Ռուբեն Վարդանյան. Ամենամեծ երջանկությունը ներքին ազատությունն է - Mediamax.am

54376 դիտում

Ռուբեն Վարդանյան. Ամենամեծ երջանկությունը ներքին ազատությունն է


Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Հանրային հեռուստատեսություն

Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Հանրային հեռուստատեսություն

Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Հանրային հեռուստատեսություն


Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը հունվարի 23-ին հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսության «Հանրային օրակարգ» հաղորդմանը: Մեդիամաքսը ներկայացնում է հարցազրույցի ընթացքում հնչած որոշ մտքերը:

 

«100 կյանք» նախագծի եւ շնորհակալություն հայտնելու մասին

 

Այս նախագծի գաղափարը ծնվել է քրոջս եւ ընկերներիս հետ քննարկումների արդյունքում: Երբ մենք խոսում ենք ցեղասպանության մասին, ցավոք, ավելի շատ անդրադառնում ենք այն դժոխային դեպքերին, որոնք տեղի են ունեցել: Բայց նայելով մեր ընտանիքի, պապուս պատմությանը, հասկացանք, որ պետք է պատմել նաեւ այն մարդկանց մասին, որոնք օգնել եւ փրկել են հայերին: Նաեւ այդ մարդկանց շնորհիվ մենք շարունակեցինք հայ մնալ եւ պահպանվեցինք իբրեւ ազգ:

 

Նախ, այս նախագծով մենք ցանկանում ենք ցույց տալ, որ անկախ ամեն ինչից, քեզ շրջապատող իրականությունից, մարդը կարող է մարդ մնալ: Երկրորդը՝ ուզում ենք ցույց տալ թուրքերին եւ ինքներս մեզ, որ մենք հաղթել ենք, իսկ ցեղասպանության ծրագիրը տապալվել է ՝ մենք կենդանի ենք, ապրում ենք եւ հաջողության ենք հասնում:

 

Հաջողության հասած ազգն ավելի ուժեղ է դառնում: Լինել ուժեղ՝ նշանակում է, որ սեփական ցավի մասին խոսելուց բացի, կարողանում ես «շնորհակալություն» ասել եւ օգնել ուրիշներին:

 

Ավրորա մրցանակն առաջին անգամ շնորհվելու է այս տարի Երեւանում՝ ապրիլի 24-ին: Մենք ստացել ենք հայտեր 113 թեկնածուների համար եւ անկախ մարմինը, որի կազմում ընդգրկված են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ, կկատարի ընտրությունը: Սակայն ես չեմ ցանկանում, որ սա ընկալվի իբրեւ մի մրցույթ: Այս մրցանակը կոչված է հարգանքի տուրք մատուցել նրանց, ովքեր այսօր, երբ մենք ավելի շատ լսում եւ խոսում ենք վատի մասին, փորձում են օգնել մարդկանց:

 

Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգման եւ ազգային արժեքների մասին

 

Երբ առաջին անգամ երեխաներիս տարա Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցի եւ տեսա նրա վիճակը, հասկացա, որ մենք՝ հայ լինելով, պարտավորություն ունենք մեր ազգի առջեւ: Մեր պարտքն է պահպանել մեր պապերի թողած ժառանգությունը, եւ դա անել  ոչ միայն հպարտանալու համար: Դա մեծ ուժ է տալիս օտար երկրում ապրող հայերին:

Ռուբեն Վարդանյանը Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Հանրային հեռուստատեսություն

Սուրբ Գեւորգ եկեղեցին իսկապես յուրահատուկ է՝ իր պատմությամբ, որմնանկարներով: Երբ խոսում ենք եկեղեցու մասին, պետք է հիշենք, որ պետականության բացակայության պայմաններում եկեղեցին է եղել այն միակ ուժը, հաստատությունը, որը մեզ պահպանել է որպես ազգ, կրթություն է տվել՝ Թբիլիսիում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Երուսաղեմում, Վենետիկում, Սինգապուրում:

Մենք՝ որպես ազգ, ունենք առավելություններ, որոնք երբեմն չենք գիտակցում: Օրինակ, Երուսաղեմի հայկական թաղամասը: Մեծ առավելություն լինելով, սա նաեւ մեծ պատասխանատվություն է:

 

Ի դեպ, նոր եկեղեցիներ կառուցելու մեջ որեւէ վատ բան չեմ տեսնում՝ յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչ անել: Բայց պետք է կառուցել կամ վերականգնել ոչ միայն եկեղեցու շենքը, այլեւ փորձել կյանք հաղոդել դրանց: Սուրբ Գեւորգ եկեղեցուն հարող տարածքում նախատեսում ենք ունենալ «Թումո» կենտրոն, Թբիլիսիի հայտնի հայերի մասին պատմող թանգարան: Այսինքն, ստեղծվելու է հայկական օջախ, որտեղ գալով, մարդիկ ծանոթանալու են Թբիլիսիի կյանքում հայերի ունեցած ներդրմանը:

 

UWC Dilijan դպրոցի եւ հայ մնալու մասին 

 

Դիլիջանի UWC քոլեջի ստեղծումը ինձ համար հնարավորություն է անել այնպես, որպեսզի երեխաներս հպարտ լինեն, որ հայ են: Սա շատ դժվար է բացատրել, քանի որ այդ կապն ուղղակի չէ: Ցանկանում եմ այնպես անել, որ Հայաստանը դառնա այն երկիրը, որով մենք կկարողանանք հպարտանալ:

 

Երեխաներս ծնվել են Ռուսաստանում, մեծացել են Անգլիայում, կինս հայ չէ՝ նրանց հայ լինել-չլինելը որոշվելու է իրենց մտածողությամբ: Շատ լուրջ հարց է՝ ի՞նչն է մեզ պահպանում որպես հայ: Նախկինում միավորող ուժը ցեղասպանության խնդիրն էր եւ անկախ Հայաստան ունենալու երազանքը: Մենք դարեր շարունակ երազում էինք, որ ժամանակը կգա եւ մենք կունենանք անկախ Հայաստան: Հիմա ունենք անկախ Հայաստան, ցեղասպանության հարցը դառնում է պատմություն եւ ավելի դժվար է ձեւակերպել մեզ միավորող գործոնները: Վստահ եմ՝ զարգացող Հայաստան ստեղծելն այն միակ ճանապարհն է, որը միավորելու հայ ազգը:

 

21-րդ դարում մրցունակ է այն ազգը, որը ստացել է  լավ կրթություն եւ բաց է փոփոխությունների համար: Մենք առաջին անգամ ապրում ենք մի երկրում, որի բնակչության 98 տոկոսը հայեր են՝ դարերով ապրել ենք բազմազգ պայմաններում, օտարների մեջ: Մենք պետք է շատ կարեւոր ճանապարհ անցնենք՝  հայ մնանք եւ միեւնույն ժամանակ կարողանանք ապրել բազմազգ միջավայրում, շփվենք այլ ազգերի հետ:

 

Դրա համար մարդիկ պետք է ճանաչեն Հայաստանը եւ մենք մտածեցինք, որ շատ կարեւոր է տարբեր ազգերի երեխաների միավորել մեկ քոլեջում: Սա կօգնի, որ  նրանք, ապագայում հայտնի դառնալով ու հաջողությունների հասնելով, հիշեն Հայաստանում անցկացրած տարիների մասին եւ ստեղծեն Հայաստանի բարեկամների յուրահատուկ ցանցը:

 

Քաղաքական հավակնությունների եւ Դիլիջանում իր ցանկալի անձին քաղաքապետ «դարձնելու» մասին

 

Ցավոք, մենք ապրում ենք մի հասարակությունում, որը չի հավատում ոչ մեկին եւ ոչնչին: Սա շատ վտանգավոր եւ բացասական երեւույթ է: Հավատն օգնում է առաջ գնալ:

 

Դիլիջանի ընտրությունների պարագայում մենք ասում ենք մեկ բան՝ եկեք հարգենք դիլիջանցիներին: Դիլիջանի զարգացումը ոչ թե Ռուբեն Վարդանյանի, այլ դիլիջանցիների ձեռքերում է: Դիլիջանի զարգացումը կարող է օրինակ դառնալ Հայաստանի մյուս քաղաքների համար: Մենք պարզապես ստեղծում ենք պայմաններ, եւ մեզ համար կարեւոր է, որպեսզի Դիլիջանում ընտրվի ոչ թե «Ռուբենի քաղաքապետը», այլ հենց իրենց՝ տեղի բնակիչների քաղաքապետը:

Ռուբեն Վարդանյանը Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Հանրային հեռուստատեսություն

Ուրախ եմ, որ մենք տեսնում ենք մտածելակերպի փոփոխություն դիլիջանցի երիտասարդների շրջանում, ովքեր, օրինակ, ինքնուրույն որոշեցին մաքրել քաղաքը կուտակված աղբից: Շատ ոգեւորիչ է, երբ երիտասարդությունը ցանկանում եւ ինքնուրույն փոփոխություններ է նախաձեռնում: 

 

Կարծում եմ՝ ո՞վ էլ ընտրվի քաղաքապետ, պետք է ժողովրդի կողմից ընտրված, ժողովրդին հավատարիմ ու հաշվետու քաղաքապետ լինի:

 

Հայաստանի ապագայի մասին

 

Բոլոր ծրագրերը, որոնք իրականացնում ենք, դուրս են եկել «Հայաստան 2020» ծրագրից եւ միտված են Հայաստանի զարգացմանը: Իհարկե, ծրագրերում կա նաեւ զգացմունքային շերտ՝ մենք անում ենք այս ամենը, քանի որ սիրում ենք մեր հայրենիքը: Բայց ծրագրերը լավ մտածված են, որպեսզի օգնեն փոխել հայկական աշխարհի՝ Հայաստանում եւ սփյուռքում ապրող մարդկանց մտածելակերպը: Մենք ուժեղ ենք եւ 21-րդ դարում կարող ենք ոչ միայն գոյություն պահպանել, այլեւ հաջողությունների հասնել: Մենք կարող ենք հպարտանալ ոչ միայն մեր անցյալով, այլեւ ներկայի հաջողություններով:

 

Լավ կյանքի եւ աշխարհը փոխելու բանաձեւի մասին

 

Երբ քննարկում էինք «100 կյանք» նախագիծը, մի մտքի եկանք. չնայած մի ամբողջ պետության կողմից ծրագրված էր հայերի ոչնչացման ծրագիրը, գտնվեցին թուրքեր, ովքեր փրկում էին հայերին՝ վտանգելով սեփական կյանքը: Սա նշանակում է, որ ոչ ոք եւ ոչինչ չի կարող կոտրել մարդու ներսի ուժն ու հավատը: Պետք է պարզապես  հավատալ քո արժեքներին եւ պատրաստ լինել պայքարել դրանց համար: 

 

Ամենամեծ երջանկությունը ներքին ազատությունն է, երբ մարդ  կարող է ազատ արտահայտել իր կարծիքը, երբ ինքն իրեն հարգելով, կարող է ազնվորեն նայել դիմացինի աչքերի մեջ: Մարդը, անկախ իր զբաղեցրած պաշտոնից, կարող է իր կյանքով օրինակ ծառայել մյուսների համար: Նրա երեխաները կարող են վստահ լինել, որ իր ծնողները չեն արել մի բան, որի համար նա պետք է ամաչի: Դա ավելի մեծ ուժ է տալիս, քան թիկնապահները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին