Խորհուրդներ քաղցկեղով հիվանդի խնամակալներին - Mediamax.am

Խորհուրդներ քաղցկեղով հիվանդի խնամակալներին
8242 դիտում

Խորհուրդներ քաղցկեղով հիվանդի խնամակալներին


«Իմ հարազատի մոտ քաղցկեղ են հայտնաբերել. ի՞նչ անել» սյունակի 1-ին եւ 2-րդ մասերում փորձել եմ մի քանի խորհուրդ տալ` ինչպես կարելի է օգնել քաղցկեղով հիվանդ հարազատին:

Այս սյունակում ներկայացնում եմ խորհուրդներ, որոնք օգտակար կլինեն քաղցկեղով հիվանդների խնամակալներին:

Եթե ձեր հարազատներից կամ ընկերներից մեկին օգնում եք անցնել քաղցկեղի բուժման դժվարին ճանապարհով, ապա դուք այդ հիվանդի խնամակալն եք: Սա նշանակում է, որ դուք պարբերաբար հոգ եք տանում հիվանդի մասին, հոգեբանական աջակցություն ցուցաբերում, նրան օգնում առօրյա հարցերում, ինչպես, օրինակ, կերակուր պատրաստել, միասին այցելել բժշկին, երեխաներին դպրոց տանել եւ այլն:

Ներքոնշյալ խորհուրդները կարող են օգտակար լինել խնամակալներին:

Խնամակալ լինելու բարդությունները

Անկախ նրանից՝ դուք ծեր եք, թե երիտասարդ, մի օր ձեզ կարող եք հայտնաբերել բոլորովին նոր՝ խնամակալի դերում: Գուցե նախկինում եղել եք ինչ-որ մեկի կյանքի անբաժանելի մասը, սակայն այժմ, երբ նա հիվանդ է քաղցկեղով, ձեր աջակցությունը սկսում է այլ բնույթ կրել: Հնարավոր է, դուք մեծ փորձառություն չունենաք նման աջակցություն ցուցաբերելու հարցում, կամ ձեզ զգաք ավելի լարված, քան նախկինում էիք: Շատ խնամակալներ նշում են, որ իրենց մտերիմի հետ քաղցկեղի բուժման բարդագույն ճանապարհով անցնելով՝ բավականին նոր բաներ են բացահայտել ու սովորել, կյանքի դժվարությունները հաղթահարելու համար մեծ փորձառություն ձեռք բերել: Թվարկեմ մի քանի նմանատիպ իրավիճակ, որ հաճախ նկարագրում են խնամակալները.

•    քաղցկեղ ունեցող մարդիկ սովորաբար իրենց ավելի հարմարավետ են զգում ամուսնու կամ իրենց խնամող կողակցի հետ,

•    ծնողները դժվարությամբ կարող են ընդունել իրենց չափահաս երեխաների օգնությունը,

•    քաղցկեղ ունեցող չափահաս երեխաներն էլ հնարավոր է չցանկանան, որ իրենց խնամեն ծնողները,

•    խնամակալներն իրենք կարող են ունենալ առողջական որոշ խնդիրներ, ինչը կարող է հոգեպես եւ ֆիզիկապես բարդացնել թե՛ սեփական եւ թե՛ հիվանդի առողջության մասին հոգ տանելը:

Ուռուցքային հիվանդության բուժումը սովորաբար բավական երկար եւ բարդ գործընթաց է, եւ ստանձնելով հիվանդի խնամակալի դերը՝ դուք պետք է հոգաք նաեւ սեփական անձի կարիքները: Շատ խնամակալներ մի կողմ են դնում իրենց անձնական հոգսերն ու զգացմունքները՝ կենտրոնանալով քաղցկեղով հիվանդի վրա եւ իրենց ամբողջ ժամանակը տրամադրելով նրան: Նման անձինք սովորաբար քիչ են քնում, չեն հանգստանում, դառնում են ինքնամփոփ եւ առհասարակ մոռանում են հետեւել իրենց: Երբեք չվարվեք այդպես: Այդ ամենը կարող է լրջորեն վնասել ոչ միայն ձեր առողջությանը, այլեւ այն հիվանդին, որն ամենաշատն ունի ձեր օգնության կարիքը:

Ցանկալի է սեփական հույզերը թղթին հանձնել, պատմել մտերիմներին, անհրաժեշտության դեպքում դիմել հոգեբանի օգնությանը, եւ այլն: Եթե դուք ձեզ բավականաչափ չեք խնամում, ապա մեծ հավանականությամբ ի վիճակի չեք լինի խնամելու նաեւ դրա կարիքն ունեցող հիվանդին:

Ուրիշներից օգնություն խնդրեք

Շատ խնամակալներ նշում են, որ հետադարձ հայացք նետելով՝ գիտակցում են, որ ժամանակին չափից շատ պարտականություններ են վերցրել իրենց վրա, եւ պնդում, որ եթե նրանք ընկերներից կամ հարազատներից օգնություն խնդրեին, ապա հիվանդին խնամելու գործընթացը շատ ավելի հեշտ ու արդյունավետ կլիներ: Պետք է ազնվորեն նայել իրավիճակին` հասկանալու համար` ինչ կարող եք անել եւ ինչ չեք կարող, ինչի կարիք ունեք կամ ինչ եք ցանկանում անել, ինչ կարող եք ինքնուրույն անել, իսկ ինչ՝ այլ մարդկանց օգնությամբ: Անհրաժեշտության դեպքում մի՛ վարանեք դիմելու ընկերներին ու հարազատներին, որոնք կարող են ձեզ օգտակար լինել:

Օրինակ՝
•    օգնել տարբեր կենցաղային հարցերում, ասենք՝ կերակուր պատրաստել, լվացք անել, տան համար առեւտուր անել,

•    խնամել երեխաներին, վերցնել դպրոցից կամ պարապմունքից,

•    ուղեկցել հիվանդին բժշկի հետ հանդիպմանը կամ դեղեր գնել,

•    խնամողի փոխարեն հիվանդի հարազատներին պարբերաբար տեղեկացնել հիվանդի վիճակի մասին:

Միշտ չէ, որ հեշտ է օգնություն ստանալ ուրիշներից՝ լինեն նրանք ընտանիքի անդամներ, թե ընկերներ: Սակայն հիշե՛ք, որ նման օգնությունը կարող է էապես թեթեւացնել ձեր առօրյա հոգսերը եւ հնարավորություն տալ բավարար ժամանակ տրամադրել եւ՛ ձեզ, եւ՛ այն հիվանդին, որին խնամում եք: Այդ դեպքում հիվանդը, հավանաբար, իրեն պակաս մեղավոր կզգա իր պատճառած բոլոր անհարմարությունների համար:

Պատրաստ եղեք, որ որոշ մարդիկ կմերժեն ձեր օգնության խնդրանքը

Հաճախ մարդիկ ի վիճակի կամ պատրաստակամ չեն լինի ձեզ օգնել: Նման իրավիճակում ձեզ մոտ կարող է հարց առաջանալ` ինչու ձեր ծանոթներն ու ընկերներն իրենց օգնությունը չեն առաջարկում, կամ նման խնդրանքի դեպքում մերժում են, այն պարագայում, երբ դուք դրա կարիքը շատ ունեք:

Պատճառները կարող են տարբեր լինել՝

•    որոշ մարդիկ կարող են անձնական խնդիրներ ունենալ,

•    որոշ մարդիկ գուցե բավարար ժամանակ չունեն,

•    նրանք խուսափում են քաղցկեղի հետ կապված ցանկացած թեմայից, կամ ժամանակին հիվանդ հարազատ են ունեցել եւ չեն ցանկանում եւս մեկ անգամ անցնել նման բարդ ճանապարհով,

•    որոշ մարդիկ էլ կարծում են, որ ամենաճիշտը հիվանդին եւ նրա հարազատներին հանգիստ թողնելն է, նրանց գործերին չխառնվելը,

•    երբեմն մարդիկ լիովին չեն էլ գիտակցում, թե որքան դժվար իրավիճակում եք հայտնվել, կամ չեն հասկանում, որ դուք օգնության կարիք ունեք, մինչ այն պահը, երբ նրանց դիմում եք նման խնդրանքով:

•    որոշ մարդիկ էլ ուղղակի անհարմար են զգում, որ չգիտեն՝ ինչպես կարող են ձեզ օգնել, եւ այդ պատճառով էլ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում:

Եթե ձեր ընկերները ձեզ բավարար չափով չեն օգնում, սակայն դուք դրա կարիքը շատ ունեք, կարող եք նրանց հետ խոսել այդ մասին եւ օգնություն խնդրել: Սա կարեւոր է ոչ միայն ձեր առօրյա հոգսերը թեթեւացնելու, այլեւ` ձեր ընկերների հետ լավ հարաբերությունները պահպանելու եւ զարգացնելու հարցում: Խոսե՛ք նրանց հետ ձեր զգացողությունների ու դժվարությունների մասին, նրանցից խորհուրդներ հարցրեք:

Սեփական անձի մասին հոգ տանելու ուղիներ գտեք

Միտքը, մարմինը եւ ոգին վերականգնելուն ժամանակ տրամադրելը կօգնի էլ ավելի լավ խնամակալ լինել: Մտածե՛ք, օրինակ, հետեւյալի մասին.

•    գտե՛ք ժամանակ բացառապես ձեզ համար,

•    գտե՛ք ժամանակ լիցքաթափվելու համար: Օրական տրամադրե՛ք ընդամենը 15-30 րոպե ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելու համար: Օրինակ՝ փորձե՛ք կեսօրին մի փոքր քնել, ֆիզիկական վարժանքներ անել, զբաղվել հոբբիով, ֆիլմ դիտել կամ անել ցանկացած այլ բան, որը ձեզ կհանգստացնի ու կլիցքաթափի: Կատարե՛ք ձգող վարժություններ, զբաղվե՛ք յոգայով կամ խորը շունչ քաշեք եւ անշարժ նստեք մի քանի րոպե: Արե՛ք հնարավոր ամեն ինչ, որ կարողանաք հնարավորինս շատ հանգստանալ ու վերականգնվել, ձեր էներգիան ձեզ եւ ձեր խնամարկյալին շատ է պետք:

•    մի՛ արհամարհեք ձեր անձնական կյանքը: Փորձեք բավարար ժամանակ տրամադրել սիրելիին: Տարբերակներ գտեք ընկերների հետ կապը պահպանելու համար: Այն ձեզ հավելյալ ուժ կտա:

•    հետեւե՛ք ձեր առօրյային: Եթե ստացվի, փորձեք շարունակել ձեր ամենօրյա գործերը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք չկատարելու դեպքում մարդիկ ավելի շատ են լարվածություն զգում: Հնարավոր է՝ գործերն անեք օրվա մեկ այլ ժամի, կամ ավելի փոքր հաճախականությամբ, սակայն, ամեն դեպքում, փորձեք առօրյայից հնարավորինս քիչ կտրվել:

Բոլոր խնամակալները աջակցության կարիք ունեն: Հո՛գ տարեք ձեր մասին:

Շարունակելի:

Արմեն Արմոս Մարտիրոսյանը բարեգործական մի շարք նախաձեռնությունների հեղինակ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին