«Պաշարված ամրոց» չդառնանք - Mediamax.am

«Պաշարված ամրոց» չդառնանք
17368 դիտում

«Պաշարված ամրոց» չդառնանք


Ուրբաթ օրվանից մեր դիվանագետները աշխատում էին, որպեսզի Եվրոպական Միությունը նպաստավոր հայտարարություն անի Ռամիլ Սաֆարովի գործի վերաբերյալ: Երեկ այդ հայտարարությունը արվեց` սառը ցնցուղ դառնալով շատերի համար:

Եվրոպական Միությունը թեեւ մտահոգություն հայտնեց Ադրբեջանի նախագահի արարքի առնչությամբ, ըստ էության, դատապարտող խոսքեր չասաց: Ավելին` ԵՄ-ն փաստացի պաշտպանեց Հունգարիայի` Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշումը: Իսկ ամենազավեշտալին այն էր, որ դաժան մարդասպանի աննախադեպ ներմանը նվիրված հայտարարության մեջ ԵՄ-ն նպատակահարմար գտավ ներառել «հաշտեցման» մասին ավանդական խոսքերը:

Մեր ԱԳՆ-ի աշխատանքը առանձին ու ծավալուն թեմա է: Ակնհայտ է, որ ԱԳՆ-ի ավելի լավ աշխատանքի դեպքում կարելի էր գործը ԵՄ հայտարարության չհասցնել.
եթե ոչ թե կանխել Սաֆարովի տեղափոխումը Ադրբեջան, այլ առնվազն նախապատրաստվել դրան` ի լուր աշխարհի հայտնելով նախապատրաստվող գործարքի մասին: Կարծում եմ, որ Արգենտինայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պարտավոր է գնահատական տալ իր ղեկավարած գերատեսչության աշխատանքին:

Երեկվա ԵՄ հայտարարությունից հետո շատ կարծիքներ հնչեցին այն մասին, որ «Եվրոպան վերջնականապես արժեզրկեց իրեն», «Նման Եվրոպայի հետ սերտանալ պետք չէ», «Հույսը դնենք միայն սեփական ուժերի վրա» եւ այլն: Թող ինձ ներեն նման կարծիքներ հայտնողները, բայց նրանք կամ անհույս ռոմանտիկներ են, կամ էլ քաղաքականությունից ու միջազգային հարաբերություններից շատ բան չեն հասկանում:

Քաղաքականությունը կառուցվում է բացառապես շահերի վրա: Դրա դեմ պայքարելն, հուզական ճառեր ասելը ժամանակի անիմաստ վատնում է:

Բնական է, որ ԵՄ-ն պետք է փորձեր այս կամ այն ձեւով պաշտպաներ իր անդամ Հունգարիային: Երբ օգոստոսի 31-ին ՀՀ նախագահը հայտարարեց Հունգարիայի հետ հարաբերությունների կասեցման մասին, շատերը չհասկացան, թե իրականում ինչ տեղի ունեցավ: Տեղի ունեցավ այն, որ իր անկախության 21-ամյա պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը, ըստ էության, դեմարշ արեց Եվրոպական Միության եւ ՆԱՏՕ-ի անդամի դեմ: Դեմարշի շարժառիթն ու արդարացված լինելը թողենք մի կողմ, դիտարկենք զուտ փաստը: Այս դեպքում այնքան էլ էական չէ, որ Հունգարիան դասվում է ԵՄ ու ՆԱՏՕ-ի «նոր» կամ «երկրորդ դասի» անդամների շարքին ու որ նրա վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ ղեկավարների «աչքի լույսը» չէ: Էականն այն է, որ այդ գերհզոր քաղաքական ակումբները իրենց անդամներին հենց այդպես «փուռը չեն տալիս»: Հունաստանը դրա վառ օրինակն է. Եվրոպայում բոլորը հասկանում են, որ այդ երկրի տնտեսությունը փլուզումից փրկելը գրեթե անհնար է, սակայն շարունակում են համառ ջանքեր գործադրել:

Հեռու չգնանք. Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է: Հիշո՞ւմ եք մի դեպք, որ Երեւանը քննադատեր Բելառուսին կամ Տաջիկստանին որեւէ բանի համար: Երևի, նման դեպքեր չեն էլ եղել: Ցանկացած դաշինքի հիմքում ընկած է գերակա շահը (մեր դեպքում` ֆիզիկական անվտանգության ապահովումը), որին ստորադասվում են մնացած բոլորը: Բնականաբար, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի արժեքային համակարգերի տարբերությունն ահռելի է, սակայն մեկ սկզբունքը բոլորի համար էլ, ըստ էության, նույնն է. միշտ էլ դաշնակցին թույլատրվում է ավելին, քան սովորական գործընկերոջը:

Երբ ՀՀ նախագահը հայտարարեց Հունգարիայի հետ հարաբերությունների կասեցման մասին, քչերը հիշեցին նաեւ այն մասին, որ Հայաստանը ԵՄ-ի հետ վարում է Ասոցացման Համաձայնագրի բանակցություններ եւ ընդհուպ մոտեցել է վիզային ռեժիմի դյուրացման պայմանագրի ստորագրմանը: Եվ բացառված չէ այնպիսի սցենար, երբ ԵՄ-անդամ Հունգարիան կարող է սկսել խոչընդոտել բանակցությունների ընթացքին: Ճիշտ այնպես, ինչպես անում է Կիպրոսը Թուրքիայի դեպքում: Վերջինս զայրույթից պայթում է, բայց ոչինչ անել չի կարող` Կիպրոսը Եվրամիության անդամ է:

Ստեղծված իրավիճակում Հունգարիայի հետ հարաբերությունների կասեցումը, երևի թե, միակ հնարավոր տարբերակն էր: Ըստ էության, ԱԳՆ-ն ՀՀ նախագահին այլ տարբերակ չէր թողել: Սակայն հիմա պետք է սթափ քայլերի քաղաքականություն մշակել ու զերծ մնալ պաշարված ամրոցի հոգեբանություն եւ վարվելակերպ ձեռքբերելուց: Բոլոր պաշարված ամրոցները ուշ թե շուտ ընկնում են, կամ էլ նրա պաշտպաններն այնքան են հյուծվում, որ պաշարման ավարտը պարտությանը  հավասարազոր է դառնում:

Սեփական շահերը չնսեմացնելով, պետք է շարունակենք հարաբերությունները Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ, տուրք չտանք` «նրանք մեզ պետք չեն, առանց նրանց են յոլա կգնանք» լոզունգներին: Միշտ հիշենք, որ մենք ենք ցանկանում մերձենալ Բրյուսելի հետ ու ոչ թե հակառակը: Մենք ենք ԵՄ-ին համոզում, որ դոնորների կոնֆերանս կազմակերպի, մեր սահմանային կետերի արդիականացման համար գումար տրամադրի եւ այլն:

Այո, մենք ունենք լրջագույն խնդիրներ, բայց դրանք անլուծելի չեն: Պարզապես պետք են նոր, նվիրված ու կաղապարներից դուրս մտածող մարդիկ, որոնք կարող են մշակել այդ սթափ քայլերի քաղաքականությունը: Ընդ որում, ոչ միայն արտաքին, այլեւ` ներքին քաղաքական կյանքում: Որովհետեւ հենց վերջինն է մեր բոլոր արտաքին քաղաքական բարդույթների արմատը:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին