Ի՞նչ կարող է տալ Open Source-ը Հայաստանին - Mediamax.am

Ի՞նչ կարող է տալ Open Source-ը Հայաստանին
4632 դիտում

Ի՞նչ կարող է տալ Open Source-ը Հայաստանին


Հայաստանի ամենասկզբունքային եւ, իմ կարծիքով, ամենաչլուծված խնդիրներից է նրա մասնագիտացումը աշխարհում: Ի՞նչ քայլեր ենք մենք ձեռնարկում, որոնք, մեր տեսակետից, կարող են զգալի հաջողություններ բերել մեզ: Գրավիչ է թվում զբոսաշրջությունը, սակայն եթե նայենք տուրիզմում զգալի հաջողությունների հասած երկրներին, օրինակ` Հունաստանին կամ Թուրքիային, ապա հստակ է դառնում, որ տուրիզմը ինքնին չի կարող բավարար ներդրումներ կատարել տնտեսություն` դրա զարգացումը ապահովելու նպատակով: Ցավոք, աշխարհում մեծ մրցակցություն կա այս ոլորտում. գրեթե յուրաքանչյուր երկիր ուզում է զբոսաշրջիկներ ներգրավել:

Այդ պատճառով էլ մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչ կարող ենք անել Հայաստանում հանգիստ կյանք ապահովելու համար: Մենք ապրում ենք հետինդուստրիալ շրջանում, երբ եկամուտի առավել արդյունավետ միջոց են հանդիսանում ոչ թե մեր ձեռքերը, այլ խելքը: Դրա համար էլ ուզում ենք, որ Հայաստանը ինչ-որ կերպ մասնակցի այդ միտումներին: Չի կարելի ասել, թե այս ոլորտում մրցակցությունը քիչ է, սակայն բավականին ակնհայտ է, որ շատ երկրներ ի վիճակի չեն մասնակցելու ուղեղների մրցակցությանը, ի տարբերություն նույն տուրիզմի, որին ով ասես մասնակցում է:  Այս սյունակում ես կպատմեմ բավականաչափ հստակ գաղափարի մասին, որը մեզ կօգնի հմտանալ համաշխարհային հետինդուստրիալ շուկայում:

Վերջերս Ռուսաստանում, հետեւելով Բրազիլիայի, Հնդկաստանի, Չինաստանի  եւ այլ երկրների օրինակին, միջոցներ ձեռնարկեցին բոլոր պետական կառույցները Open Source տեխնոլոգիաներին անցկացնելու ուղղությամբ: Հարց է առաջանում` ինչու՞ է դա արվում: Սկզբում երկու խոսք այն մասին, թե  դա ինչ է, քանի որ տարբեր մարդիկ, ովքեր կարծում են, որ լավ են հասկանում այս տերմինը, շատ հաճախ այս գաղափարի ներքո տարբեր բաներ են հասկանում:

Open source-ը (բառացի "բաց աղբյուր") գաղափարախոսություն է, որի դեպքում այսպես կոչված «նախնական կոդը», այսինքն` ուղղակիորեն այն, ինչ ստեղծում են մարդիկ, ուրիշներին մատչելի է դառնում այն ձեւով, որ հնարավոր է դառնում ծանոթանալ, փոփոխել եւ զարգացնել այն: Սկզբում open source  մոտեցումը կիրառվել է ծրագրերում: Անգլիական "source" բառը (աղբյուր, սկզբնաղբյուր) նշանակում է ծրագրավորողների կողմից գրված ծրագրերի տեքստեր: Սակայն այժմ այդ մոտեցումը գտել է իր կիրառումը  տարբեր ոլորտներում: Կան open source ռոբոտներ, գործիքներ, տեխնոլոգիաներ եւ այլն: Ավելի հաճախ այն, ինչ համարվում է open source, բաժանվում է անվճար, իհարկե, որոշակի պայմաններով: Open source ապրանքների մշակմանը մարդիկ միանում են տարբեր պատճառներով: Շատերը զբաղվում են դրանով, քանի որ դա հետաքրքիր է, եւ նրանք ունեն ազատ ժամանակ: Ուրիշները` որովհետեւ դրա դիմաց գործատուները վճարում են նրանց: Ոմանք էլ, իրենց կողմից մի բան ավելացնելով, վաճառում են արդյունքը մեկ ուրիշին:

Open source-ի գաղափարը հեղաշրջում կատարեց տեխնոլոգիաների աշխարհում: Եվ ոչ միայն այն պատճառով, որ շատ բաներ դարձան անվճար: Ավելի կարեւորն այն է, որ open source տեխնոլոգիաները բաց են, մատչելի  կատարելագործման համար: Իսկ դա նշանակում է, որ հնարավորություն է ստեղծվում մասնակցել նման տեխնոլոգիաների կատարելագործման գործընթացին` շահագրգռված հաճախորդների պահանջները բավարարելու նպատակով: Եվ դրա դիմաց կարելի է դրամ աշխատել:

Դրա վրա է հիմնված պետական ծավալով open source ապրանքների, մասնավորապես ծրագրերի ներդրման գաղափարը: Պետությունը կարող է գնել օտարերկրյա առեւտրական արտադրանքներ, որոնք հասցվել են սպառողներին բավարարող մակարդակի: Այս դեպքում ողջ դրամը գնում է արտասահման. այլ երկրներում ապրող ծրագրավորողների աշխատավարձի, այդ երկրների բյուջե մտնող հարկերի եւ նման ծրագրեր արտադրող ընկերությունների սեփականատերերի եկամուտների ապահովման համար: Ընդ որում` գործը չի սահմանափակվում  միայն լիցենզիաների ձեռք բերմամբ, ստիպված ես մշտապես դրամ ծախսել տեխնիկական աջակցության վճարման եւ թարմացված տարբերակների ձեռք բերման համար:

Սա մեկ սցենար է: Երկրորդ տարբերակը` open source ապրանքների օգտագործումն է: Այս դեպքում պետությունը չի վճարում լիցենզիայի համար. ամեն ինչ անվճար է: Թվում է ամեն ինչ լավ է, բայց, ցավոք, շատ հաճախ open source ապրանքը չի բավարարում սպառողի պահանջներին: Պատճառները շատ են: Ծրագրավորողների կողմից ընդունված շատ որոշումներ բխում են «սա հետաքրքիր է անել», եւ ոչ թե «դա անհրաժեշտ է սպառողին» դիտարկումից: Մեկ այլ պատճառն այն է, որ նախքան open source ապրանքի մշակումը շատ հազվադեպ է անցկացվում հաճախորդների պահանջների լուրջ ուսումնասիրություն: Նման ապրանքների թիմերում շատ ծրագրավորողներ կան, սակայն դրանց մեջ շատ հազվադեպ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր ունեն մարկետինգային ուսումնասիրության փորձ: Կան նաեւ այլ պատճառներ:

Այս բոլորը բերում է նրան, որ open source ապրանքները որակապես հազվադեպ են համապատասխանում առեւտրական մակարդակին: Բայց դա կարեւոր չէ: Առաջին հերթին պետության համար պարտադիր չէ իր ծառայողներին ապահովել ամենալավ արտադրանքով: Իսկ երկրորդ հերթին, եւ դա շատ կարեւոր է, տեղական ծրագրավորողները կարող են լրացուցիչ գումարի դիմաց այդ ապրանքի որակը հասցնել անհրաժեշտ մակարդակի եւ հավելել այն ինչպես պետությանը, այնպես էլ կոնկրետ կազմակերպությանը  անհրաժեշտ ֆունկցիաներով: Բացի այդ, կարելի է լուծել open source ապրանքների եւս մեկ խնդիր` տեխնիկական աջակցության բացակայությունը: Տեղական ծրագրավորողները կարող են այդպիսի աջակցություն ապահովել, այդ թվում ` ապահովել ապրանքների նոր տարբերակների թարմացման հնարավորությունը առանց գործառնության կորստի:

Արդյունքում, որքան էլ տարօրինակ է թվում, պետության համար շատ հաճախ այդ ապրանքները ավելի թանկ կարժենան, քան եթե նրանք ձեռք բերեին լիցենզիաները օտարերկրյա արտադրողներից: Բայց այս դեպքում դրամը չի գնում արտասահման, այլ ծախսվում է տեղական ընկերությունների համար, եւ այնտեղից հարկեր են վճարվում տեղական բյուջե: Դա տեղական ընկերություններին հնարավորություն է տալի ուժ եւ փորձ ձեռք բերել, վարձել եւ պահել արժեքավոր աշխատողների: Ժամանակի ընթացքում այդ ընկերությունների աշխատակիցները կկարողանան բարձրացնել իրենց կարգավիճակը open source ապրանքի ծրագրավորման թիմում եւ կկարողանան ազդել ապրանքի հետագա հնարավորությունների վրա, ինչը կէժանացնի մշակված ծրագրի եւ անհրաժեշտ հնարավորությունների աջակցության արժեքը պետության համար, ինչն էլ կհեշտացնի եւ կարագացնի անցումը նոր տարբերակներին: Այս բոլորը հնարավորություն կտա նոր աշխատատեղեր ստեղծել, պատրաստել մասնագիտացված թիմեր, որոնք, հավանաբար, կկարողանան սկիզբ դնել իրենց նոր` ինչպես առեւտրական, այնպես էլ open source ապրանքներին եւ նախագծերին:

Նման մոտեցումը կօգնի լուծել եւս մեկ կարեւոր խնդիր, այսինքն` ապահովել բանակը տեխնոլոգիաներով, որոնք կախում չունեն տվյալ արտահանող երկրից, իսկ դա նշանակում է` խուսափել հնարավոր «անցքերից», որոնց միջոցով ինչ-որ մեկը անհրաժեշտության դեպքում կկարողանա կաթվածահար անել մեր բանակը:

Չի կարելի ասել, որ միայն այս մեխանիզմը բավարար է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների արդյունաբերություն զարգացնելու համար, սակայն ակնհայտ է, որ դա կօգնի գործին: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները, հետեւելով շատ երկրների օրինակին, պետք է որոշում կայացնեն` պետությունը open source ծրագրային ապահովմանը անցկացնելու վերաբերյալ: Բավական է վճարել օտարերկրացիներին, եկեք բյուջեի դրամը ծախսենք լավագույն ուղեղները մեր երկրում պահելու եւ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների արդյունաբերություն զարգացնելու համար:

Արամ Փախչանյանը «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիրն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը: Սյունյակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի տեսակետի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին