Հավաքականը որպես “հայկական երազանք” - Mediamax.am

Հավաքականը որպես “հայկական երազանք”
6930 դիտում

Հավաքականը որպես “հայկական երազանք”


Երեկ, ինչպես եւ շատ-շատերը, դիտում էի Հայաստան-Կանադա խաղը: Հայաստանի հավաքականի “մանիան” մեզանում այնքան է զարգացել, որ անգամ ընկերական խաղը ընկալում ենք “միայն հաղթանակ” կարգախոսի ներքո: Եվ լավ է, որ երեկ հենց այդպես էլ ստացվեց:

Նախկինում արդեն գրել էի այն մասին, թե ո՞րն է, իմ կարծիքով, մեր հավաքականի վերածննդի գաղտնիքը: Իսկ երեկ, դիտելով խաղը, մտածեցի, որ ի դեմս մեր ազգային հավաքականի գործ ունենք “հայկական երազանքի” յուրահատուկ մարմնացման հետ:

Նախորդ տարի, երբ Արազ Օզբիլիսը պաշտոնապես ներկայացվեց որպես մեր թիմի անդամ, մի փոքր թերահավատ էի: Այդ տղան հայերեն չէր խոսում, տարօրինակ ազգանուն ուներ, կարճ ասած, “հայի այդքան էլ նման չէր”: Երեկ, երբ նա խփեց իր գոլը ու համբուրեց շապիկի վրայի Հայաստանի զինանշանը, ամաչեցի այդ մտքերիս համար: Դժվար է պատկերացնել, թե ինչ կատարվեց այդ պահին նրա հոգում, նրա ծնողների ու բարեկամների հոգիներում, որոնց համար հենց այդ պահին Հայաստանը դադարեց երազյալ մի վայր լինելուց ու դարձավ իսկական հայրենիք: Կարծում եմ, ցնծացին նաեւ հազարավոր պոլսահայեր, որոնցից շատերն այսօր Արազի նման կրում են ազգանուններ, որոնք այդքան էլ նման չեն հայկական ազգանունների: Նրանք դա անում են ստիպված, սակայն այսուհետ այդ մարդիկ իրենց հայ զգալու ու դրանով հպարտանալու եւս մեկ պատճառ ու առիթ ունեն: Ու եթե Արազ Օզբիլիսը կայուն խաղ ցուցադրի մեր հավաքականում, այդ զգացումը միայն ուժեղանալու է:

Եթե խորհրդային կամ հետխորհրդային տարիներին որեւէ մեկն ասեր, որ հայերը երկրպագելու են Դոնեցկի «Շախտյորին», նրան խելագարի տեղ կդնեին: Իսկ այսօր շատ հայեր դիտում են «Շախտյորի» բոլոր հանդիպումները, անգամ այդ թիմի ընկերական խաղերը Արաբական Միացյալ Էմիրություններում, որոնք սպորտային տեսակետից քիչ արժեք ունեն: Սակայն երկրպագուների համար դա կարեւոր չէ, որովհետեւ «Շախտյորում» է խաղում Հենրիխ Մխիթարյանը: Էլ չեմ ասում այն մասին, որ «մեր Հենոն» հազարավոր ուկրաինացի ու ռուս երկրպագուներ ունի: Սա եւս “հայկական երազանքի” տարրերից մեկն է. ունենալ հայ մարդիկ, որոնցով կարող ենք հպարտանալ աշխարհի տարբեր կետերում:

Յուրա Մովսիսյանը ծնվել է Գյումրիում, ապրում է ԱՄՆ-ում, խաղում է Ռուսաստանի հարավում եւ Հայաստանի հավաքականի «սիրտն» է: Կարծում եմ, երիտասարդ «գլոբալ հայի» ավելի վառ օրինակ դժվար թե գտնենք: Կարող եք ասել` մանրուքներ են, սակայն երեկ ինձ հպարտ էի զգում, երբ խաղից հետո Յուրան, ով հյուսիս-ամերիկյան MLS լիգայի առաջնության հաղթող է, ազատ ու անկաշկանդ զրուցում էր կանադացիների մարզչի հետ: Զրուցում էր վստահ, բայց ոչ մեծամիտ հաղթողի կեցվածքով:

Մարկոս Պիզելին եւս “հայկական երազանքի” մաս է կազմում, որքան էլ խոսքերս զարմանալի թվան: Մենք միշտ ասել ենք, որ ինքնաբավ ու ինքնամփոփ ազգ ենք, ու օտարները մեզանում լիարժեք ինտեգրվելու շանս չունեն: Բրազիլացի Մարկոսն ապացուցում է հակառակը` իր անկեղծ նվիրումով ու ուրախությամբ` ամեն խփած գնդակից հետո: Կարող էին արդյո՞ք մեր հայրերը, որոնք տասնամյակներ առաջ հիանում էին Պելեով, Գարինչայով ու Վավայով, պատկերացնել անգամ, որ տասնամյակներ անց մենք կունենանք մի թիմ, որտեղ հպարտ, ուժեղ եւ նվիրված հայերի կողքին կխաղա բրազիլացի մի տղա, ով լույս աշխարհ է եկել բրազիլացի այդ գերաստղերի ելույթներից շատ հետո: Միթե՞ երազանք չէ:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին