ՀՀ քաղաքացիներին Ռուսաստանում աշխատելու համար թույլտվության անհրաժեշտ չի լինի - Mediamax.am

5720 դիտում

ՀՀ քաղաքացիներին Ռուսաստանում աշխատելու համար թույլտվության անհրաժեշտ չի լինի


Լուսանկարը` novostnik.ru


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն է տվել ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների եւ Հայաստանի տարածքում Ռուսաստանի քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագրի կնքմանը, երկու երկրների քաղաքացիների աշխատանքային գործունեության եւ սոցիալական պաշտպանության մասին համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին առաջարկությանը:

Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն ասել է, որ, ըստ առաջին համաձայնագրի, երկու երկրների տարածք մուտք գործելուց հետո քաղաքացիները կարող են հաշվառման կանգնել 30 օրվա ընթացքում: Նա հիշեցրել է, որ այսօր ՌԴ մեկնելիս Հայաստանի քաղաքացին պարտավոր է 7 օրվա ընթացքում հաշվառման կանգնել:

 

Երկրորդ համաձայնագիրը նախատեսում է, որ երկու երկրների տարածքում քաղաքացիներն աշխատանքային գործունեություն կարող են ծավալել առանց լրացուցիչ թույլտվություն ստանալու:

 

«Այսօր ՀՀ քաղաքացին ՌԴ տարածքում աշխատելու համար դիմում է համապատասխան մարմիններ՝ ներկայացնելով սահմանված փաստաթղթեր, վճարելով պետական տուրք, սպասելով որոշ ժամանակ, արդյունքում կամ դրական, կամ բացասական որոշում է կայացվում»,- գործող կարգը հիշեցրել է Գագիկ Եգանյանը:

 

Նա նշել է, որ փոփոխությունների համաձայն, նախկինում անհրաժեշտ թույլտվությունը վերանում է, այսինքն, աշխատաշուկան դառնում է միասնական:

 

«Հայաստանի քաղաքացին կունենա աշխատելու նույն հնարավորությունը, ինչ Ռուսաստանի քաղաքացին: Աշխատանքային պայմանագրով, բացի զուտ աշխատողից ՌԴ տարածքում օրինական են գտնվելու նաեւ նրա ընտանիքի անդամները»,- հավելել է նա:

 

Գագիկ Եգանյանը տեղեկացրել է, որ Հայաստանն իր կողմից արդեն ավարտել է այս փոփոխությունների ներպետական համաձայնեցման առաջին փուլը, իսկ ռուսաստանյան կողմը՝ դեռ ոչ: Նրա խոսքով, Ռուսաստանն իր պարտականությունները պետք է ավարտի մինչեւ հուլիսի 11-ին Սոչիում նախատեսված Ռուսաստանի եւ Հայաստանի վարչապետների հանդիպումը:

 

Նախատեսվում է, որ նշված համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն մինչեւ այս տարվա վերջ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին