Սերը, կիրքը, ժամանակն ու երջանկությունը - Mediamax.am

Սերը, կիրքը, ժամանակն ու երջանկությունը
23808 դիտում

Սերը, կիրքը, ժամանակն ու երջանկությունը


1970 թվականին լույս տեսավ Վարազդատ Հարությունյանի «Անտիկ աշխարհի ճարտարապետությունը» աշխատությունը: 1970 թվականին Deep Purple-ը թողարկեց In Rock ալբոմը՝ Child in Time երգով:

1971 թվականին Մարտիրոս Սարյանը ստեղծեց իր վերջին՝ «Հեքիաթ» գեղանկարը: 1971-ին լույս տեսավ Deep Purple-ի Fireball ալբոմը:

Ես կծնվեմ մի քանի տարի անց՝ 1976 թվականին: 14 տարի անց, 1990-ին, մի քանի ժամ ապարդյուն կսպասեմ Իէն Գիլանին Մարզա-համերգային համալիրի ծառայողական մուտքի մոտ՝ ինքնագիր ստանալու հույսով: Իսկ դրանից 29 տարի անց չորրորդ անգամ կհյուրընկալեմ Իէն Գիլանին Երեւանում եւ անմոռանալի երեկո կանցկացնեմ նրա հետ Վարազդատ Հարությունյանի տան բակում՝ Սարյանի տուն-թանգարանի հարեւանությամբ, որտեղ հիմա գործում է Gouroo ռեստորանը: Իէն Գիլանի եւ Թոնի Այոմիի հետ կբարձրանանք երկրորդ հարկ ու կմտնենք Վարազդատ Հարությունյանի խնամքով պահպանվող աշխատասենյակը, որտեղ էլ նա, ամենայն հավանականությամբ, գրել է «Անտիկ աշխարհի ճարտարապետությունը»:

Բակում նստած երկար ու անշտապ զրուցում ենք Գիլանի հետ: Րիչի Բլեքմորի, Էրիկ Քլեփտոնի, մեր դստրերի, Jesus Christ Superstar ռոք-օպերայի մասին: Տաք երեւանյան երեկո, գինի, համեղ ուտելիք, զրույց ու զուգահեռ հուշեր:

1990 թվականի մայիս, Իէն Գիլանի չորս համերգներից վերջինն է: Բեմի մոտ ենք, նա պարբերաբար կռանում է եւ ձեռքով խփում  հանդիսատեսի ձեռքերին: Հանկարծ նայում է դեմքիս եւ դիպչում նաեւ իմ ձեռքին: Իսկ հիմա մենք միասին նստած ենք երեւանյան բակում ու զրուցում ենք, զրուցում:

***

Հյուրերին դիմավորել ենք եւ գնում ենք հյուրանոց: Թոնի Այոմին պատմում է, որ վերջերս Բրայան Մեյն իրեն հյուր էր եկել, գրպանից հանում է հեռախոսը ու ցույց տալիս լուսանկարները: Բրայան Մեյին հանդիպել եմ 2010 թվականի հոկտեմբերին Լոնդոնում Հայաստանի դեսպանատանը, որտեղ եկել էր Պատվո շքանշանը ստանալու համար: Դրանից հետո որոշակի պարբերականությամբ շփվում ենք էլեկտրոնային փոստով: Բայց երբ Թոնի Այոմին ինձ ցույց է տալիս իրենց համատեղ լուսանկարները, ուղեղս հրաժարվում է հավատալ, որ գործ ունեմ այս մարդկանց հետ.



***

Գյումրիում Գիլանն ու Այոմին ծանոթանում են Ջագի՝ լեգենդար «Բամբիր» խմբի հիմնադիր Գագիկ Բարսեղյանի հետ: Ճաշի սեղանի շուրջ Ջագը գրեթե չի խոսում: Ինչպես հետո ինձ փոխանցեց նրա կինը՝ Անահիտ Միրիջանյանը, Ջագն ասել է. «Ես նրանց հետ լուռ եմ շփվում»: Ավելի ակտիվ է Ջագի որդի Նարեկը՝ «Բամբիռի» նոր սերնդից: Հյուրերին նվիրում են «Բամբիռի» Armenian scotch ալբոմը: Ես էլ հիշում եմ, որ «Բամբիռի» սիրահարն ու աջակիցը իմ լավ բարեկամ Չարլզ Լոնսդեյլն էր՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը: Հենց նա 2009 թվականին օգնեց ինձ, լուծեց անլուծելի թվացող խնդիրը եւ մենք Իէն Գիլանին եւ Թոնի Այոմիին առաջին անգամ հրավիրեցինք Հայաստան:

***

«Նարեկացի արվեստի միության» նվագախումբը ժողովրդական գործիքներով կատարում է Black Sabbath-ի She's gone-ը:



Առաջին շարքում նստած Այոմին եւ Գիլանը ուշադիր լսում են: Շատ սիրուն ու խորհրդավոր է: Աչքերս լցվում են ու ամեն կերպ փորձում եմ արցունքներս թաքցնել ներկաներից: Այս ամենի մեջ ներդրված սիրո, կրքի ու ջանքի հետեւանք են դրանք: Անբացատրելի ու հսկայական սերն է, որ մեզ ու միշտ անհասանելի թվացող այս մարդկանց 70-ականներից ու 90-ականներից բերել, հասցրել է 2019 թվական, երբ մենք ընկերություն ենք անում մեր սիրելի քաղաքում:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին