Վերջին օրերին եւ շաբաթներին իմ շատ գործընկերներ բարձրաձայն կամ կիսաձայն բողոքում են Ֆեյսբուքում տիրող իրավիճակից ու «ֆեյքերի» (կեղծ օգտատերերի) գրոհներից:
Դեռ մի քանի տարի առաջ, երբ մի շարք պատգամավորներ առաջարկեցին ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում «ֆեյքերի» դեմ ուղղված հոդված ավելացնել, չէի հասկանում՝ ինչու է այդ հարցն այդքան կարեւորվում: Մարդիկ անանուն նամակներ գրում են պատմության ողջ ընթացքում, իսկ տեխնոլոգիական առաջընթացը պոտենցիալ անոնիմին տալիս է նորանոր գործիքներ՝ իր «հմտությունները» կատարելագործելու համար: Ուստի առնվազն միամտություն է կարծել, որ մարդու էությունը կարելի է փոխել:
Անձամբ ինձ «ֆեյքերը» երբեք չեն խանգարել: Միշտ գրել եմ այն, ինչ ճիշտ եմ համարել, եւ միշտ պատրաստ եմ եղել պատասխան տալ գրածիս համար: Եթե ինչ-որ մեկը հիմարությունից կամ նախանձից դրդված փորձում է իմ գրածներում չեղած տողատակեր հայտնաբերել, քննարկումների մեջ չեմ մտնում, քանի որ սովոր եմ ասելիքս շարադրել բուն նյութում, այլ ոչ թե մեկնաբանություններում: Հատկապես որ համացանցային գրեթե բոլոր քննարկումները 5-րդ մեկնաբանությունից հետո ոչ միայն շեղվում են քննարկման նյութից, այլեւ տեղափոխվում են «сам дурак» հարթություն:
Կան մարդիկ, որոնք Մեդիամաքսի գոյության 19 տարիների ընթացքում չեն հոգնում այստեղ ու այնտեղ կրկնել «մանտրան» այն մասին, որ մեզ ֆինանսավորում է Ռոբերտ Քոչարյանը: Խոսում էին, երբ Քոչարյանը նախագահ էր, խոսում էին, երբ նախագահ չէր, խոսում են, երբ կալանավորված է: Մի մեջբերում էլ անեմ ռուսերենից՝ երբեք չեմ առաջնորդվել «докажи, что ты не верблюд» սկզբունքով: Եթե որոշ մարդկանց հարմար է սեփական անհաջողությունները կամ ստեղծագործական մտքի պակասն արդարացնել ուրիշներին պիտակավորելով, ինձ դա չի խանգարում: Ձանձրացնում է, իհարկե, բայց, ինչպես ասում է ընկերներիցս մեկը, «աշխարհը, ցավոք, կատարյալ չէ»:
Միշտ համոզված եմ եղել, որ մարդը նախեւառաջ պատասխանատու է սեփական խղճի առջեւ: Լրագրողը՝ առավել եւս, քանզի ազդեցություն ունի հազարավոր մարդկանց վրա: Աշխատանքս գնահատելու շատ պարզ մեթոդ եմ կիրառում՝ գիշերը հանգի՞ստ եմ քնում, թե՞ ոչ:
Եթե մարդը գիտի, որ սեփական խղճին դեմ չի գնացել, նա ֆեյքերի գրոհները պետք է փորձի ընկալել իբրեւ իր աշխատանքով պայմանավորված անհարմարություն, ինչպես, օրինակ, մեղվաբույծը՝ մեղուների խայթոցները:
Եթե ազնիվ ես ինքդ քո հետ, պետք չէ մեծ պատմություններ սարքել, առավոտից երեկո բողոքել, ճնշվածի կեցվածք ընդունել, ընթերցողներից կամ կառավարությունից օգնություն հայցել, եւ այլն:
Մի վախեցեք ֆեյքերից՝ դրանք ողորմելի արարածներ են՝ անկախ նրանից, թե ում են սպասարկում՝ նախկին իշխանություններին, գործող իշխանությանը, թե սեփական բարդույթներին: Եթե մարդը պատրաստ է հրաժարվել սեփական «ես»-ից, ինքն արդեն կործանված է, եւ նրա հետ քննարկում ծավալելով՝ դուք շեղում եք նրան սեփական ողբերգության հետ հաշվի նստելուց:
Մի վախեցեք ֆեյքերից, վախեցեք սեփական խղճից: Ֆեյքերը կգան ու կգնան, իսկ ձեր խիղճը միշտ կմնա ձեզ հետ:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: