«Սինոփսիսը» և խոսքի ազատությունը - Mediamax.am

«Սինոփսիսը» և խոսքի ազատությունը
7594 դիտում

«Սինոփսիսը» և խոսքի ազատությունը


Այս ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Ինչպե՞ս կարելի է ժողովրդավար հասարակություն կառուցել առանց խոսքի ազատության։ Լավ, չկա՛ խոսքի ազատություն, գոնե՜ բազմակարծություն լինի։ Ասում եք կա՞ խոսքի ազատություն, թերթերը բացի քննադատությունից ուրիշ ոչինչ չե՞ն տպագրում։ Գուցե։ Բայց ո՞վ է թերթ կարդում։ Բոլորը միասին երևի 10.000 տպաքանակով էլ չեն տպագրվում։ Հեռուստատեսությո՛ւնը, հեռուստատեսությո՛ւնն է կարևոր ու լսարան ունեցողը։ Իսկ այնտեղ ի՞նչ խոսքի ազատություն, ի՞նչ բազմակարծություն։

Այս ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Ինչպե՞ս կարելի է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գերակա ուղղություն հայտարարել` չապահովելով ինտերնետի բարձր որակ, արագագործություն ու ցածր գին։

Ճիշտ եք։ Չի ստացվի առանց բարձրորակ ինտերնետի։ Դրա համար էլ կառավարությունը ամեն ինչ արեց, որպեսզի ինտերնետի օլիգոպոլ այդ շուկա մուտք գործի նոր օպերատոր։

Արդյունքը՞։ Արդյունքն այն է, որ երեք տարում կապի ոլորտում շուրջ 200 մլրդ դրամ մասնավոր ներդրումներ եղան։ Երեք տարում ինտերնետի գինը նվազեց շուրջ 50 անգամ։ Լայնաշերտ (արագագործ) ինտերնետի բաժանորդների թվաքանակը 14.000-ից հասավ 400.000-ի։Մասնագետների կարծիքով 2012 թվականին ինտերնետ օգտվողների թվաքանակը կհասնի 800.000-ի։

Բայց, ո՞ւմ է պետք նման արդյունքը։ «Ինտերնետով» ու «վիրտուալ տեխնոլոգիաներով» մարդկանց «չես կերակրի», զանգվածային զբաղվածություն էլ չես ապահովի։

Ճիշտ եք։ Չի կարելի ժողովրդավար հասարակություն կառուցել առանց խոսքի ազատության ու բազմակարծության։

Լուծումը՞։ Լուծումը միայն հեռուստատեսության մեջ չէ։ «Բազմակարծություն չապահովող» հեռուստատեսության ծրագրերը դիտում են շուրջ 500.000 հեռուստադիտող։ 400.000 ինտերնետ օգտվողների (էլ չասած 800.000-ի) պարագայում բազմակարծության նպատակ հետապնդողները խնդրի լուծումը գտել են ու գտնում են ինտերնետում։

Բայց ո՞ւմ է պետք նման լուծում։ Սա փոխում է մեզ, մեր նիստուկացը։ Մենք դա՛ չենք ուզում։ Մենք ուզում ենք, որ փոխվեք դո՛ւք։ Մենք ուզում ենք այսօ՛ր ու միանգամի՛ց։

Այս ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Պարզապես ամենօրյա աշխատանք։ Աշխատանք, որն ապահովում է «նոր» տնտեսության ձևավորում, աշխատանք, որն ապահովում է «նոր» հասարակության ձևավորում։
Դանդա՞ղ է…

Ճի՛շտ ենք անում, որ ուզում ենք այսօ՛ր ու միանգամի՛ց։

Դավիթ Սարգսյանը ՀՀԿ անդամ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ինքը ԼՐԱԳՐՈ՛Ղ է

Միացնելով կետերը

«Ներքին դիմադրություն»

Մենք կասկածում ենք...
Մեր ընտրանին