Սոսկ ազատությունը ապագա չի ապահովի - Mediamax.am

Սոսկ ազատությունը ապագա չի ապահովի
12769 դիտում

Սոսկ ազատությունը ապագա չի ապահովի


Երկու օր առաջ կարդացի Արմեն Գրիգորյանի հոդվածը, որում նա իր տեսակետը արտահայտեց իմ նախորդ շաբաթվա սյունակի շուրջ: Ես երախտագիտությամբ եմ ընդունում մտածված մեկնաբանությունները եւ սովորաբար չեմ փորձում կարծիքս պնդել կամ հակաճառել ուրիշի մտքերին: Սակայն այս դեպքում չկարողացա չմեկնաբանել Արմենի մի քանի գաղափարները, քանի որ, իմ կարծիքով, դրանք չափազանց հեռու են իրականությունից:

Սկսենք շատ տարածված թյուրիմացությունից Սթիվ Ջոբսի կամ Բիլ Գեյթսի թերի կրթության մասին, ինչից եզրակացություն է կայացվում, որ կրթությունը հաջողության հետ ոչ մի կապ չունի: Նախ մի այլ օրինակ բերեմ: Հայտնի գիտնական, ակադեմիկոս Յակով Զելդովիչը, ՍՍՀՄ-ում մշակված միջուկային ռումբի հեղինակներից մեկը, բարձրագույն կրթություն չէր ստացել, եւ դիպլոմ չուներ: Եվ ի՞նչ: Իր հասած գիտական արդյունքները կրթություն չէ՞ին պահանջում: Ամեն մարդ առանց բարձրագույն կրթության կարո՞ղ է ակադեմիկոս դառնալ եւ միջուկային ռումբ ստեղծե՞լ:

Այժմ վերադառնանք Բիլ Գեյթսի օրինակին: Առաջինը՝ նա իր դպրոցական կրթությունը ստացել է Վաշինգթոն նահանգի լավագույն մասնավոր դպրոցում: Ընկերոջս դուստրը այդ նույն դպրոցն է հաճախում, եւ ես ամբողջական պատկերացում ունեմ, թե որքան դժվար է այնտեղ սովորել, եւ ինչ որակի կրթություն են ստանում այդ դպրոցի աշակերտները: Երկրորդը՝ Գեյթսը Microsoft-ը լքելուց առաջ, այլ պաշտոններ զբաղեցնելուց բացի, հանդիսանում էր ընկերության գլխավոր համակարգային ճարտարապետը: Microsoft-ում աշխատող իմ բազմաթիվ ընկերներն եւ ծանոթները միեւնույն կարծիքի են, որ Բիլ Գեյթսից հետո այդ պաշտոնը թափուր է մնացել: Նրա նման երկրորդը ընկերության ավելի քան 50 հազար աշխատողների մեջ չի գտնվում: Նրա գիտելիքները ծրագրավորման եւ համակարգների կառուցման ոլորտում հավասարը չունեն:

Այժմ անդրադառնանք Սթիվ Ջոբսին: Իր կրթվածության մասին խոսելու փոխարեն, արժե լսել իր իսկ կարծիքը կրթության արժեքի մասին, որը նա արտահայտել էր Սթենֆորդի համալսարանը ավարտող ուսանողներին դիմելով: Անկասկած, նա չափազանց կրթված մարդ էր, եթե լավագույն ճարտարագետները իր կարծիքի հետ հաշվի էին նստում, եւ հոժարակամորեն դիմանում էին մարդկանց հետ շփվելու Ջոբսի յուրահատուկ ոճին` հանուն իր հետ աշխատելու հնարավորության: Սթիվ Ջոբսի վերադարձը որպես Apple ընկերության ղեկավար եւ դրան հետեւած վերելքը անհնարին կլինեին, եթե նա չտիրապետեր մեծ ամերիկյան բաժնետիրական ընկերությունը կառավարելու համար անհրաժեշտ գիտելիքներին: Նման գիտելիքների ձեռք բերելը տարիների աշխատանք է պահանջում:

Նշված երկու մարդիկ ստիպված են եղել բարձրագույն կրթությունը թողնել, սակայն ամբողջ կյանքում շարունակել են կրթվել, եւ միայն դրա շնորհիվ են կարողացել հաջողության հասնել: Կա մեծ տարբերություն կրթված լինելու եւ բարձրագույն կրթություն ստանալու միջեւ: Մեկը մյուսի միակ գրավականը չէ: 
Իսկ Արմենի Գրիգորյանի բերած Իտալիայի տարբեր նահանգներում բարձրագույն կրթություն ստացած մարդկանց համեմատելը եւ դրանից եզրակացություն կայացնելը ընդհանրապես զուրկ է որեւէ տրամաբանությունից: Բազմաթիվ այլ գործոններ կան, որոնք իրենց դերն են խաղում նման հարցերում: Բարձրագույն կրթության մակարդակը անգամ նույն փողոցի վրա գտնվող երկու համալսարանների միջեւ կարող է շատ տարբեր լինել: Կրթության բնույթն էլ քիչ կարեւոր չէ: Ինչո՞ւ Արմենը հենց Իտալիան մեջ բերեց: Մի թե իրեն հայտնի չէ, որ Սիլիկոնյան հովիտը առաջացել է այնտեղ հիմնադրված մի խումբ համալսարանների շուրջ: Արդյո՞ք նա չգիտի, որ Իսրայելի ներկայիս տնտեսական հաջողությունները հիմնականում պայմանավորված են երկրում ստեղծված կրթական համակարգով: Արդյո՞ք Իտալիայի հենց այդ մի հակաօրինակը ավելի համոզիչ է, քան կրթության սկզբունքային դերը ապացուցող բազմաթիվ այլ օրինակները: Եվ բնականաբար, Արեւմուտքի տնտեսական հաջողությունները անմիջականորեն կապված են Եվրոպայում գիտության եւ կրթության զարգացման հետ:

Ապա դառնանք հեղինակի արտահայտած մեկ այլ մտքին: Շատ եմ հարգում Մայր Թերեզային, սակայն Վիքիպեդիան նրա կամ ցանկացած այլ բարեգործության հետ համեմատել հնարավոր չէ: Դրանց միջեւ սարի եւ ձորի տարբերություն կա: Վիքիպեդիան տասնյակ հազարավոր մարդկանց կողմից ստեղծած մի անգնահատելի շտեմարան է, որը ծառայում է միլիարդներին: Դրա ազդեցությունը հնարավոր չէ գերագնահատել: Նման բազմաթիվ այլ օրինակներ կան, եւ դրանց քանակը գնալով աճում է: Ներկայումս արդեն բիզնեսում իրական հաջողության կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե բացի անմիջական արտադրանքից ունես բազմաթիվ հետեւորդներ, որոնք իրենց կամավոր ներդրումներով ավելացնում են քո ստեղծածի արժեքը: Եվ շատ անգամ ստացվում է (ինչպես, օրինակ, Twitter-ի դեպքում), որ հաջողությունը չի չափվում միայն ֆինանսներով:

Եթե այս մի քանի վրիպակները մի կողմ դնենք, ես համաձայն եմ Արմեն Գրիգորյանի արտահայտած այլ մտքերի հետ: Միանշանակ է, որ շուկան հիմնական դեր պիտի խաղա տնտեսության մեջ: Կասկած չկա, որ սեփականության իրավունքը պիտի գոյատեւի: Համաձայնեմ եմ նաեւ այն մտքի հետ, որ անձնական ազատությունը կարեւոր է տնտեսական զարգացման համար: Կարեւոր է, սակայն դրա գրավականը չի հանդիսանում: Սոմալիում, ուր ընդհանրապես պետություն չկա, մարդիկ իրենց բացարձակապես ազատ են զգում, սակայն նոր տեխնոլոգիաներ ստեղծելու փոխարեն զբաղված են թալանով: Միայն թալանով ապագա չես կառուցի: Ապագան ստեղծելու համար պետք է ստեղծագործել, այլ ոչ թե թալանել եւ ուրիշների ստեղծածը կործանել:

Եկեք սթափ նայենք իրականությանը. Հայաստանն այսօր հիմնականում ապրում է Ռուսաստանում նավթի արտահանման եւ դրանից գոյացած գումարների ներհոսքի շնորհիվ: Նավթի արտահանմամբ ապրելը քիչ է տարբերվում Սոմալիի ծովահենների մոտեցումից: Երկու դեպքում էլ ապրում ես ոչ թե ստեղծածիդ հաշվին, այլ ինչ-որ տեղից ստացած բարիքների շնորհիվ, եւ ապագայի համար ոչ մի բան չես անում: Սա է առաջնային խնդիրը, եւ այդ խնդիրն է, որ լուծման կարիք ունի, քանի որ դրանով է պայմանավորված մեր ազգի ապագան:

Արամ Փախչանյանը “Այբ” կրթական հիմնադրամի հիմնադիրներից է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:


Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին