Լրագրությունը կապիկության մի վերածեք - Mediamax.am

Լրագրությունը կապիկության մի վերածեք
19098 դիտում

Լրագրությունը կապիկության մի վերածեք


Հայտնի արտահայտություն կա այն մասին, որ ամեն հասարակություն ունի այնպիսի առաջնորդներ, որոնց արժանի է: Փորձեմ վերաձեւակերպել. այսօրվա հայ լրագրությունն ունի այն «հերոսներին», որոնց արժանի է:

Վաղուց էի ուզում այս թեմայով գրել, բայց զսպում է ինձ` ելնելով լրագրողական համերաշխության սկզբունքից, որը, կարծում եմ, պետք է փորձել հնարավորինս պահպանել: Սակայն նայելով որոշ լրագրողների պահվածքին ստորեւ ներկայացված տեսահոլովակում, համոզվեցի, որ չեմ կարող համերաշխություն դրսեւորել այն մարդկանց ու երեւույթների հետ, որոնք լրագրության հետ որեւէ կապ չունեն.



Վերջին տարիներին Հայաստանում ձեւավորվեց իրենց լրագրող համարող մարդկանց (հիմնականում` անհասկանալի արտաքին, հագուստ ու վարք ունեցող երիտասարդ աղջիկների) մի զանգված, որին անկեղծորեն դուր է գալիս, երբ իրենց դիմում են «ազիզ ջան», «մեռնեմ ջանիդ» արտահայտություններով:

Նրանք, բնականաբար, չգիտեն լրագրության այն ոսկե կանոնը, որ երբ զրուցակցիդ թույլ ես տալիս անցնել «դիստանցիան», դու այլեւս որեւէ շանս չունես լավ նյութ պատրաստելու: Զավեշտալին, սակայն, այն է, որ լավ նյութ պատրաստելու խնդիր դրված չէ: Հիմնական իմաստը ժամանակ անցկացնելն է, երեկոյան ընկեր-ընկերուհիներին պատմելը, որ «դե էսօր էլի Ալեքսանյան Սամվելին բռնացրինք, մենք իրա վրա կայֆեր բռնեցինք, ինքը` մեր վրա»:

Իմ ոչ հարգելի «գործընկերներ», փորձեք վերջապես հասկանալ, որ սա խաղ չէ: Այսօր նման անարժան կեցվածք դրսեւորելով` դուք ոչնչացնում ենք հույսը, որ Հայաստանի լրատվական դաշտը երբեւէ կարող է մաքրվել, որովհետեւ աստիճանաբար մարդկանց սկսում է թվալ, որ լրագրությունն հենց այն է, ինչ դուք եք անում:

Դուք լրագրող չեք: Դուք ընդամենը կարող եք ձայնագրիչ պահել այս կամ այն, մեղմ ասած, հակասական կերպարի բերանի մոտ ու սրտատրոփ սպասել, թե երբ է նա մի բան բլթցնելու (ձեր ժարգոնով ասած), որ ձեր թերթում կամ կայքում «իրա վրով» (էլի ձեր ժարգոնով ասած) մի բան գրեք: Եթե լրագրող լինեիք ու ձեզ իսկապես հետաքրքրեին, ասենք, Սամվել Ալեքսանյանի արտադրած շաքարի գնագոյացման հարցերը, կարող էիք ուսումնասիրել ԱՊՀ տարածքում գործող նմանատիպ գործարանների գների դինամիկան, կապ հաստատել նրա հումքի բրազիլացի մատակարարների հետ, կարող էիք փորձել պարզել, թե որքան հումք ու ինչ գնով են ներկրում պատգամավորի հիշատակած Կոկա-Կոլան ու Պեպսի-Կոլան, եւ այլն: Այսինքն, զբաղվեիք նրանով, ինչը եւ կոչվում է լրագրություն:

Բայց ինչո՞ւ գնալ նման բարդ ճանապարհով: Կարելի է, ասենք, հերթական անգամ զանգել Սյունիքի մարզպետին, տալ նրան ծեծված հարցեր, ստանալ ծեծված պատասխաններ` հրամցված հայհոյախառն արտահայտություններով, ու ձեր այդ «զրույցը» ներկայացնել թերթի մի ողջ էջում:

Իրականում դուք չեք ցանկանում, որ Հայաստանում չլինեն մականունավոր պատգամավորներ: Չեք ցանկանում, որովհետեւ եթե նրանք վերանան, կվերանաք նաեւ դուք: Այլեւս ո՞ւմ հետ եք մտերմիկ զրույցների բռնվելու Ազգային ժողովի միջանցքներում` չհասկանալով, որ ձեզ պարզապես օգտագործում են:

Դուք այնպիսին եք, ինչպիսին որ կաք, ու ես պատրանքներ չունեմ, որ երբեւէ կարող եք փոխվել ու իսկական լրագրող դառնալ: Բայց մի փորձեք ձեւացնել, որ այս կամ այն պատգամավորին շաբլոնային հարցեր տալով, դուք փորձում եք «մերկացնել» նրան: Իրականում ինքնահաստատվում եք միմյանց հաշվին: Ու հենց դա է սարսափելին:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին