Ի՞նչ է երջանկությունը - Mediamax.am

Ի՞նչ է երջանկությունը
6517 դիտում

Ի՞նչ է երջանկությունը


Այսօր Edel/earMUSIC ընկերությունը թողարկեց WhoCares սուպերխմբի սինգլը: Խմբի կազմում են համաշխարհային ռոքի գերաստղերը. Իէն Գիլանը (Deep Purple), Թոնի Այոմին (Heaven and Hell, Black Sabbath), Ջոն Լորդը (նախկինում` Deep Purple), Նիքո ՄքԲրեյնը (Iron Maiden) եւ Ջեյսոն Նյուսթեդը (նախկինում` Metallica): Եվ, պատկերացնու'մ եք, ես որոշակի կապ ունեմ այդ սուպերխմբի ստեղծման հետ:

2009 թվականի փետրվարին լուսաբանում էի Հայաստանի նախագահի այցը Մյունխեն, որտեղ անցկացվում էր անվտանգության հարցերով ամենամյա կոնֆերանսը: Մամուլի կենտրոնում նստած, պատահաբար YouTube-ում տեսա 1989 թվականին ձայնագրված Deep Purple խմբի հանրահռչակ Smoke on The Water հիթի քավեր-տարբերակի տեսագրությունը: Երգի ձայնագրությունից ստացված ողջ գումարն ուղղվել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժած Խորհրդային Հայաստանին:

Մտքովս անմիջապես անցավ. «1989-2009, անցել է ուղիղ 20 տարի, պետք է մի բան մտածել»: Նախագահի այցերի լուսաբանումը մի անվիճելի առավելություն ունի. կարելի է հեշտությամբ խոսել պատվիրակության անդամների հետ: Եվ նույն օրը երեկոյան արդեն պատմում էի իմ գաղափարի մասին նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանին, ում հետ միասին մենք արդեն իրականացրել էինք մի շարք նախագծեր. Հայաստանի տարին Ռուսաստանում, Ռուսաստանյան մամուլի օրեր Հայաստանում, Հայաստանի տարին Ֆրանսիայում:

Վիգենն, ընդհանուր առմամբ հավանեց գաղափարը, միաժամանակ վերաբերվելով դրան պաշտոնյային հատուկ զուսպ թերահավատությամբ: Պայմանավորվեցինք, որ Երեւան վերադառնալուց հետ գաղափարը նրան գրավոր կներկայացնեմ, որից հետո վերջնական որոշում կկայացվի: Մի քանի օր անց ինձ զանգահարեց Վիգենը, որն արդեն կարդացել էր իմ նամակը. «Գերազանց է, ես քեզ հետ եմ, գործի’ր»:

Փոքր-ինչ անհասկանալի էր, թե կոնկրետ ինչպե՞ս գործել, ո՞ր կողմից սկսել քանդել 20 տարի առաջ փաթաթած «կծիկը»: Առաջին հերթին պարզեցի, որ 1989 թվականին Rock Aid Armenia նախագծի նախաձեռնողը 24-ամյա (!!!) Ջոն Դին էր: Որոնումներն ինտերնետում առանձնապես արդյունք չտվեցին. պարզվեց, որ նախագծից քիչ անց Ջոն Դին տեղափոխվել էր Ավստրալիա եւ այնտեղ ստեղծել շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող մի քանի խոշոր կազմակերպություններ: Նամակներս այդ կազմակերպությունների վեբկայքերին` Ջոնի տվյալները տրամադրելու խնդրանքով, անպատասխան մնացին: Եվ հանկարծ ուշադրություն դարձրեցի հղումներից մեկին, որը վկայում էր այն մասին, որ Ջոնն իր էջն ունի Facebook-ում: Բայց ես նման էջ չունեի': 10 Բացեցի իմ էջը եւ նամակ գրեցի «պարոն Դիին», որում հակիրճ ներկայացրեցի գաղափարը: Եվ ահա հրա'շք, Ջոն Դին ընդամենը 20 րոպե անց պատասխանեց: Եվ ոչ միայն պատասխանեց, այլեւ հայտնեց, որ ինքը նույնպես մտածում էր ինչ-որ կերպ նշել նախագծի 20-ամյակը, մասնավորապես, թողարկել Smoke on the Water-ի ռեմիքսը, քանի որ 1989 թվականին EMI ընկերությունը համարեց, որ Ջոնը չափազանց երիտասարդ է, որպեսզի պնդի եւ առաջ տանի երգի իր, ավելի «ծանր» տարբերակը: Մենք եւս մի քանի նամակներ փոխանակեցինք եւ նույն օրը երեկոյան (երբ Սիդնեյում արդեն վաղ առավոտ էր) որոշեցինք, որ իրականացնելու ենք համատեղ նախագիծ`«Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock» (Ռոքն օգնում է Հայաստանին / Հայաստանը շնորհակալ է ռոքին):

1990 թվականին 14 տարեկան էի եւ մի անգամ, դպրոցից վերադառնալիս, մեր տան կողքի խանութի վրա տեսա սպիտակ ներկով արված մի մեծ գրություն. Ian Gillan in Yerevan, May 17-20, 1990: Այո, Գիլանը մեծ շրջագայության էր մեկնել ԽՍՀՄ, եւ 4 համերգ տվեց Երեւանում: Կարծում եմ, հասկանալի է, թե ի՞նչ կարող էր զգալ 14 տարեկան պատանին` բեմից մի քանի մետր հեռավորության վրա լսելով իր կուռքի կենդանի ելույթը:

1990 թվականին Գիլանը չսահմանափակվեց Երեւանով եւ այցելեց նաեւ Սպիտակ, որը նույնիսկ երկրաշարժից 2 տարի անց այնպիսի ճնշող տպավորություն թողեց երգչի վրա, որ նա գրեց «Pictures of Hell» («Դժոխքի պատկերներ») երգը:

«Թվում էր, ինչ-որ բան կանգ է առել Հայաստանի կյանքում: Ես Սպիտակում էի, եւ, երեւի ամենակարեւորը, ինչ լսեցի այնտեղ, քաղաքապետի ընկերոջ խոսքերն էին: Նա ասաց, որ երկրաշարժից հետո քաղաքում հարսանիքների ժամանակ երաժշտություն չի հնչում: Բայց հետո ավելացրեց. Բայց իմ կարծիքով, դա սխալ է: Մենք չպետք է մոռանանք կատարվածը, բայց երաժշտությունը ինչ-որ պահին պետք է վերադառնա»: Եվ այդ ժամանակ մտածեցի, որ երբ հայերը կկարողանան կրկին հաճույք ստանալ երաժշտությունից, մենք պետք է մի մեծ տոնախմբություն կազմակերպենք», - պատմում էր Գիլանը «Գարուն» ամսագրին տված հարցազրույցում: 


Մենք Ջոն Դիի հետ 8 ամիս աշխատեցինք նախագծի վրա. մեր էլեկտրոնային փոստը պայթում էին հազարավոր նամակներից: Սակայն արդեն 2009 թվականի ամռան սկզբին մենք ստացանք Իէն Գիլանի եւ Թոնի Այոմիի համաձայնությունը` հոկտեմբերի 1-2-ին Հայաստան այցելելու վերաբերյալ:  Եվ հուլիսի վերջին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր ստորագրեց Գիլանին, Այոմիին, Ջոն Դիին, Բրայան Մեյին, Դեւիդ Գիլմորին եւ Ջեֆ Դաունսին Պատվո շքանշաններով պարգեւատրելու մասին: 

Ջոնն ասում էր, որ հարկավոր է գտնել մի նախագիծ, որի իրականացմանը կուղղվի Smoke on the Water-ի ռեմիքսի թողարկումից ստացված հասույթը: Եվ նա գտավ այդ նախագիծը. երկրաշարժից հետո անցած ժամանակի ընթացքում աղետի գոտում վերականգնվել էին բոլոր դպրոցները, բացառությամբ մեկի: Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցն ամբողջովին ավերվել էր 1988 թվականին եւ այդ ժամանակվանից ի վեր տեղակայված է երկաթյա տնակներում: Որոշված է. մենք  կտանենք Գիլանին եւ Այոմիին այդ դպրոց:

Նրանք ժամանեցին Երեւան հոկտեմբերի 1-ի ուշ երեկոյան: Ժամանմանը նախորդող վերջին շաբաթվա ընթացքում հասել էի գրեթե մոլուցքային վիճակի. պետք էր լուծել հարյուրավոր մեծ ու փոքր կազմակերպչական հարցեր: Հյուրերի ժամանմանը մնացել էր մոտ 5 ժամ, եւ լրիվ օտարացած վիճակում պառկած է տանը բազմոցին, հասկանալով, որ արդեն ամեն ինչ արված է եւ ոչինչ փոխել չի կարելի: Հանկարծ հեռախոսս զնգաց` էլեկտրոնային նամակ: Գիլանի մենեջեր սառնասրտորեն գրում էր, որ նրանք արդեն նստած են ինքնաթիռում, բայց Գիլանը հենց նոր կոտրեց ատամնապսակը, եւ ես պետք է ատամնաբույժ գտնեմ նրա համար: Առավոտյան ժամը 11:00-ին մենք պետք է շարժվեինք Գյումրի, եւ իմ հոգնած ուղեղում սկսեցին հայտնվել սարսափելի պատկերներ. նույնիսկ, եթե առավոտյան ժամերին պայմանավորվեմ ատամնաբույժի հետ, աստղը կասի, որ չի կարող գնալ նրա մոտ այդքան շուտ, քանի որ ինքնաթիռը Երեւան կժամանի կեսգիշերից անց: Իսկ դա «կսպանի» րոպեների հաշվարկով կազմված ժամացուցակը: Հուսահատությունը խեղդում էր, բայց նախ եւ առաջ անհրաժեշտ էր ատամնաբույժ գտնել: Եվ ես հիշեցի երիտասարդ բժշկին, որը բուժել էր իմ եւ իմ ընկերոջ Արիկի ատամները: Հենց Արիկը կեսգիշերին ապշեցրեց Էդիկին իր զանգով եւ անմիջապես ողջույնից հետո ուղղված հարցով: «Դու ռոք սիրու՞մ ես»: Էդիկը շփոթվեց, բայց ազնվորեն ասաց, որ սիրում է: Եվ այդ ժամանակ Արիկը կարճ եւ կոնկրետ ասաց. «Չգիտեմ, թե ինչ պլաններ ունես առավոտյան, բայց ժամը 09:00-ին մենք քեզ մոտ կբերենք Իէն Գիլանին Deep Purple-ից, որպեսզի դու կպցնես նրա ատամնապսակը»:

Թվում էր, որ կդողամ հուզմունքից, երբ առաջին անգամ կտեսնեմ Գիլանին եւ Այոմիին: Բայց դա տեղի չունեցավ: Ես մոտեցա Գիլանին օդանավակայանում եւ ասացի. «Մենք պայմանավորվել ենք բժշկի հետ, նա կսպասի մեզ առավոտյան ժամը 9-ին»: Նա մեղմ ժպտաց եւ շատ անկեղծ ասաց «շնորհակալություն»: Եվ հենց այդ րոպեին հասկացա, որ այդ մարդն ինձ համար կդառնա ավելին, քան համաշխարհային մեծության ռոք-աստղ, որին խոնարհվում են միլիոնավոր մարդիկ: Առավոտյան մենք վերցրեցինք նրան հյուրանոցից եւ գնացինք ատամնաբույժի մոտ: Մեքենան վարում էր իմ ընկեր Կարենը, նրա կողքին էր Գիլանը, իսկ ես նստած էի ետեւում: Ինձ պարզապես համակել էր կատարվող գործողությունների բացարձակ անհավանականությունը: Իէն Գիլանը նստած է իմ մեքենայում եւ մենք  շարժվում ենք Բաղրամյանի պողոտայո’վ: Ուզում էի իջեցնել ապակին, դուրս հանել գլուխս եւ գոռալ ողջ քաղաքով. «Ժողովու’րդ, դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե սա ի’նչ է…»:

Այնուհետեւ հաջորդեցին իմ կյանքի 2 ամենաերջանիկ օրերը: Գյումրիի երաժշտական դպրոցի սաները համերգ տվեցին աստղերի համար` դիմավորելով նրանց Smoke on the Water-ի իրենց մեկնաբանությամբ (սաքսոֆոն, ակուստիկ կիթառ եւ լարից ընկած դաշնամուր) «համերգային սրահում». որպես այդպիսին ծառայում է ամենամեծ երկաթյա տնակը: Դժվար չէր նկատել միշտ անվրդով Թոնի Այոմիի ծայրաստիճան հուզմունքը, որին ծանր երաժշտության աշխարհում կոչում են «Խավարի արքա», եւ սառած արցունքները Իէն Գիլանի աչքերում, երբ նրանք լսում էին այդ երեխաների կատարումները: Եվ, ազնվությամբ, չզարմացա, երբ հաջորդ օրը Գիլանը եւ Այոմին Երեւանում տված մամլո ասուլիսին հայտարարեցին, որ կգրեն նոր երգեր` Գյումրիի նոր երաժշտական դպրոցի շինարարության համար միջոցներ հավաքելու նպատակով...

Կես տարի անց, 2010 թվականի մարտին Իէն Գիլանը վերադարձավ Երեւան եւ երկու բարեգործական համերգ տվեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որոնցից ստացված ողջ հասույթը փոխանցվեց Գյումրիի դպրոցի շինարարության հիմնադրամին: Այս համերգները դարձան հենց այն «մեծ տոնախմբությունը», որի մասին ասում էր Գիլանը հեռավոր 1990 թվականին: Համենայնդեպս, Երեւանի ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահը լցված էր երջանկությամբ:

Հետո նա վերադարձավ 2010 թվականի մայիսին` Deep Purple-ի հետ: Այնուհետեւ դադար էր` մինչեւ հոկտեմբեր, երբ մեկնեցի Լոնդոն, որտեղ Sarm Studios-ում ձայնագրվեց «Out of My Mind» երգը, որը Գիլանի եւ Այոմիի բոլոր երկրպագուները կարող են գնել այսօրվանից եւ որը, անկասկած, մեծագույն հիթ կդառնա: Առաջին անգամ է գտնվում է իսկական ստուդիայում, այն էլ նման ընկերակցությամբ: Իսկ հաջորդ օրը Լոնդնում Հայաստանի դեսպանատուն եկավ Queen-ի կիթառահար Բրայան Մեյը, որին հանձնվեց Պատվո շքանշանը: Նախատեսված 30 րոպեների փոխարեն մենք զրուցեցինք 1,5 ժամ եւ երբ Բրայան Մեյը գնաց, ես հասկացա, որ Լոնդոնում անցկացված երկու օրվա ընթացքում չափազանց մեծ քանակությամբ դրական լիցքեր եմ ստացել եւ հազիվ եմ զսպում երջանկության արցունքները:

Ահա այսպիսին է իմ պատմությունը: Մենք անընդհատ փնտրում ենք «ի՞նչ է երջանկությունը» հարցի պատասխանը: Երեւի, երջանկությունն այն է, երբ զգում ես, որ մասնակից ես WhoCares սուպեր խմբի ստեղծմանը, որի երգերն անհամբերությամբ սպասում են Գիլանի եւ Այոմիի հազարավոր երկրպագուներ: Երջանկությունն այն է, որ դու բացում ես քո էլեկտրոնային փոստը եւ այնտեղ նամակներ տեսնում Իէն Գիլանից եւ Բրայան Մեյից: Երջանկությունն այն է, որ դու ընկերություն ես անում Ջոն Դիի հետ, որը 1989 թվականին որոշեց օգնել իմ երկրին, իսկ 20 տարի անց օգնեց ինձ հասնել այնպիսի բանի, որի մասին ես չէի կարող նույնիսկ երազել: Եվ, վերջապես, ամենամեծ երջանկությունն այն է, երբ գիտակցում ես, որ նրանք, ում երաժշտության ներքո դու մեծացել ես, շատ լավ եւ բարի մարդիկ են:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին