5/10/15. Ցյուրիխի ստորագրումը, «պատրաստ» Ծառուկյանը, UWC Dilijan-ը - Mediamax.am

exclusive
5664 դիտում

5/10/15. Ցյուրիխի ստորագրումը, «պատրաստ» Ծառուկյանը, UWC Dilijan-ը


Արձանագրությունների ստորագրումից հետո
Արձանագրությունների ստորագրումից հետո

Լուսանկարը` REUTERS

Գագիկ Ծառուկյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում 2014թ. հոկտեմբերի 10-ին
Գագիկ Ծառուկյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում 2014թ. հոկտեմբերի 10-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն Ցյուրիխում 2009թ. հոկտեմբերի 10-ին
Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն Ցյուրիխում 2009թ. հոկտեմբերի 10-ին

Լուսանկարը` REUTERS

Վերոնիկա Զոնաբենդը եւ Ռուբեն Վարդանյանը՝ UWC Դիլիջան քոլեջի բացմանը
Վերոնիկա Զոնաբենդը եւ Ռուբեն Վարդանյանը՝ UWC Դիլիջան քոլեջի բացմանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-13

 

«Լեռնային Ղարաբաղը գին չունի»

 

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հոկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ «Լեռնային Ղարաբաղը գին չունի»:

 

«Եթե ինչ-որ մեկը կասկածում է այս խոսքերի ճշմարտության մեջ, ապա ես ցավում եմ այդ մարդու համար: Այսօր Լեռնային Ղարաբաղը Հայաստան է, եւ Ղարաբաղը, ինչպես նաեւ Սեւանա լիճը, Տավուշը, Մեղրին եւ հայկական հողի յուրաքանչյուր մետրը, գին չունի»,- ասել էր Վարդան Օսկանյանը:

 

Նախարարը նշել էր, որ հայկական կողմն առաջվա պես համոզված է, որ հիմնախնդրի փաթեթային լուծումն այլընտրանք չունի: Նա շեշտել էր, որ «որոշակի ճկունություն կարող է դրսեւորվել փաթեթում ամրագրված որոշակի խնդիրների կատարման հաջորդականության առումով»:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-13

 

Ուղերձ՝ հայ ժողովրդին

 

Հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձով դիմել էր հայ ժողովրդին:

 

Մեկնաբանելով արձանագրությունների որոշակի կետերի վերաբերյալ մի շարք քաղաքական ուժերի եւ Սփյուռքի ներկայացուցիչների մտահոգությունները, Սերժ Սարգսյանը, մասնավորապես, հայտարարել էր.

 

«1. Ցանկացած հարաբերություն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը: Այն հայտնի փաստ է եւ պետք է ճանաչվի ու դատապարտվի ողջ առաջադեմ մարդկության կողմից: Միջկառավարական հանձնաժողովի համապատասխան ենթահանձնաժողովը պատմաբանների հանձնաժողով չէ;

 

2. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա սահմանների հարցը ենթակա է լուծման միջազգային իրավունքի համաձայն: Արձանագրությունները դրանից ավելի ոչինչ չեն ասում;

 

3. Այս հարաբերությունները որեւէ ձեւով չեն առնչվում ու չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, որն անկախ ու ինքնուրույն գործընթաց է: Հայաստանը չի դիտարկում արձանագրություններում ամրագրված տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության հարցը որպես Ղարաբաղի հիմնախնդրի հետ որեւէ առնչություն ունեցող հիշատակում;

 

4. Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ձգձգումը կամ վավերացման հնարավոր նոր պայմանների առաջադրումը հայկական կողմի համարժեք վերաբերմունքին կարժանանա: Այս արձանագրություններով Հայաստանը միակողմանիորեն չի ստանձնում որեւէ պարտավորություն, չի կատարում որեւէ հաստատում: Հայաստանը ստորագրում է այս արձանագրությունները երկու երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու հիմքեր ստեղծելու նպատակով: Ուստի, եթե Թուրքիան խելամիտ ժամկետում չվավերացնի այս արձանագրությունները եւ դրանից հետո սահմանված ժամկետում չկատարի դրանց բոլոր դրույթները կամ դրանք խախտի հետագայում, ապա Հայաստանն առանց հապաղելու կձեռնարկի միջազգային իրավունքին համապատասխան համարժեք քայլեր»:

Արձանագրությունների ստորագրումից հետո Արձանագրությունների ստորագրումից հետո

Լուսանկարը` REUTERS

Արձանագրությունների ստորագրումը

 

Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները:

 

Ստորագրման արարողությանը մասնակցում էին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Բեռնար Քուշները, ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան:

 

Ստորագրման արարողությունը հետաձգվել էր մի քանի ժամով: Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասել էր, որ ձգձգման պատճառը Թուրքիայի արտգործնախարարի բանավոր հայտարարության մեջ ընդգրկված Հայաստանի համար անընդունելի ձեւակերպումներն էին:

 

«Թուրք նախարարի հայտարարության նախագծում ընդգրկված էին հայկական կողմի համար անընդունելի ձեւակերպումներ, եւ բանակցությունների ընթացքում որոշվեց, որ կողմերն ընդհանրապես զերծ կմնան հայտարարություններից»,- ասել էր հայ դիվանագետը:

Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն Ցյուրիխում 2009թ. հոկտեմբերի 10-ին Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն Ցյուրիխում 2009թ. հոկտեմբերի 10-ին

Լուսանկարը` REUTERS

Իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր, որ թուրքական կողմի հայտարարության նախագիծը պարունակում էր կետեր, որոնք «հակասում էին ստորագրված արձանագրությունների ոգուն եւ բանակցային գործընթացի ողջ տրամաբանությանը»:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-13

 

Ծառուկյանը «պատրաստ է»

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 9-ին ասել էր, որ, եթե գործընկերներն առաջադրեն իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններին, ինքը կհամաձայնվի:

 

«Այսօրվա դրությամբ ես արժանի 4-5 մարդ եմ տեսնում, ովքեր կարող են առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Բայց եթե իմ գործընկերները համարեն, որ ես պետք է առաջադրվեմ, ապա պատրաստ եմ դրան»,- ասել էր Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում 2014թ. հոկտեմբերի 10-ին Գագիկ Ծառուկյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում 2014թ. հոկտեմբերի 10-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հոկտեմբերի 10-ին՝ հանդես գալով Երեւանի կենտրոնում ԲՀԿ, Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) եւ «Ժառանգություն» կուսակցության հրավիրած համատեղ հանրահավաքում, նա հայտարարել էր, որ «հպարտ է կանգնել ժողովրդի կողքին»:

 

«Պատմական փաստաթուղթ»

 

Հոկտեմբերի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ  Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու մասին «պատմական փաստաթղթի» ստորագրումը կլինի եվրասիական տարածքում ինտեգրացիայի նոր փուլի մեկնարկը:

 

Այդ մասին Սերժ Սարգսյանը ասել էր Մինսկում՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

 

«Համոզված եմ, որ այդ պատմական փաստաթղթի ստորագրումը եվրասիական տարածքում ինտեգրացիայի նոր փուլի մեկնարկը կլինի: Մենք շատ լավ գիտակցում ենք մեր ստանձնած առանձնահատուկ պատասխանատվությունը՝ առաջինը միանալով պայմանագրին: Ես համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք արդյունավետորեն իրագործել Հայաստանի միանալու գործընթացը՝ նվազագույնի հասցնելով ռիսկերը մեր երկրի համար եւ առավելագույնի հասցնելով ընդհանուր շահը»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

 

UWC Dilijan-ի մեկնարկը 

 

Հոկտեմբերի 11-ին Հայաստանում պաշտոնապես բացվեց UWC Դիլիջան քոլեջը, որն Աշխարհի Միացյալ Քոլեջներ (United World Colleges – UWC) կրթական ցանցի առաջին միջազգային դպրոցն էր Արեւելյան Եվրոպայում եւ ԱՊՀ տարածքում:

Վերոնիկա Զոնաբենդը եւ Ռուբեն Վարդանյանը՝ UWC Դիլիջան քոլեջի բացմանը Վերոնիկա Զոնաբենդը եւ Ռուբեն Վարդանյանը՝ UWC Դիլիջան քոլեջի բացմանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«UWC Դիլիջան քոլեջը, որպես բարեգործական նախագիծ, բացառիկ է իր ծավալներով։ Աշակերտների ընտրությունը կատարվում է բաց հիմքով եւ ֆինանսավորման գործընթացից անկախ, ինչը հավասար հնարավորություններ է ընձեռում բոլոր դիմորդներին եւ թույլ է տալիս մեկտեղ բերելու տարբեր մշակույթների կրող ոչ ստանդարտ մտածողությամբ եւ պայծառ անհատականությամբ պատանիների եւ երիտասարդների»,– ասել էր RVVZ հիմնադրամի համահիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը: «Մեր եւ մեր նախաձեռնության նկատմամբ ունեցած վստահության լավագույն վկայությունն է արդեն այն, որ 50 երկրներից մարդիկ իրենց երեխաներին ուղարկել են Հայաստանում բացված նոր դպրոցում սովորելու», - հավելել էր նա:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին