5/10/15. Ադրբեջանում ՆԱՏՕ-ի վարժանքի չեղարկումը, ցույցեր Երեւանում - Mediamax.am

exclusive
5414 դիտում

5/10/15. Ադրբեջանում ՆԱՏՕ-ի վարժանքի չեղարկումը, ցույցեր Երեւանում


Գեներալ Ջեյմս Ջոնսը
Գեներալ Ջեյմս Ջոնսը

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` Ֆոտոլուր

Վարդան Օսկանյանը
Վարդան Օսկանյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-15

 

ՆԱՏՕ-ի զորավարժությունների չեղարկումն Ադրբեջանում

 

Սեպտեմբերի 13-ին Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ջեյմս Ջոնսը չեղարկեց Cooperative Best Effort-2004 զորավարժությունը, որը պետք է մեկնարկեր Ադրբեջանում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Այս որոշման պատճառն այն էր, որ Ադրբեջանը հրաժարվել էր հայ սպաներին Բաքու ժամանելու համար մուտքի թույլտվություն տալ:

 

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում ընդգծել էր, որ Ջոնսը որոշել էր չեղարկել զորավարժությունը, «քանի որ հրաժարվելով մուտքի թույլատվություն տալ հայ սպաներին, Ադրբեջանը խախտեց «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում զորավարժությունների անցկացման հիմնարար սկզբունքը, որի համաձայն դրանք պետք է բաց լինեն բոլոր գործընկեր-երկրների համար»:

 

«ՆԱՏՕ-ն ափսոսանք է հայտնում այն կապակցությամբ, որ Ադրբեջանում զորավարժության կազմակերպման ընթացքում այդ սկզբունքը խախտվեց»,- ասել էր Դաշինքի ներկայացուցիչը:

Գեներալ Ջեյմս Ջոնսը Գեներալ Ջեյմս Ջոնսը

Լուսանկարը` REUTERS

Ավելի վաղ, 2004 թվականի ապրիլի 26-ին Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի փոխհրամանատար, գեներալ Չարլզ Վոլդը Երեւանում ասում էր. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ինձ անձամբ հավաստիացրել է, որ հայ զինծառայողները կկարողանան մասնակցել Cooperative Best Effort-2004 զորավարժություններին»:

 

Սեպտեմբերի 13-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը մտահոգություն էին հայտնել Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչների առջեւ ադրբեջանական կողմից ամենաբարձր մակարդակով խոչընդոտներ առաջացնելու կապակցությամբ:

 

Օսկանյանը բարձր էր գնահատել ՆԱՏՕ-ի սկզբունքային դիրքորոշումն այս հարցում` նշելով, որ «Ադրբեջանի պատճառով զինավարժությունների չեղյալ համարելը հնարավորության մեծ կորուստ էր տարածաշրջանային համագործակցության համար»:

 

ՀՀ արտգործնախարարը հայտարարել էր, որ «տարածաշրջանի պետությունների իշխանությունները պետք է փորձեն իրենց ժողովուրդների շրջանում արմատավորել կողք-կողքի ապրելու եւ միմյանց հետ համագործակցելու գաղափարը, որն էլ իր հերթին կնպաստի տարածաշրջանի հակամարտությունների կարգավորմանը»:

 

Նա հիշեցրել էր 2003թ. Հայաստանում հաջողությամբ անցկացված ՆԱՏՕ-ի Cooperative Best Effort-2003 զորավարժությունը, որին մասնակցել էին Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-15

 

Ընդդեմ արձանագրությունների

 

Սեպտեմբերի 15-ին Հայաստանի նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ չի կարող համակերպվել նրա հետ, որ «մեր երկիրը բոլոր կետերով զիջումների է անում Թուրքիային»:

Վարդան Օսկանյանը Վարդան Օսկանյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Վարդան Օսկանյանը նշել էր, որ «թուրքական կողմին հաջողվել է իրականացնել այն, ինչին նրանք ձգտում էին 1991 թվականից»: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է լուրջ քննարկումներ անցկացնել կողմերի նախաստորագրած արձանագրությունների վերաբերյալ, քաղաքական գնահատականներ տալ եւ փոխել արձանագրությունների բովանդակությունը:

 

Նախկին նախարարն ասել էր, որ «Հայաստանի իշխանությունները չպետք է մտածեն, թե ինչպես փրկել որեւէ մեկի դեմքը կամ սեփական հեղինակությունը: Նրանք պետք է վեր լինեն այս ամենից եւ հարցը դիտարկեն ազգային շահերի տեսանկյունից»:

 

Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ «այդ արձանագրությունները վատ բանակցությունների արդյունք են»: Նա չբացառեց, որ արձանագրությունների նախաստորագրումը կարող է Հայաստանին պարտադրված լինի արտաքին ուժերի կողմից, քանի որ «հայկական դիվանագիտությունը չէր կարող համաձայնել նման քայլի եւ ընդունել այն նվաստացուցիչ պայմանները, որոնք թուրքերը փորձում էին մեզ պարտադրել վերջին 10 տարիների ընթացքում»:

 

Սեպտեմբերի 15-ին ՀՅԴ-ն բողոքի ցույցեր էր Երեւանի կենտրոնում՝ ընդդեմ արձանագրությունների:

Լուսանկարը` Ֆոտոլուր

Նստացույցերն անցկացվում էին Հանրապետության հրապարակում՝ կառավարության եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքերի մոտ: Բողոքի ցույցի մասնակիցները պահանջում էին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-15

 

Հունաստանի խորհրդարանի որոշումը

 

Սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանը ընդունել էր երկրի տարածքում ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության հրապարակային հերքումը քրեականացնող օրինագիծը:

 

Սեպտեմբերի 10-ին պաշտոնական Երեւանը ողջունել էր Հունաստանի խորհրդարանի այդ որոշումը: 

 

«Այս քայլով Հունաստանը եւս մեկ անգամ ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին եւ կարեւոր քայլ կատարեց` ցեղասպանությունների եւ մարդկության դեմ այլ ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ», - հայտարարել էր Հայաստանի ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին