5/10/15. Արքայազն Չարլզը, Սուրեն Խաչատրյանը եւ ԵԱՀԿ կոչը - Mediamax.am

exclusive
10244 դիտում

5/10/15. Արքայազն Չարլզը, Սուրեն Խաչատրյանը եւ ԵԱՀԿ կոչը


Քրիսթիան Շթրոհալը
Քրիսթիան Շթրոհալը

Լուսանկարը` ԵԱՀԿ

Լուսանկարը` REUTERS

Արքայազն Չարլզը Երեւանում՝ Արմեն Սարգսյանի եւ Դիլիջանի դպրոցի հիմնադիրների հետ
Արքայազն Չարլզը Երեւանում՝ Արմեն Սարգսյանի եւ Դիլիջանի դպրոցի հիմնադիրների հետ

Լուսանկարը` Դավիթ Հակոբյան

Սուրեն Խաչատրյանը
Սուրեն Խաչատրյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28 - ՀՈՒՆԻՍԻ 3

 

ԱՄՆ-ի կոչը

 

Միացյալ Նահանգները մայիսի 31-ին Հայաստանի կառավարությանը կոչ էին արել «արագ արձագանքել» Միջազգային դիտորդական առաքելության` Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ եզրակացության առանցքային դրույթներին:

 

Ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստում, ԱՄՆ ներկայացուցիչ Դուգլաս Դեւիդսոնը նկատել էր, որ խորհրդարանական ընտրությունների հակասական գնահատականը «հատկապես հիասթափեցնում է, հաշվի առնելով վերջին 11 տարիների ընթացքում ժամանակակից հասարակություն կառուցելու գործում ձեռքբերված այն հսկայական առաջընթացը, որով Հայաստանի ժողովուրդը եւ կառավարությունը կարող են արժանիորեն հպարտանալ»:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28 - ՀՈՒՆԻՍԻ 3

 

«Պետությունը միշտ բիզնեսի կողքին կլինի»

 

Մայիսի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գործարարների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ «պետությունը միշտ բիզնեսի կողքին կլինի»:

 

«Այսուհետ աշխատանքի գնալով, հարկային եւ մաքսային ծառայությունների աշխատակիցը պետք է գիտակցի, որ գնում է ծառայություններ մատուցելու բիզնեսին, եւ ոչ ավելին: Նրանց, ում այս մոտեցումը դուր չի գա, մենք կփոխարինենք նոր կադրերով»,- հայտարարել էր ՀՀ նախագահը:

 

Նրա խոսքերով, «փոխադարձ վստահության մթնոլորտը ոչ թե ժամանակավոր երեւույթ կլինի, այլ` աշխատաոճ»:

 

Նոր ոստիկանապետը

 

Մայիսի 29-ին Սերժ Սարգսյանը հրամանագրեր ստորագրեց Հայկ Հարությունյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու եւ այդ պաշտոնում Ալիկ Սարգսյանին նշանակելու մասին: Մինչ այդ Ալիկ Սարգսյանը զբաղեցնում էր Արարատի մարզի ղեկավարի պաշտոնը:

 

ԵԱՀԿ եզրափակիչ զեկույցը

 

ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակն (ԺՀՄԻԳ) մայիսի 30-ին տարածել էր փետրվարին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ եզրափակիչ զեկույցը:

 

Փաստաթղթում ասվում էր, որ Հայաստանում նախագահական ընտրությունների նախընտրական եւ քվեարկության փուլերը ընթացել են հիմնականում ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխան, սակայն խնդիրներ են ծագել` հիմնականում քվեարկությունից հետո:

Քրիսթիան Շթրոհալը Քրիսթիան Շթրոհալը

Լուսանկարը` ԵԱՀԿ

Զեկույցում ասված էր, որ «այն ցուցաբերեց անբավարար հարգանք ժողովրդավարական ընտրությունների հետ կապված հիմնական չափանիշների նկատմամբ եւ արժեզրկեց ամբողջ ընտրական գործընթացը»։

 

«Հայաստանի ընտրական համակարգը պահանջում է ոչ այնքան հետագա տեխնիկական կամ իրավական բարեփոխումներ, որքան իրական հանձնառություն իշխանությունների կողմից` բոլոր մակարդակներով, ինչպես նաեւ այլ քաղաքական դերակատարների, ժողովրդավարական ընտրական գործընթացների` անհարկի պետական միջամտությունից զերծ եւ ԵԱՀԿ չափանիշներին համապատասխան»,- ասել էր ԺՀՄԻԳ-ի տնօրեն Քրիսթիան Շթրոհալը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28 -ՀՈՒՆԻՍԻ 3

 

Արքայազն Չարլզը Հայաստանում

 

Մայիսի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում էր ունեցել արքայազն Չարլզի հետ, ով Հայաստանում էր գտնվում «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հրավերով:

 

«Ձեր նկատմամբ մեր ժողովրդի վերաբերմունքն առանձնահատուկ է, եւ դա պայմանավորված է նաեւ նրանով, որ Դուք բարեգործական մեծ գործունեություն եք ծավալում: Դրա վառ վկայությունը «Երեւան, իմ սեր» ծրագրին Ձեր ակտիվ մասնակցությունն է»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Արքայազն Չարլզը Երեւանում՝ Արմեն Սարգսյանի եւ Դիլիջանի դպրոցի հիմնադիրների հետ Արքայազն Չարլզը Երեւանում՝ Արմեն Սարգսյանի եւ Դիլիջանի դպրոցի հիմնադիրների հետ

Լուսանկարը` Դավիթ Հակոբյան

ՀՀ նախագահը նաեւ շնորհակալություն էր հայտնել «Երեւան, իմ սեր» նախաձեռնության հիմնադիր Արմեն Սարգսյանին՝ ծրագիրը նախաձեռնելու եւ արքայազն Չարլզի այցը Հայաստան կազմակերպելու համար:

 

Արքայազն Չարլզը կարեւորել էր «Երեւան, իմ սեր» բարեգործական ծրագիրը, ինչպես նաեւ Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագիրը:

 

Սուրեն Խաչատրյանը թողնում է պաշտոնը

 

Հունիսի 3-ին Սուրեն Խաչատրյանը հայտարարել էր, որ դադարեցնում է Սյունիքի մարզպետի լիազորությունները մինչեւ նախաքննության ավարտը:

Սուրեն Խաչատրյանը Սուրեն Խաչատրյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչեւ նախաքննության ավարտը եւ արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն»,- ասված էր Սուրեն Խաչատրյանի հայտարարության մեջ։

 

Հունիսի 1-ի երեկոյան Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի ընթացքում սպանվել էր մեկ եւ վիրավորվել երկու անձ:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին