ELARD-ի մասին տեղեկատվությունը շարունակում է “top secret” մնալ - Mediamax.am

exclusive
4381 դիտում

ELARD-ի մասին տեղեկատվությունը շարունակում է “top secret” մնալ


ELARD-ի ղեկավարների հանդիպումը Քննչական կոմիտեի ղեկավարների հետ 2019թ. մարտի 28-ին
ELARD-ի ղեկավարների հանդիպումը Քննչական կոմիտեի ղեկավարների հետ 2019թ. մարտի 28-ին

Լուսանկարը` Քննչական կոմիտե


2019թ. Փետրվարից ի վեր Մեդիամաքսը փորձում է տեղեկատվություն ստանալ Ամուլսարի հանքի աուդիտ անցկացնելու համար ընտրված լիբանանյան Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերության մասին:

 

Հիշեցնեմ, որ փետրվարին փորձեցինք տեղեկատվություն ստանալ հենց ELARD ընկերությունից, որը, չնայած նախնական պայմանավորվածության առկայությանը, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին` պատճառաբանելով, որ բոլոր հարցումները պետք է ուղղել Քննչական կոմիտեին:

 

Մեզ հետաքրքրող հարցերից մեկը վերաբերում էր ELARD-ի նախկին փորձառությանը եւ փետրվարին փորձեցինք այդ տեղեկատվությունը ստանալ Քննչական կոմիտեից:

 

Քննչական կոմիտեն հայտնեց, որ «Elard ընկերությունը բավարարել է նախաորակավորման փուլում  հայտարարված պահանջները» եւ որեւէ հավելյալ տեղեկատվություն չհայտնեց ընկերության՝ նախկինում իրականացված աշխատանքների մասին:

 

Մարտին կրկին դիմեցինք Քննչական կոմիտեին՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել վերջին 2 տարվա ընթացքում ELARD-ի իրականացրած առնվազն 10 նախագծերի մասին, սակայն կրկին բովանդակային պատասխան չստացանք:

 

Ի վերջո, որոշեցինք հարցում ուղարկել ՀՀ կառավարություն, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր, որ ուսումնասիրություն պետք է իրականացվի միջազգային անկախ եւ հեղինակավոր ընկերության կողմից:

 

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին ուղղել էինք հետեւյալ 3 հարցերը.

 

-  Ինչո՞ւ է մամուլը զրկված հնարավորությունից տեղեկանալ մրցույթում հաղթած ընկերության՝ նախկինում իրականացված նմանատիպ աշխատանքների մասին:

 

- Արդյո՞ք վարչապետը անկախ է համարում ընկերությանը, որը հրաժարվում է պատասխանել լրատվամիջոցի այն հարցերին, որոնք որեւէ առնչություն չունեն Հայաստանում հարուցված քրեական գործի հետ:

 

- Արդյո՞ք Քննչական կոմիտեն վարչապետին ներկայացրել է Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերության նախկինում իրականացված աշխատանքները:

Կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած պատասխանը ներկայացնում ենք ստորեւ: Առաջին երկու հարցերը փաստացի մնացել են անպատասխան (մրցույթում հաղթած ընկերության փորձառության մասին տեղեկատվությունը չի կարող նախաքննության տվյալ համարվել), իսկ երրորդը հարցի պատասխանը որեւէ նոր տեղեկություն չի պարունակում եւ հանդիսանում է Քննչական կոմիտեի կողմից նախկինում տրամադրված տեղեկատվության ամփոփում:

 

Այսպիսով, ստիպված ենք արձանագրել, որ փաստացի անհնար է տեղեկություն ստանալ մի ընկերության փորձառության մասին, որի ուսումնասիրությունը որոշիչ է լինելու Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագրի ճակատագրի համար:

 

Արա Թադեւոսյան

 

Կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանը

 

«Ի պատասխան Ձեր  հարցման հայտնում ենք, որ Elard ընկերությունը ներգրավվել է համալիր փորձաքննության իրականացմանը՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող  քրեական գործի շրջանակներում, հետեւաբար՝  դրա վերաբերյալ մանրամասներն ու տեղեկատվությունը համարվում են նախաքննության տվյալ եւ հրապարակման ենթակա չեն առանց վարույթն  իրականացնող մարմնի թույլտվության։

 

Համալիր փորձաքննության հետագա ընթացքի, արդյունքների մասին հրապարակման ենթակա տեղեկատվությունը եւս կհրապարակվի  ՀՀՔԿ պաշտոնական կայքում։

 

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման եւ հետշահագործման ընթացքում  շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության ռիսկերի գնահատման եւ կարեւորագույն այլ հարցերի պարզաբանման նպատակով նշանակված համալիր փորձաքննության կազմակերպման, դրա ընթացքի  վերաբերյալ տեղեկատվություն պարբերաբար հրապարակվել է ՀՀ ՔԿ պաշտոնական կայքում։

 

Հրապարակվել է նաեւ քրեական գործով անկախ փորձագիտական գնահատման  նպատակով նախաորակավորման ընթացակարգի հայտարարությունը, որտեղ ներկայացված են մրցույթին մասնակցելու չափորոշիչները՝

 

1. Ընկերության ընդհանուր նկարագիրը (նկարագիրը, գրանցման հավաստագիրը, գրանցման հասցե, եւ այլն):

 

2․Վերջին 2 տարվա ընթացքում նման պահանջների  հետ համադրելի բնույթի եւ բարդության  առնվազն (10) նախագծերի ցանկ , ներառյալ` հաճախորդների անունները/կապի մանրամասները):

 

3․Հիմնական անձնակազմի որակավորումը եւ փորձը (առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող առնվազն մեկ ղեկավար աշխատակից եւ անձնակազմի առնվազն 1 տարվա համապատասխան փորձ ունեցող աշխատակից):

 

4․Ընկերության կողմից իր նախկին եւ ընթացիկ պարտավորությունների կատարումը հավաստող փաստաթուղթ (հարկերի, տուրքերի եւ այլ պետական տուրքերի վճարում):

 

5․Չունենա շահերի բախում, այդ թվում նաեւ անձնակազմի աշխատակիցները:

 

6․Ունենա առնվազն 10 (տասը) տարվա գործունեության փորձ:

 

7․ Ունենա  միջինը 5 (հինգ) տարվա աշխատանքային փորձով  աշխատանքային ռեսուրսներ, նվազագույն  տարեկան շրջանառությունը ներկայացնող ֆինանսական հաշվետվություն (բնօրինակ փաստաթղթի պատճեն)։

 

Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 2 միջազգային մասնագիտական ընկերություններ, որոնց ուղարկվել է մրցութային  տեխնիկական առաջադրանքը եւ առաջարկվել է ներկայացնել տեխնիկական առաջադրանքին համապատասխան՝ մրցութային առաջարկ, գործողությունների պլան, մասնագետների ցանկը, ովքեր ներգրավվելու են համալիր փորձաքննության կատարմանը՝ ինչպես նաեւ գնային առաջարկ։

 

Միջազգային մրցույթ կազմակերպելու, անցկացնելու,արդյունքներն ամփոփելու նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովը քննարկել է նշված ընկերությունների կողմից ներկայացված տեղեկատվությունը, կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ եւ վերլուծություններ, ինչի արդյունքում նախապատվությունը տրվել է մրցույթին մասնակցած «Earth link & Advanced Resources Development» (Elard) ընկերությանը։

 

ՀՀ քննչական կոմիտեն կառավարությանն է ներկայացրել նշված չափորոշիչներին համապատասխանող «Earth link & Advanced Resources Development» (Elard)

Ընկերության տվյալները, որը հաղթող է  ճանաչվել՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման եւ հետշահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության ռիսկերի գնահատման նպատակով  նշանակված համալիր փորձաքննությունն իրականացնելու համար հայտարարված մրցույթում։

 

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ կազմվել է որոշման նախագիծ, որով պետբյուջեից ELARD ընկերությանը հատկացվել է 396 հազար 900 ԱՄՆ դոլար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին