Սասունցի Դավթի, Մայքլ Ջորդանի ու թզուկների մասին - Mediamax.am

Սասունցի Դավթի, Մայքլ Ջորդանի ու թզուկների մասին
18065 դիտում

Սասունցի Դավթի, Մայքլ Ջորդանի ու թզուկների մասին


Երեկ տեղեկացանք, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն օգնական ունի` Վարդան Քոչարյան անունով: Երեկ պարզ դարձավ, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այնքան խիստ զբաղված է, որ ժամանակ չունի ինքնուրույն պատասխանել իր ընդդիմախոսներին եւ այդ պատասխանատու գործը վստահում է իր օգնականին: Վերջինս էլ օլիմպիական չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանին խորհուրդ է տալիս քաղաքական գործիչների հետ «բարդ ինտելլեկտուալ քաղաքական բանավեճերի» մեջ չմտնել: Դե, ինչ արած, պատգամավորի օգնականը, ինտելեկտի մասին ակնարկելով, կարող է եւ չիմանալ, որ «ինտելեկտուալ» բառը հայերենում գրվում է մեկ լ-ով: 

 

Ինչի՞ց սկսվեց այս պատմությունը: Փորձեմ շատ հակիրճ ներկայացնել: Երբ ծանրամարտիկ Առաքել Միրզոյանը ձախողեց իր ելույթը Լոնդոնի Օլիմպիական խաղերում, 43 համաշխարհային ռեկորդների հեղինակ Յուրի Վարդանյանը կարծիք հայտնեց, որ ձախողման պատճառներից կարող էր լինել այն, որ Առաքել Միրզոյանը մարզվում էր թիմից առանձին ու այդ որոշման համար քննադատեց վերջինիս մարզիչ Օգսեն Միրզոյանին ու ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Ի պատասխան Առաքել Միրզոյանն ասաց, որ իրեն ծանրամարտի համաշխարհային լեգենդի կարծիքը «չի հետաքրքրում», իսկ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մամուլի ասուլիսում ասաց, որ Յուրի Վարդանյանը լավ կաներ, եթե օժանդակեր հայ մարզիկների նախապատրաստմանը իր` ԱՄՆ-ում գտնվելու տարիներին: Դրան հետեւեց Յուրի Վարդանյանը պատասխանը, ով առաջարկեց խնդիրը քաղաքական դաշտ չտեղափոխել ու բացատրեց, որ Գագիկ Ծառուկյանի հետ իր տարաձայնությունները բացառապես մասնագիտական են: Դրանից հետո «ծանրաձողին մոտեցավ» պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օգնական Վարդան Քոչարյանը, ում պատասխանը տարածեց ԲՀԿ լրատվության եւ հասարակայնության կապերի բաժինը:

 

Բայց ստացվեց այնպես, որ պարոն Քոչարյանի մոտեցումը շատ նման էր Առաքել Միրզոյանի մոտեցմանը` զրոյական արդյունքով: Պատգամավորի օգնականը որոշեց շարունակել քաղաքականացնել խնդիրը` իր նամակը վերնագրելով«Պատասխան նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական պարոն Յուրի Վարդանյանին»: 

 

Փաստորեն, մարդիկ ոչ մի կերպ չեն ցանկանում ընդունել, որ ծանրամարտի կենդանի լեգենդներից մեկը իրավունք ունի խոսելու ծանրամարտի եւ սպորտի մասին որպես նախկին մարզիկ ու ոչ թե որպես նախագահի խորհրդական: Դե լավ, դա դնենք մի կողմ` ամեն ինչում քաղաքական ենթատեքստ տեսնելը այսօրվա Հայաստանի երկրորդ առանձնահատկությունն է` «մուտիլովկաների» հետո, ու դրա հետ պայքարելը կարծես անիմաստ է:

 

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օգնական Վարդան Քոչարյանը Յուրի Վարդանյանին կոչ է անում`«մի ենթարկվեք պրովոկացիաների եւ մի հետեւեք պրովոկացիոն բնույթի հրապարակումներին», վերջում էլ հույս է հայտնում, որ մեծանուն մարզիկը կվերանայի իր «անտեղի արտահայտությունները»:

 

Կարծում եմ, եթե Գագիկ Ծառուկյանը դժգոհ է Յուրի Վարդանյանի մեկնաբանություններից, ոչինչ չի կարող կաշկանդել իրեն անձամբ հանդես գալ պատասխան խոսքով: Եվ ընդհանրապես վատ չէր լինի, եթե այս օրերին, երբ բոլորը տարակուսած են մեր մարզիկների ելույթներից, ԱՕԿ նախագահը որեւէ խոսք ասեր, միգուցե` հրապարակավ քաջալերեր այն մարզիկներին, որոնք դեռ շարունակում են պայքարը:

 

Իրականում, կարեւորը Յուրի Վարդանյանի, Գագիկ Ծառուկյանի, Առաքել Միրզոյանի կամ Տիգրան Ուրիխանյանի անձերը չեն: Կարեւորն ու ցավալին այն է, որ մենք պատրաստ ենք ամենաչնչին քաղաքական նպատակին հասնելու համար կանգ չառնել ոչնչի առջեւ ու ամենատգեղ կերպով արտահայտվենք մեր այն քիչ հերոսների մասին, որ ունենք: Կարծում եմ, Յուրի Վարդանյանի նման մարզիկ Հայաստանը չի ունեցել ու մոտ ապագայում չի ունենա: Բայց այսօր մի պատանի ծանրամարտիկ, ով պետք է բոլորից ներողություն խնդրեր իր տապալման համար, իրեն իրավունք է վերապահում ասել, որ Յուրի Վարդանյանի կարծիքը իրեն չի հետաքրքրում: Ու հարցն այն չէ, որ թեկուզ միայն այդ մոտեցման պատճառով նա երբեք չի դառնա այն մեծությունը, որը Յուրի Վարդանյանն էր` որքան էլ ֆիզիկապես ուժեղ լինես, փոքր ոգի ունենալով` մեծ մարզիկ չես դառնա: Խնդիրն այն չէ, որ երիտասարդ պատգամավորի երիտասարդ օգնականը իրեն թույլ է տալիս «նրբորեն» ակնարկել Յուրի Վարդանյանի մտավոր կարողությունների մասին` դրանց մասին որեւէ պատկերացում չունենալով: 

 

Հարցն այն է, որ մենք ոչնչացնում ենք մեր հասարակությունը, նման վարք դրսեւորելով հերոսների նկատմամբ: Ամենեւին չեմ ուզում աստվածացնել հերոսներին կամ ասել, որ դրանք անձեռնմխելի են: Բայց պետք է հասկանանք, որ այն հասարակությունը, որը նման կերպով է արձագանքում հարյուր հազարավոր մարդկանց երջանկության ու հպարտության պահեր, գնում է դեպի կործանում: Այսօր բոլորս պաշտում ենք մեր ֆուտբոլի հավաքականին, Հենրիխ Մխիթարյանին, Յուրա Մովսիսյանին: Հիմա ի՞նչ, եթե վաղը նրանցից մեկը մի բան ասի, որը դուր չի գա այս կամ այն քաղաքական ուժին, պետք է «վրա տա՞նք» նրանց վրա: 

 

Յուրի Վարդանյանը եղել է իմ մանկության հերոսը եւ ինձ համար անընդունելի է, երբ այդ հերոսին փորձում են նայել իշխանություն-ԲՀԿ ինտրիգների լույսի ներքո: Այո, Յուրի Վարդանյանը երեւի թե միակն էր, ով վերջին տարիների ընթացքում հանդես եկավ ԱՕԿ նախագահի գործունեության հրապարակային քննադատությամբ, խախտելով չգրված «տաբուն»: Բայց չէ՞ որ հենց ԲՀԿ-ն է վերջին ամիսներին խոսում բազմակարծության ապահովման անհրաժեշտության մասին:

 

Ամերիկայում գտնվելու տարիներին Յուրի Վարդանյանը մոտ 4 տարի աշխատեց Ազգային բասկետբոլային լիգայի (NBA) ամենահեղինակավոր ակումբում` «Չիկագո Բուլսում»: 2007թ. «Սպորտ Էքսպրես» թերթին տված հարցազրույցում նա պատմում էր Մայքլ Ջորդանի եւ Սքոթի Պիպենի հետ իր աշխատանքի մասին.

 

«Ապշած էի, թե ինչպիսի ուշադրությամբ էին հետեւում մարզիչների խոսքերին եւ կատարում առաջադրանքները: Գիտեին` ինչի են ուզում հասնել»:

 

Լավ կլիներ, որ այսօր Յուրի Վարդանյանի մասին քամահրանքով խոսողները եւս փորձեին հասկանալ` ինչի՞ են ուզում հասնել այս կյանքում եւ ինչ ճանապարհով: Ու անեին դա ծանրաձողին մոտենալուց առաջ եւ ոչ թե հետո` բառիս ուղղակի եւ փոխաբերական իմաստներով:

 

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին