Հայաստանի աշխարհաքաղաքական բանականությունը - Mediamax.am

Հայաստանի աշխարհաքաղաքական բանականությունը
29037 դիտում

Հայաստանի աշխարհաքաղաքական բանականությունը


Արտաքին քաղաքականությանը վերաբերող հայկական վերլուծական տեքստերի մեծ մասի բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ «աշխարհաքաղաքականություն» եզրն օգտագործվում է մշտական հաճախականությամբ: Գիտական եւ քաղաքագիտական ոլորտի իմ գործընկերներից շատերը վստահություն են հայտնում, որ քաղաքական մտքի հայկական դպրոցը չափից դուրս շատ է կենտրոնացած աշխարհաքաղաքականության վրա, ինչը թույլ չի տալիս համալիր վերլուծություն կատարել այնպիսի դժվար տարրերի վերաբերյալ, ինչպիսիք են պետությունը եւ ազգային շահերը: Այս ակնարկի շրջանակում ես կցանկանայի զարգացնել նախորդ՝ «Առանց սխալվելու իրավունքի. քաղաքական հայի խիղճը» աշխատանքում ներկայացված թեզիսները եւ փորձել աշխարհաքաղաքականության փիլիսոփայության միջոցով որոշել հայ ժողովրդի կենսական պետական շահերը: Նոր սերունդների ապագան կախված է հենց այս խնդրի լուծումից, նրանց է վիճակված կառուցել գլոբալ եւ մրցունակ հայկական աշխարհը:

Նախ, սահմանենք, թե ինչ է աշխարհաքաղաքականությունը եւ որոնք են դրա էական առանձնահատկությունները: Ազգային դպրոցներից յուրաքանչյուրը՝ բրիտանականը, ամերիկյանը, գերմանականը, ռուսականը, տալիս են տարբեր սահմանումներ՝ ելնելով աշխարհի, բնության եւ մարդկության մասին իրենց սեփական պատկերացումներից: Որոշ առումով դասական է համարվում Zeitschrift fuer Geopolitik ամսագրում տրված սահմանումը, որի հիմնադիրը գերմանացի աշխարհագրագետ եւ սոցիոլոգ Կառլ Հաուսհոֆերն էր: Նա կարծում էր, որ աշխարհաքաղաքականությունը երկրի եւ քաղաքական գործընթացների հարաբերությունների մասին գիտություն է: Այլ կերպ ասած, խոսքը պետության աշխարհագրական գիտակցության մասին է: Նրա առաջացումն ընթանում էր աշխարհագրական դետերմինիզմի հունով, որը հիմնված էր այն իրողության ընդունման վրա, որ երկրի տեղը, կլիմայական պայմանները, ջրին մոտիկ կամ հեռու լինելը (ծովեր, օվկիանոսներ) եւ բնական ռեսուրսները որոշում են ազգի բնավորությունը եւ պետության քաղաքակրթական, քաղաքական, սոցիալական եւ տնտեսական զարգացման հիմք ծառայում:

Բրիտանացի աշխարհաքաղաքագետ Հելֆորդ Մաքինդերը գրում էր, որ այն ազգը, որն ունակ չէ ճանաչել սեփական աշխարհագրական բնավորությունը, դատապարտված է իր տեղի եւ առաքելության հարատեւ անհաջող որոնումներին: Ապագայի գերնպատակները լուծելու նպատակով աշխարհագրական բանականություն ձեռք բերելու համար պետությունը պետք է հստակ կազմավորի իր անցյալն ու ներկան: Առաջին հերթին, հարկավոր է հասկանալ այն տարածությունը, որը որոշում է ազգի ֆիզիկական կենսական տարածքը:

Մեր էթնոսը ծնվել է Հայկական լեռնաշխարհի սահմաններում եւ իր հասունացմանը զուգահեռ տարածվել Մերձավոր Արեւելքի եւ Փոքր Ասիայի ընդարձակ տարածքներում: Ավելի ուշ այդ ֆիզիկական տարածքը քաղաքական ձեւ է ստացել խոշոր կայսրության՝  Մեծ Հայքի տեսքով: Նրա աշխարհագրական եւ քաղաքական ուղեղը ձեւավորվել է հողի եւ ջրի ներդաշնակ հավասարակշռության միջոցով (Կասպից, Սեւ եւ Միջերկրական ծովեր): Զարմանալի չէ, որ զրկվելով այդ բաղադրիչներից մեկից՝ ջրից, մենք էապես թուլացանք, եւ մեր համազգային քաղաքական բնավորությունն էական փոփոխությունների ենթարկվեց:

Հենց Մեծ Հայքի տարածքը պետք է ընկալվի որպես մեր ազգի կենսատարածական շահերի մետաֆիզիկական խորհրդանիշ: Հայկական էթնոսի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար այդ տարածքները պետք է գտնվեն կա՛մ մեր անմիջական վերահսկողության, կա՛մ առնվազն՝ մեր հանդեպ բարեկամաբար տրամադրված ուժերի իշխանության ներքո: Գլխավոր սպառնալիքը բխում է մեր պատմական արեւելյան սահմաններից, որտեղ արտաքին ուժերի ազդեցության ներքո ստեղծվեց արհեստական պետական կազմավորում, որի հետ մենք որոշ ժամանակ գոյակցում էինք միասնական քաղաքական վերազգային սոցիալ-կոմունիստական կայսրական հիերարխիայի շրջանակում: Այդ շերտի անկումից հետո ծնվեց անկախ ադրբեջանական պետությունը, որի աշխարհագրական բանականությունը ձեւավորվել էր հայկական կողմից ռազմական պարտություն կրելու արդյունքում: Իրավիճակը բարդանում է նաեւ նրանով, որ տարածքային կորուստների փաստը դարձել է համազգային պետականաշինության հիմնական բաղադրիչը: Այժմ հայկական էթնոսը դիտարկվում է որպես թշնամի, որին ի հակադրություն նրանք ձեւավորում են սեփական ինքնությունը:

Ստեղծվել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ, երբ հայկական ազգանունը դառնում է երկիր այցելելու խոչընդոտ, իսկ հայի սպանությունը հանդիսանում է հայրենասիրության եւ հերոսության դրսեւորում: Նման պայմաններում հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու ցանկությունը լիովին անիրական է, որովհետեւ հակառակորդը ծրագրավորված է մեր ազգի եւ պետականության կենսական շահերի հաշվին առավելագույն դիվիդենտներ ստանալուն: Այս պահին ես տեսնում եմ միայն մեկ տարբերակ՝ հանդարտեցում եւ խաղաղության պարտադրում: Դրա համար մենք պետք է հրաժարվենք պաշտպանողական քաղաքականության հայեցակարգից եւ անցում կատարենք հարմարվողականին: Հայ ազգն արդեն դիմել է գլոբալ փոխզիջման՝ ընդունելով այլ տարածքային կազմավորման ֆիզիկական գոյություն պահպանելու իրավունքը սեփական քաղաքակրթական եւ պատմական տարածքում: Աշխարհաքաղաքականությունն արգելում է մեզ գնալ որեւէ քաղաքական, այն էլ աշխարհագրական զիջումների: Հարկավոր է հստակ հասկանալ, որ խոսքը ոչ թե ֆիզիկական միավորի (քաղաք, գյուղ, շրջան), այլ մեր կենսական տարածքի տարրերի մասին է:

Այս համատեքստում ծայրահեղ անհրաժեշտ է կատարել համարձակ եւ կարեւոր քայլ՝ միավորել Հայաստանն ու Արցախը միասնական քաղաքական ձեւաչափում: Պարտադիր չէ, որպեսզի այդ ձեւաչափը ստեղծվի Երեւանի՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի կողմից կտրուկ պաշտոնական ճանաչման ճանապարհով (սակայն այս փուլն անխուսափելի է): Գոյություն ունի ոչ պակաս արդյունավետ մեթոդ՝ երկու հայկական պետությունների պայմանական առաջնորդների միջեւ համաձայնագրի ստորագրում, որում արտացոլված կլինեն միասնական համազգային մոտեցումներ բոլոր խնդրահարույց հարցերի շուրջ: Մի կողմից, դա Հայաստանին դիվանագիտական հնարքների համար դաշտ կթողնի, մյուս կողմից էլ հարեւան երկրի ագրեսիվ գործողությունների դեպքում մեր լուրջ մտադրությունների վերաբերյալ ազդանշան կծառայի: Մենք պետք է սկզբունքորեն ընդունենք մեկ պարզ ճշմարտություն. չկա եւ չի կարող լինել Ստեփանակերտի կամ Երեւանի դիրքորոշում, պետք է լինի միասնական, գլոբալ հայկական դիրքորոշում, քանի որ դա մեր ընդհանուր քաղաքակրթական բնօրրանի մասն է:

Մեկ այլ խնդիր, որը մեր առջեւ դնում է տարածության քաղաքականությունը, վտանգի չեզոքացումն է Նախիջեւանի կողմից, որը եւս փոխանցվել է մեր թշնամուն արտաքին ուժերի կողմից: Հարձակվողական քաղաքականության փիլիսոփայությունը ենթադրում է ռեսուրսային հիմքի առկայություն, որը թույլ կտա վերաբաշխել համազգային ներուժը: Կարճաժամկետ ժամանակահատվածում հարկավոր է ստեղծել պայմաններ «զինվորական եւ ռազմավարական հայրենադարձության» հայեցակարգի համար: Էթնոսի ավելի քան 75%-ը գտնվում է իր պետական ինքնիշխանության սահմաններից դուրս: Առաջին հերթին հենց իրենց որակական եւ քանակական հնարավորությունները պետք է դրվեն իրական քաղաքականության հիմքում: Զինվորական ծառայությանն անցնելու նպատակով հայրենադարձությունը պետք է դառնա հիմնական պետական փիլիսոփայությունը, որը վերածում է զինվորական դասակարգն անմահ ազգային վերնախավի: Ճիշտ մոտեցման դեպքում եւ հաշվի առնելով համաշխարհային փորձը (ԱՄՆ, Իսրայել)՝ մենք կարող ենք սեղմ ժամկետներում ավելացնել մեր զինվորականների թիվը: Մոբիլիզացիան պետք է ընդգրկի հայոց աշխարհի բոլոր շերտերն անխտիր՝ ֆերմերներից մինչեւ գործարարներ:

Մենք տարբեր ուղղություններում հնարավորություններ ունենք՝ պետության տոտալ նյութատեխնիկական ամրապնդման նպատակով խոշոր դրամական միջոցներ հավաքելուց մինչեւ սեփական շահերի միջազգային լոբբինգ աշխարհի բոլոր անկյուններում: Ադրբեջանական սպառնալիքը չեզոքացնելուց հետո մենք պետք է կատարենք հաջորդ քայլը՝ դարձնենք Հայաստանն ու իր տարածքը գերիշխող տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործոն: Սա չափից շատ մեծ հավակնությունների հարց չէ, այլ օբյեկտիվ անհրաժեշտություն, քանի որ մեր աշխարհագրական տարածքի առանձնահատկությունը ենթադրում է երկրների եւ ազգերի ամրապնդում մյուսների «քաղաքական խժռման» հաշվին: Գերմանացի փիլիսոփա-աշխարհաքաղաքագետ Ֆրիդրիխ Ռատցելը նշում էր, որ ցանկացած պետություն եւ ազգ պետք է ունենան իր «տարածական հայեցակարգը»՝ սեփական տարածքային ունեցվածքի հնարավոր սահմանների մասին գաղափար: Նա նշում էր, որ  պետության անկումը հանդիսանում է մարող «հարձակվողական տարածական հայեցակարգի» եւ թուլացող «տարածական զգացումի» արդյունք, որը հանգեցնում է «տարածական սեղմման» (կոնտրակցիա): Նման սեղմումը, գիտնականի կարծիքով, առաջանում է ազգային շահերի անհաջող իրագործման պատճառով, որն ուղեկցվում է պետության աշխարհաքաղական կարգավիճակի եւ ազգի գլոբալ իմիջի անկումով:

Հարձակվողական հայեցակարգն ունի երկու իրատեսական կողմ՝ ազգային ազդեցության ընդլայնում եւ պետական հզորության բազմապատկում: Դրա համար անհրաժեշտ են  ոչ այդքան նյութական, որքան մետաֆիզիկական տվյալներ՝ ազգային խառնվածք, հավատ սեփական ուժերի հանդեպ եւ ոգու ուժ: Շվեդ աշխարհաքաղաքագետ Ռուդոլֆ Չելենը կարծում էր, որ հենց այդ հասկացություններն են սահմանում ոչ միայն պետական տարածական, այլեւ քաղաքակրթական ընդլայնման հնարավորությունը: Քանի որ ցանկացած պետության պատմական ճակատագիրը որոշվում է իր տարածա-ժամանակային կոնտինուումի առանձնահատկություններով, ապա հարձակվողական «տարածական քաղաքականության» լայնությունը կորոշվի ժամանակային ռիթմիկայով, որն ընտրում են ազգն ու պետությունը: Հաուսհոֆերը գրում էր, որ որքան ավելի ակտիվ ժամանակային ռիթմիկա է ընտրում պետությունը,այնքան շատ է տարածական քաղաքականության հաջողության հավանականությունը՝ ամրապնդումից մինչեւ ընդլայնում: Ընդհանուր առմամբ, աշխարհաքաղաքագետները միակարծիք են այն բանում, որ նման օրինաչափություն արտահայտվում է ինչպես ավանդական (սոցիալական ժամանակի ցիկլային տեսակ), այնպես էլ արեւմտյան գծա-կուտակային հասարակություններում:

Սահմանը ոչ մեռած, ոչ էլ մշտական միավոր է: Ռատցելն այն անվանում է պետության ծայրամասային օրգան, որը վկայում է պետական եւ ազգային օրգանիզմի աճի, ուժի եւ թուլության մասին: Ազգի համար պետք է միշտ ընկալելի լինի փաստացի սահմանը, որը գոյություն ունի այստեղ եւ հիմա: Սակայն անհրաժեշտ է նաեւ «սահմանի մետաֆիզիկական զգացման» առկայություն, որն արտացոլում է համազգային աշխարհաքաղաքական հավակնությունները: Համահայկական «սահմանների զգացումը» առնվազն ներառում է պատմական տարածքները Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկիայում: Ժամանակային հատվածում այս զգացման պահպանումը կախված է նրանից, թե ինչպես են սերունդները միմյանց փոխանցում պատմական հիշողությունը: Մեր խնդիրն այն է, որ «սահմանի զգացումը» պահպանում է դասական Արեւմտահայկական համայնքը, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանության սահմաններից դուրս:

Այսօր մենք զրկված ենք մեր ֆիզիկական տարածքային միջավայրի զգալի մասից, սակայն դա չպետք է զրկի մեզ պատմական հիշողությունից, որն անհրաժեշտ է մյուս սերունդների շրջանում «հավակնությունների տարածք» ստեղծելու համար:Արդեն իսկ հիմա մենք ունենք հայկական եվրասիական եւ հայկական ատլանտյան քաղաքական ռեսուրսներ: Մենք պետք է հայաֆիկացնենք աշխարհաքաղաքականությունը (հիմնենք քաղաքական մտքի սեփական դպրոցը)՝ հաշվի առնելով 4 միլիոնի հասնող էթնիկ ռեսուրսը եվրասիական մայրցամաքում, որից 2 միլիոնը գտնվում են հարթլենդի սահմաններում: Միաժամանակ կա գրեթե 2 միլիոն էթնիկ հայ, որոնց մի քանի սերունդ ապրում է ատլանտյան աշխարհում՝ ԱՄՆ-ում, Կանադայում եւ Լատինական Ամերիկայի երկրներում: Հայկական Ատլանտիզմը եւ Հայկական Եվրասիականությունը չպետք է հակադրվեն, այլ պետք է լրացնեն միմյանց՝ ամբողջ էներգետիկան ուղղորդելով դեպի հայկական պետականության մարմին: Մեր գերերկարաժամկետ բնույթի գեոստրատեգիական շահն այն է, որ քաղաքակրթական եւ կրոնական առումով մեզ մոտ ուղղափառ Ռուսաստանը, կաթոլիկ Եվրոպայի պահպանողական հատվածը եւ ավետարանական Ամերիկան դառնան հայկական աշխարհի բնական դաշնակիցները: Այդ ուժերի հնարավորությունները կարելի է ուղղել հակառակորդների զսպմանը, որոնք երազում են հայկական պետությունը տեսնել ավերակների մեջ:

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին