exclusive
8377 դիտում

5/10/15. Սարգսյանը` ԱՄՆ-ում, Ահմադինեջադը` Հայաստանում


ԵԱՀԿ գրասենյակը Վիեննայում
ԵԱՀԿ գրասենյակը Վիեննայում

Լուսանկարը` ԵԱՀԿ

Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Գեյթսը
Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Գեյթսը

Լուսանկարը` Պենտագոն

Մահմուդ Ահմադինեջադը
Մահմուդ Ահմադինեջադը

Լուսանկարը` REUTERS

Սերժ Սարգսյանը ԵԺԿ համագումարում Բուխարեստում
Սերժ Սարգսյանը ԵԺԿ համագումարում Բուխարեստում

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքսը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-22

«Հուսադրող խոստումը»

Հոկտեմբերի 17-ին Վրաստանի պետական սահմանի պահպանության պետդեպարտամենտի նախագահ Վալերի Չխեիձեն «ապատեղեկատվություն» էր որակել հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթի շրջան չեչեն զինյալների տեղաշարժման մասին տեղեկատվությունը: Չխեիձեն բացառել էր նաեւ չեչեն զինյալների՝ դեպի վրաց-թուրքական սահման առաջխաղացման հավանականությունը:
 
Իսկ հոկտեմբերի 21-ին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Մեդիամաքսին տված հարցազրույցում մեկնաբանելով Երեւանի վերաբերմունքը վրաց-թուրքական ռազմական մերձեցմանը, ասել էր.
 
«Վրաստանը վստահեցրել է մեզ, որ չի ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կարող են սպառնալ Հայաստանի անվտանգությանը եւ նպաստել մեր տարածաշրջանային մեկուսացմանը: Սա բավականին լուրջ եւ, որոշակի առումով, հուսադրող խոստում է»:
 
«Գերազանց օրինակ»

Հոկտեմբերի 19-ին ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ Դուգլաս Դեվիդսոնը ողջունել էր ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխման գործընթացում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ունեցած դերը:

ԵԱՀԿ գրասենյակը Վիեննայում ԵԱՀԿ գրասենյակը Վիեննայում

Լուսանկարը` ԵԱՀԿ


«ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գերազանց աշխատանքային հարաբերությունները Հայաստանի կառավարության եւ քաղաքացիական հասարակության հետ պետք է օրինակ ծառայեն ԵԱՀԿ բոլոր տեղական գրասենյակների համար»,- ասել էր Դեվիդսոնը:

Նման հաճոյախոսությունները, որոնք տարիներ շարունակ շռայլում էին տարբեր երկրների եւ կազմակերպությունների ներկայացուցիչները, չփրկեցին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը: Փաստացի, այն Ադրբեջանի շանտաժի զոհ դարձավ եւ փակվեց 2017 թվականի օգոստոսին:

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-22

Սարգսյանը Վաշինգթոնում

Հոկտեմբերի 17-18 ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպումներ ունեցավ ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Չեյնիի եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի հետ:

Գեյթսն ասել էր, որ Սարգսյանի հետ Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձեւի թեման չի քննարկել: Միաժամանակ Պենտագոնի ղեկավարն անհրաժեշտ էր համարել իր անհանգստությունն արտահայտել հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հանձնաժողովի կողմից ընդունված` Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի վերաբերյալ: «Ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ դա իսկապես կարող է վնասել Իրաքում գտնվող մեր զորքերին եւ վնասել, հնարավոր է անշրջելի, կարեւոր տարածաշրջանում կարեւոր դաշնակցի հետ մեր հարաբերությունները ու ահաբեկչության դեմ ավելի լայնածավալ պատերազմին»:
Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Գեյթսը Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Գեյթսը

Լուսանկարը` Պենտագոն


«Չեմ կարծում, որ թուրքերը բլեֆ են անում, նրանց համար այս հարցն իսկապես կարեւոր է: Ենթադրում եմ, որ նրանք կանխատեսում են հնարավոր հետեւանքներ` այն ինչ վերաբերում է փոխհատուցումներին եւ, հնարավոր է, նույնիսկ սահմանագծի փոփոխմանը», - հայտարարել էր ԱՄՆ պաշտպանության նախարարը:

Սարգսյանի հետ հանդիպումից հետո Ռիչարդ Չեյնին հայտարարել էր, որ ԱՄՆ պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների իրականացման գործում: Զրուցակիցները անդրադարձել էին նաեւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող գործընթացներին եւ հայ-թուրքական հարաբերություններին:

Ահմադինեջադը Երեւանում

Հոկտեմբերի 22-ին պաշտոնական այցով Երեւան էր ժամանել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:
Մահմուդ Ահմադինեջադը Մահմուդ Ահմադինեջադը

Լուսանկարը` REUTERS


Նա նշել էր, որ «հայ-իրանական հարաբերությունների հեռանկարը կառուցողական է եւ լուսավոր»: Ըստ նրա, Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների զարգացումը բխում է ինչպես երկու երկրների ժողովուրդների, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության շահերից:

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-22

Թղթի վրա մնացած դոնորների համաժողովը

Հոկտեմբերի 17-ի Բուխարեստում, ելույթ ունենալով Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր.
Սերժ Սարգսյանը ԵԺԿ համագումարում Բուխարեստում Սերժ Սարգսյանը ԵԺԿ համագումարում Բուխարեստում

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


«Հայաստանն այսօր ԵՄ Արեւելյան գործընկերության առաջատարներից է` եւ՛ Ասոցացման բանակցությունների, եւ՛ նախաձեռնված լայնածավալ բարեփոխումների առումով :Մենք ողջունում ենք այս գագաթնաժողովի հռչակագիրը Միասնական շուկայի վերաբերյալ: Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրն ապագայում Հայաստանին նույնպես թույլ կտա օգտվելու Միասնական շուկայի հնարավորություններից: Մենք ձեռնամուխ ենք եղել բարեփոխումների համապարփակ ծրագրի մշակմանը, որի արդյունքում կունենանք շատ ավելի արդյունավետ կառավարման համակարգ: Այդ նպատակներն իրականացնելու համար Հայաստանը կարիք ունի շոշափելի ֆինանսական աջակցության: Հենց այդ նպատակով ենք Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ նախապատրաստում դոնորների համաժողով Հայաստանի համար», - ասել էր Սերժ Սարգսյանը:

Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը, որը Ասոցացման համաձայնագրի մաս էր կազմում, չստորագրվեց: Չկայացավ նաեւ դոնորների համաժողովը:

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am