Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, Հայ-ռուսական համալսարանը մի «յուրահատկություն ունի՝ հայապահպանության գործը, որն այն իրականացնում է»:
Այս մասին նախագահն ասել է համալսարանի 20-ամյա հոբելյանին նվիրված գիտական խորհրդի նիստին:
«Տարօրինակ է, չէ՞, շատերի համար՝ Հայ-ռուսական համալսարան, բայց նշում եմ հայապահպանության գործոնը: Ես սա ասում եմ, որովհետեւ այն ուսանողները, մեր հայրենակիցները, ովքեր ապրում են Ռուսաստանում եւ ամեն տարի 200-ից ավելի գալիս, ուսանում են այս համալսարանում, վստահաբար կարող եմ ասել, որ նրանց մեծ մասը կապվում է Հայաստանին, շատ-շատերը վերհիշում են իրենց արմատները եւ այնուհետեւ ողջ կյանքի ընթացքում իրենց զգում են Ռուսաստանի լիարժեք քաղաքացի ու նաեւ հայ: Սա չափազանց կարեւոր առաքելություն է համալսարանի համար»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքով՝ համալսարանը Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության լավագույն օրինակներից մեկն է:
«Ուրախ եմ, որ այսօր համալսարանում առկա է գիտելիքի կարոտ եւ գիտելիքը գնահատող ուսանողություն, բանիմաց պրոֆեսորադասախոսական կազմ եւ հմուտ ու մեծ մասնագիտական եւ քաղաքական ուղի անցած ղեկավարություն: Դահլիճում նստած շատ-շատերի հետ ես աշխատել եմ եւ ներսից գիտեմ այն դժվարությունները, որ ժամանակի ընթացքում հաջողվել է հաղթահարել»,- նշել է երկրի ղեկավարը:
Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաեւ Հայ-ռուսական համալսարանի նոր մասնաշենքի շինարարության ընթացքին ու համալսարանի «Ուսմունք» հենակետային դպրոցի աշխատանքին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: