«Բեկում»նային ամենաթողություն - Mediamax.am

«Բեկում»նային ամենաթողություն
10345 դիտում

«Բեկում»նային ամենաթողություն


Տարբեր առիթներով գրել են այն մասին, որ Հայաստանում քաղաքացիական ակտիվիզմի դրսեւորումները երբեմն վերածվում են սովորական էպատաժի, որը, միգուցե ծառայում է հեղինակների փառասիրական ձգտումների բավարարմանը, սակայն հասարակությանը որեւէ իրական օգուտ չի տալիս:

Երեկ մի խումբ երիտասարդներ, ովքեր ներկայացան որպես «Բեկում» հասարակական կազմակերպության անդամներ, տապալեցին Միջազգային դիտորդական առաքելության ղեկավարների մամուլի ասուլիսը: Ասուլիսի մեկնարկից քիչ անց ՀԿ անդամներից մեկը կանգնեց բեմի առջեւ ու սկսեց բարձրաձայն ընթերցել իրենց «այլընտրանքային» հայտարարությունը: Այնուհետեւ նրան փորձեցին հեռացնել, սկսվեց քաշքշուկ, ասուլիսը ընդհատվեց մոտ կես ժամով:

Քիչ չեն նրանք, ովքեր երիտասարդների արարքը «հերոսություն» են որակում եւ գովերգում են նրանց սոցիալական ցանցերում: Բայց չէ՞ որ բանական մարդիկ այս կամ այն գործողությունը նախաձեռնելիս, պետք է հստակ պատկերացնեն, թե ի՞նչ նպատակ են հետապնդում: Բացի դրանից, պետք է նաեւ գիտակցեն, որ իրենց գործողությունները չպետք է խանգարեն այլ մարդկանց աշխատանքին:

Միջադեպը տեղի ունեցավ մամուլի ասուլիսի ժամանակ` մի վայրում, որտեղ լրագրողները եկել էին աշխատելու` դիտորդներին լսելու եւ հարցեր տալու: Ու եթե «ակտիվիստները» նպատակ ունեին մերկացնել «ծախու դիտորդներին», ապա տապալելով ասուլիսը, նրանք միայն խանգարեցին այդ նպատակի իրագործմանը:

Օրինակ` ես մեր լրագրողին հանձնարարել էի հարց ուղղել դիտորդներին` ինչո՞ւ այս անգամ, ի տարբերություն բոլոր նախորդ ընտրությունների, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի դիտորդները առանձին մամուլի ասուլիս հրավիրեցին ու չմիացան ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի, ԵԽԽՎ եւ Եվրոպական Խորհրդարանի դիտորդների ասուլիսին: Արդյո՞ք սա նշանակում է, որ իրենց կարծիքները տարբերվել են: Եթե այո, ապա` ինչո՞ւ: Ցավոք, ստեղծված իրավիճակի պատճառով մենք այս հարցերի լիարժեք պատասխանները չստացանք: Եվ ինձ, բնականաբար, դուր չի գալիս այն, որ խախտվել է մեր աշխատելու եւ մեզ հուզող հարցերի պատասխանները ստանալու իրավունքը:

Կարդացի նաեւ բազմաթիվ հուզական մեկնաբանություններ այն մասին, թե «ինչպե՞ս էին փորձում մեր աղջկան ուժով հեռացնել»: Եթե «իսկական դեմոկրատիայի» ջատագովները արտերկրում երբեւէ ներկա գտնված լինեին որեւէ հանրային միջոցառումը այս կերպով խանգարելու փորձին, կհամոզվեին, որ պատասխան գործողությունները շատ ավելի կոշտ կլինեին: Դեմոկրատիան հենց այդպես է աշխատում` եթե ես ասուլիս եմ կազմակերպում, որ ներկայացնեմ ասելիքս, եթե ես եմ վարձակալել դահլիճը, ապա որեւէ մեկը իրավունք չունի գալ ու տապալել իմ միջոցառումը: Այո, բողոքողները կարող են, օրինակ, պաստառներ ունենալ եւ դրանք լուռ պահել իրենց ձեռքերում` այդ դեպքում նրանց հանդեպ ուժ չեն կիրառի: Սակայն, վստահ եղեք, ցանկացած ժողովրդավարական երկրում միջազգային կազմակերպությունների ղեկավարների ասուլիսը տապալելու փորձը շատ կոշտ արձագանք էր ստանալու:

Տարիներ առաջ լուսաբանում էինք ՀՀ նախագահի պաշտոնական այցը Փարիզ: Նախապես եկել էինք Կոմիտասի արձանի մոտ, որտեղ նախագահը պետք է ծաղկեպսակ դներ: Արձանի մոտ կանգնած էին Հայաստանից Ֆրանսիա գաղթած մի քանի հայ միասեռական երիտասարդներ` «Քոչարյան` հոմոֆոբ» պաստառներով: ՀՀ նախագահի անվտանգության աշխատակիցները մոտեցան նրանց ու փորձեցին համոզել պահել պաստառները` ասելով, որ ոչ առիթն է հարմար նման ակցիայի համար, ոչ էլ` վայրը: Երիտասարդները անդրդվելի էին ու վստահ ասացին. «Սա Հայաստանը չէ. Ֆրանսիան է, ազատ երկիր է, այստեղ մեզ ոչ ոք ոչինչ չի կարող արգելել»: Ապարդյուն փորձը տեսնելով, ֆրանսիական անվտանգության աշխատակիցը ինչ-որ բան փսփսած իր ռացիայի մեջ ու մի քանի րոպե հետո արձանին մոտեցավ ոստիկանական մեքենան: Ժանդարմները մոտեցան երիտասարդներին, փորձեցին զրուցել, բայց տեսնելով, որ նրանք մտադիր չեն հեռանալ, ուժ կիրառեցին` ձեռքերը ոլորելով, գետնին քարշ տալով, տարան ու տեղավորեցին իրենց մեքենան:

Բնականաբար, զուգահեռներ չեմ անցկացնում այս միջադեպի ու երեկվա ասուլիսի տապալման միջեւ: Պարզապես եկել է ժամանակը մեծանալ ու հասկանալ, որ արեւմտյան դեմոկրատիան իր իրավապահ համակարգով միշտ չէ, որ «պուպուշ» է` երբ պետք է, այն ատամներ է ցույց տալիս:

Վերջապես, եթե գնահատենք «Բեկման» ակցիայի իրական արդյունքը, այն գրեթե զրոյական է: Նախ, կարելի էր հայտարարությունը գրավոր բաժանել ասուլիսին ներկա բոլոր լրագրողներին` ներկայացնելով դա որպես անհամաձայնություն դիտորդների կարծիքի հետ: Եթե, այնուամենայնիվ, հայտարարությունը բարձրաձայն ընթերցելը «սկզբունքի հարց էր», ապա պետք էր ընթերցել այն նաեւ անգլերեն` որպեսզի դիտորդները հասկանային, թե ինչո՞ւմ են իրենց մեղադրում ու պատասխանելու հնարավորություն ունենային: Միջազգային մամուլի անդամներն էլ ստիպված չէին լինի շփոթված հարցուփորձ անել իրենց հայ գործընկերներին` ո՞վքեր են այս երիտասարդները եւ ի՞նչ են ուզում:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքս-ի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին