Ազգային թրոլինգի առանձնահատկությունները - Mediamax.am

Ազգային թրոլինգի առանձնահատկությունները
17085 դիտում

Ազգային թրոլինգի առանձնահատկությունները


Բավականին դժվար է բացատրել, թե ինչ է ինտերնետային թրոլինգը: Հիմնականում այն պատճառով, որ թրոլինգի ձեւերն արագ փոփոխվում են՝ հարմարվելով սոցիալական դիսկուրսին: Բայց եթե նկարագրենք ընդհանուր գծերով, ապա դա օգտատիրոջ սադրումն է, ինչպես նաեւ զոհին վիրավորելը նորագույն տեխնոլոգիաների կիրառման եւ խղճի բացակայության պայմաններում: Սովորաբար «թրոլ» են համարում նրանց, ովքեր գիտակցաբար փորձում են հունից հանել որեւէ կոնկրետ հասցեատիրոջ կամ պարզապես ապականել ինչ-որ թեմա:

Ինձ թվում է, որ տերմինը նորացում է պահանջում, քանի որ, երբ ինտերնետում սկսեցին շփվել ոչ միայն «ընտրյալները», այլեւ գրեթե բոլորը, ցանցում այնքան շատ մարդ հայտնվեց, որ քաոս սկսվեց: Արդյունքում, ինտերնետում ի հայտ եկան հսկայական քանակությամբ թրոլներ, որոնք զբաղվում են թրոլինգով՝ իրենք էլ դա չգիտակցելով: Կրիպտոթրոլինգը դարձավ ինտերնետի առանձնահատկություններից մեկը նաեւ Արմնետում: Եվ, իհարկե, կան հայաստանյան կրիպտոթրոլինգի ընդհանուր, արխետիպային մեթոդներ: Բերենք մի քանի օրինակ: 

Ապոկալիպտիկ թրոլներ. Ինչպես կործանել ցանկացած մեկնարկ, որը չի հանգեցնում երկրագնդի վրա Դրախտի անհապաղ հաստատմանը

Պատկերացրեք, ինչ-որ մեկը հասկացել է, որ կարող է որեւէ փոքր ու կոնկրետ բան անել, եւ փորձում է իր շուրջը հավաքել նրանց, ովքեր կարող են իրեն օգնել այդ հարցում: Եվ ահա ի հայտ են գալիս երկու թրոլներ, անվանենք նրանց Ա եւ Բ: Ա-ն հայտարարում է. «ի՞նչ իմաստ ունի լուծել այդ խնդիրը, եթե ամեն ինչ փտել է: Պետք է սկսել ամենավերեւներից, հակառակ դեպքում այս ամենն անիմաստ է»: Բ թրոլը, իր հերթին, հայտարարում է. «Ձեր մանր իրարանցումով դուք շեղում եք ուշադրությունն ավելի էական խնդիրներից»: Որից հետո Ա եւ Բ թրոլները խմբակային սկսում են կասկածել խեղճ էնտուզիաստին, որ նրան վճարել են, որ նա աշխատում է Մութ Ուժերի պատվերով: Այդպիսի թրոլների մեծ քանակությունն էնտուզիաստի թույլ նյարդերի պարագայում ցանկացած լավ մեկնարկի տապալման գրավականն է:
 
Առաջնակարգ հոռետես թրոլներ. Այս ու՞ր ենք հասել:

Սա հայ մարդու սիրելի ընդհանրացումներից մեկն է: Նա կարդում է, որ մեկը 20 հազար դրամով վաճառել է իր անձնագիրը: Կամ ինչ-որ մեկը կողոպտել է խանութը ու գողացել է 3 հատ հավ: Մի խոսքով, մանր իրադարձություններ, որոնք լուրջ հնչեղություն չունեն, ինչպես, ասենք, մեկ տոննա հերոինը, կամ գումարով լցված երեք բանկոմատները՝ գողացված բեռնատարով, որի ղեկին նստած էր ցնցող լատինաամերիկուհին: Եվ ահա, մարդը, կարդալով դա, ընկնում է խորը դեպրեսիայի մեջ եւ ողբում. «Այս ո՞ւր ենք հասել»: Մինչդեռ անհասկանալի է՝ նախկինում անձնագրերը վաճառում էին երեք պարկ ոսկու դիմա՞ց, թե՞ հավերն էին հարյուրներով գողացվում:

Երկրորդ կարգի հոռետես թրոլներ. Միայն Հայաստանում է սա հնարավոր:

Ըստ էության, այս նախադասությամբ ամեն ինչ ասված է: Մարդն ամենայն լրջությամբ վստահ է եւ բոլորին վստահեցնում է, որ միայն Հայաստանում կան աղքատներ, բարոյապես հրեշներ, մարդասպաններ ու գողեր: Եվ եթե փորձես նրան տարհամոզել դրանում, կարող ես շատ արագ խելագարվել, քանի որ նրան տարհամոզելը բացարձակ անհնար է:

Երրորդ կարգի հոռետես թրոլներ. «Երկիրը երկիր չի»:

Թրոլինգի շատ կայուն տեսակ է՝ ցանկացած բացասական երեւույթ ընդհանրացնել, դարձնել տիեզերական մասշտաբի վիթխարի երեւույթ: Սովորաբար այդ թրոլը խոսակցությունն ավարտում է այսպիսի արտահայտությամբ. «Պետք է գնալ այստեղից, քանի դեռ ուշ չէ»:

Թրոլների այս խմբում կա հատուկ ենթատեսակ, որը մշտապես կրկնում է այդ միտքը, որպեսզի օրինականացնի իր հեռացումը երկրից: Նրանց հետ առհասարակ կարելի է չխոսել, քանի որ նրանք այդ նախադասությունը կրկնում են հիմնականում իրենք իրենց համար, որպեսզի հանգիստ սրտով մեկնեն:

Իհարկե, նման մտքեր գործածողներից ոչ բոլորն են թրոլներ: Այնուամենայնիվ, ինտերնետն ունի մեկ վատ հատկություն. հաճախակի շփումները տարբեր վայրերում հանգեցնում են նրան, որ նույնիսկ ամենակարգապահ ու գիտակից մարդն աստիճանաբար վերածվում է թրոլի՝ ինքն էլ չնկատելով: Կարեւորը՝ մեխանիկորեն չկրկնել նախադասությունները ու նվնվոցն եւ «մուննաթը» չդարձնել կյանքի դավանանք:

Սամվել Մարտիրոսյանը մեդիա փորձագետ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին