 անդամ), Միքայել Մելքումյան (կողմ՝ 122 , դեմ՝ 6, անվավեր՝ 1):

 

«Եվրամիության հետ հնարավոր ինտեգրացիոն գործընթացները չպետք է հակադրեն եվրասիական տնտեսական միության մեր անդամակցության փաստին։ Իհարկե, Եվրամիությունը ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական միություն է, բայց Եվրասիական տնտեսական միության փաստն արդեն իսկ գոյություն ունի եւ մենք պետք է կարողանանք առավելագույնն օգտվել այս անդամակցությունից»։

 

- Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ), նախագահ՝ Նաիրա Զոհրաբյան (կողմ՝ 127, դեմ՝ 2):

 

 «Այսօր, հենց այս պահին ես ինքս զբաղվում եմ մի խնդրով, որը, բնականաբար, մեր հանձնաժողովի օրակարգի խնդիրներից մեկն է լինելու ՝քրեակատարողական հիմնարկներում գործող բուժհաստատությունները չպետք է ենթարկվեն, չպետք է լինեն քրեակատարողական վարչության ենթակայության ներքո»։

 

«Լուսավոր Հայաստան» խմբակցություն 

 

- Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ), նախագահ՝ Մանե Թանդիլյան (կողմ՝ 116, դեմ՝ 10, անվավեր՝ 3 ):

 

«Չի լինելու որեւէ հարց, որը կարժանանա հանրային ուշադրության եւ մեր հանձնաժողովը չի կազմակերպի խորհրդարանական լսում։ Ինչո՞ւ։ Որովհետեւ ես կարծում եմ, որ սա այնպիսի ոլորտ է, որը խիստ մասնագիտական է, բայց մեր քաղաքացիներն, այնուամենայնիվ, պետք է կարողանան ունենալ ֆինանսական գրագիտության որոշակի մակարդակ՝ պաշտպանված լինելու համար»։

 

Պատրաստեց Լուսին Մկրտչյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին