Իմ անձնական դոն Պեդրոն - Mediamax.am

Իմ անձնական դոն Պեդրոն
10889 դիտում

Իմ անձնական դոն Պեդրոն


Նրանք, ովքեր դեռ քառասուն տարեկան չկան, կարող են չկարդալ այս պատմությունը: Նրանց համար սա ոչ մի բանի մասին է: Պատմությունս 70-80-ականների խորհրդային դպրոցականների համար է:

Վերջերս վերադարձա այն տարիներ: Այցելելով դեղատուն՝ «երիտասարդացա» մոտ 35 տարով: Կախարդանքը չկատարվեց թանկարժեք դեղահաբի կամ քսուքի շնորհիվ, որն, ասենք, հետ կբերեր նախկին մազերս: Ինձ խորհրդային մանկություն վերադարձրած այդ հրաշքի գինն ընդամենը 10 թեթրի էր:

Ես չփորձեցի պարզել, թե ինչպես էր այդ դեղատանը հանկարծ հայտնվել ուրախ փաթեթավորմամբ այդ տուփիկը` անձամբ ինձ աչքով անող, սոմբրերոն գլխին  մարդուկով: Դա պարզապես հրաշք էր՝  տրամաբանական վերլուծությանը չենթարկվող: Գնեցի բոլոր ծամոնները: Հետո այլեւս  չեմ հանդիպել, ասես անցյալի ռեզինե «ողջույնը» նախատեսված էր միայն ինձ համար:       

Մեկ հատ, այնուամենայնիվ, տվեցի տասներորդ դասարանցի աղջկաս՝ համտեսելու:

«Միշա,- հիասթափված ասաց նա (Վրաստանի դպրոցականների շրջանում մոդա է ծնողներին   անուններով դիմելը)` ծամելով մանկությանս մի կտորը,- սա ի՞նչ է որ, «օրբիտն» ու «դիրոլն» ավելի համեղ են: Ինչո՞ւ ես այդքան ուրախացել»:

«Դու բան չես հասկանում,- նույնպես հիասթափված ասացի ես, որովհետեւ ստացվում էր ՝ սեփական երեխաս է դաժանորեն որակազրկում որ նվիրական արտեֆակտներիցս մեկը : - Չէ՞ որ սա «Պեդրո»-ն է:  

«Պեդրո»-ն ու «Դոնալդը»… հիշու՞մ եք՝նրանք մեր մանկության խորհրդանիշերն էին: Ավելի մատչելի էին, քան խորհրդային դպրոցականի համար գրեթե անհասանելի այլ գանձերը` ջինսն ու «մոկասին» կոչվող կոշիկները: 

Ամեն կիրակի «ուբանում» (Թբիլիսիում այդպես են անվանում թաղամասը) հայտնվում էին կախարդուհիները: Նրանք մի քանի շրջազգեստ էին հագնում եւ առհասարակ շատ գունեղ էին (ինչը  բնորոշ չէր խորհրդային ժամանակներին) , հավանաբար այն պատճառով, որ ապրում էին համակարգից եւ օրենքներից դուրս: Նրանք գնչուհիներ էին, ովքեր հայտնվում էին չգիտես որտեղից ու անհասկանալի կերպով էլ անհետանում էին աշխատանքային օրերին: Իսկ հետո, երբ կրկին գալիս էր կիրակին, հայտնվում էին մեր բազմահարկ շենքի մոտ ու գոռում էին՝ «Ծամո՜ն: Ծամո՜ն: Պե՜դր՜:Պե՜դրո»: Մեզ վերջնականապես տնից հանել հաջողվում էր «Դոնաաաաա՜ալդոոոոոոոո»-ով:  

«Պեդրո»`50 կոպեկ: «Դոնալդ»` 1 ռուբլի: Սրանք լուրջ փողեր էին: 

«Հայրի´կ,- աղաղակում էի ես՝ դուրս թռչելով անկողնուց: - Չէ՞ որ ես ամբողջ շաբաթ միայն հինգերով եմ սովորել»:

Եթե ասածս համապատասխանում էր իրականությանը,  մաստակային պահուստս կազմում էր մեկ «դոնալդո» եւ երկու «պեդրո»: Դրանով պետք էր բավարարվել ամբողջ շաբաթ: Անհասկանալի, եւ հենց այդ պատճառով գրավիչ արտասահմանյան կյանքի ռեզինե նմուշները ճաշի եւ ընթրիքի ժամանակ խնամքով ամրացվում էին ափսեի եզրին կամ իջեցվում ջրով բաժակի մեջ` այն կրկին ծամելու նպատակով:  Բա պիտակնե՞րը: Ո՞վ կհամարձակվեր դրանք դեն նետել: Տանում էինք դպրոց, պարծենում, փոխանակվում էինք, պահում էինք նամականիշների հետ: Քառասունը բոլորածներին այս ամենը բացատրելու կարիք չկա:

14 տարեկանում ինձ համար գնեցին առաջին ջինսը: Ես երբեք չեմ մոռանա այդ օրը: Ջինսն այն ժամանակների սրբապատկերն էր, սեռական հասունության ցուցանիշը: Այն արդեն լուրջ սահմանազատում էր մանկական զվարճանքների եւ հասուն կյանքի միջեւ…

Այսպես, Վրացինֆորմի (ՏԱՍՍ-ի վրացական խմբագրությունը) պրոֆմիության միջոցով հայրս ինձ համար ճարեց «տեխաս» (այն ժամանակ ամեն ինչ ճարում էին` ջինսե, ձկնկիթ, խոզապուխտ` թիթեղյա մեծ տարաներով): Հագովս մեծ էր, բայց ո՞վ էր դժգոհում: Ծնողներիցս թույլտվություն ստացա եւ դրանցով գնացի դպրոց` ամուր ձգելով գոտիս,: Հետո ինչ, որ տնօրենն ու ուսմասվարն խիստ հանդիմանեցին: Փոխարենը ինչպե՜ս էի նայում համադասարանցիներս:

Անկեղծ ասած՝ այսօր եւս շունչս պահած եմ անցնում ջինսի խանութների կողքով: Մտածում եմ` «Մի՞թե այդքան քիչ ժամանակ է անցել, բայց ամեն քայլափոխի կարելի է «լի» կամ «սուպեր ռայֆլ» գնել:

Բայց երբ 4 տարի առաջ հայտնվեցի Ամերիկայում, աղջկաս համար «լեւիս» բերեցի,«այնտեղից» …
 
Աստված իմ, ինչ լավ է, որ դպրոցականների այս սերունդը չգիտի «ճարել» բառը, իսկ ջինսն ու ծամոնը նրանց համար կյանքի մանրուքներ են: Բայց.. ես նրանց չեմ նախանձում: Ընդհակառակը: Չէ՞ որ նրանց ծանոթ չեն  ` առաջին ջինսերի պիտակները  զննելու կամ  «Պեդրո»-ի բեղերը շոյելու առանձնահատուկ, ոչնչի հետ չհամեմատվող զգացողությունները: Իմ ուբանում այլեւս չեն հայտնվում գնչուհիներ` ընդհատելով կիրակնօրյա քունը «դոնալդոոո» հիստերիկ բղավոցներով: Եվ գիտեք… ես կարոտում եմ դա:

Շնորհակալություն քեզ, Պե՛դրո:   

Միխայիլ Վիգնանսկին լրագրող է: Ապրում եւ աշխատում է Թբիլիսիում:
 
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին