5/10/15. «Միասնական ճակատ», «0 վստահություն», «նավթի գերակայություն» - Mediamax.am

exclusive
9392 դիտում

5/10/15. «Միասնական ճակատ», «0 վստահություն», «նավթի գերակայություն»


Էլմար Մամեդյարովը 2004 թվականին
Էլմար Մամեդյարովը 2004 թվականին

Լուսանկարը` REUTERS

Վարդան Օսկանյանը 2004 թվականին
Վարդան Օսկանյանը 2004 թվականին

Լուսանկարը` REUTERS

ԵԱՀԿ նախարարական հանդիպումը Բազելում
ԵԱՀԿ նախարարական հանդիպումը Բազելում

Լուսանկարը` ԵԱՀԿ


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-8

 

«Ադրբեջանի դեմ միասնական ճակատ»

 

Դեկտեմբերի 2-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ «մենք մտադիր չենք զիջել մեր վերահսկողության տակ գտնվող տարածքները՝ առանց Լեռնային Ղարաբաղի ապագա քաղաքական կարգավիճակի հարցի լուծման»:

 

Այդ մասին Օսկանյանն ասել էր Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում՝ մեկնաբանելով ՀՀՇ ներկայացուցիչների հայտարարություններ այն մասին, թե Հայաստանի իշխանությունները միտումնավոր ձգձգում են ժամանակը եւ մտադրություն չունեն լուծել ղարաբաղյան խնդիրը:

Վարդան Օսկանյանը 2004 թվականին Վարդան Օսկանյանը 2004 թվականին

Լուսանկարը` REUTERS

Ըստ Օսկանյանի՝ խոսելով «ձգձգման» մասին, ընդդիմության ներկայացուցիչները վկայակոչում են ղարաբաղյան հիմնահարցի փուլային լուծման պլանը, որին աջակցում էր եւ աջակցում է ՀՀՇ-ն: «Եթե «ձգձգումը» նշանակում է, որ մենք երբեք չենք համաձայնվի, որ Լեռնային Ղարաբաղը դե յուրե լինի Ադրբեջանի կազմում, ապա թող այդպես էլ լինի. հակամարտության լուծումը «ձգձգվելու» է այնքան, մինչեւ համապատասխանի հայ ժողովրդի ազգային շահերին», - նկատել էր նախարարը:

 

Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ Հայաստանը գտնվում է բավականին բարենպաստ իրավիճակում, իսկ «տարբեր միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ վերջին 5-6 տարիների ընթացքում մենք լուրջ հաջողությունների ենք հասել»:

 

«Ադրբեջանը խուճապի մեջ է, մեր դիրքերը բավականին ուժեղ են, ուստի կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին՝ մի վնասեք ինքներդ ձեզ, այլ ստեղծեք Ադրբեջանի դեմ միասնական ճակատ», - ասում էր Վարդան Օսկանյանը:

 

«Հայաստանի նկատմամբ վստահությունը հավասար է զրոյի»

 

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ դեկտեմբերի 6-ին ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Սոֆիայում, հայտարարել էր, որ Պրահայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների չորս փուլերը «որոշակի հույսեր են առաջացրել»:

 

Ադրբեջանցի նախարարն ասել էր, որ «մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն դա հնարավոր չի անել զինված ագրեսիայի արդյունքում ձեւավորված այսպես կոչված «իրողությունների» հիման վրա, եւ մեր հարեւանը պետք է հրաժարվի այն պատրանքից, թե ժամանակն իր օգտին է աշխատում»:

 

Էլմար Մամեդյարովը նաեւ նշել էր, որ «մեր վստահությունը Հայաստանի նկատմամբ, որն այսօր հավասար է զրոյի, կարող է վերականգնվել միայն այն դեպքում, եթե մենք տեսնենք, որ նա պատրաստ է դուրս հանել իր զորքերը մեր գրավյալ տարածքներից»:

Էլմար Մամեդյարովը 2004 թվականին Էլմար Մամեդյարովը 2004 թվականին

Լուսանկարը` REUTERS

Մամեդյարովը հայտարարել էր, որ «Ադրբեջանը չի կարող համաձայնվել Հայաստանի բարձրաստիճան ղեկավարների՝ հայերի եւ ադրբեջանցիների էթնիկական անհամատեղելիության մասին հայտարարությունների հետ»:

 

«Մենք համոզված ենք, որ ադրբեջանցիները եւ Ադրբեջանի քաղաքացիներ հանդիսացող հայերը կարող են եւ ապրելու են կողք կողքի իմ երկրի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում: Ամենամեծ մարտահրավերը, որին մենք բախվում ենք այս տարածաշրջանում, ոչ թե երկու ժողովուրդների էթնիկական ատելությունն է, այլ հարեւանների նկատմամբ տարածքային պահանջների անցյալին պատկանող գաղափարախոսության եւ Եվրոպայի բաղկացուցիչ մասը լինելու մեր ցանկության միջեւ եղած անհամատեղելիությունն է»,- ասում էր Մամեդյարովը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-8

 

Օրենքի եւ «նավթի գերակայությունը»

 

Դեկտեմբերի 4-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ «միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել Ադրբեջանի փորձերը՝ փոխարինելու օրենքի գերակայությունը նավթի գերակայությամբ»:

 

Ելույթ ունենալով Բազելում ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել էր, որ «Ադրբեջանը երկար ժամանակ մերժում է բոլոր առաջարկությունները, հիմնարար սկզբունքների բոլոր տարբերակները, որոնք ուղղված են ղարաբաղյան հարցի կարգավորմանը»:

ԵԱՀԿ նախարարական հանդիպումը Բազելում ԵԱՀԿ նախարարական հանդիպումը Բազելում

Լուսանկարը` ԵԱՀԿ

Նա ընդգծել էր, որ որքան միջազգային հանրությունը միջնորդների միջոցով կոչ է անում հակամարտության կողմերին պատրաստել ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի, «այնքան ավելի շատ է Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչում ռազմատենչ, պատերազմ հրահրող հռետորաբանություն, հայատյացության քարոզ, առավել ուժեղանում են հետապնդումները` փոխվստահության ամրապնդման եւ հաշտեցման կողմնակից ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ»։

 

Նախարարը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել էր Ադրբեջանի ռազմական բյուջեի վրա՝ նկատելով, որ «այն աճել է համարյա 30 անգամ վերջին 10 տարիների ընթացքում, այն պահից ի վեր, երբ ներկայիս նախագահը ժառանգել է իր պաշտոնը հորից»:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին