5/10/15. Գործուղում Իրաք, «ազդանշան» Թուրքիային, շոկ Գյումրիում - Mediamax.am

exclusive
13701 դիտում

5/10/15. Գործուղում Իրաք, «ազդանշան» Թուրքիային, շոկ Գյումրիում


Երեւանի բնակիչները սգում են Ավետիսյանների մահը
Երեւանի բնակիչները սգում են Ավետիսյանների մահը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերգեյ Իվանովը 2005 թվականին
Սերգեյ Իվանովը 2005 թվականին

Լուսանկարը` REUTERS

Էդվարդ Նալբանդյանը եւ Սերգեյ Լավրովը Երեւանում 2010թ. հունվարի 14-ին
Էդվարդ Նալբանդյանը եւ Սերգեյ Լավրովը Երեւանում 2010թ. հունվարի 14-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերժ Սարգսյանը եւ Ջոն Էվանսը 2005թ. հունվարի 18-ին
Սերժ Սարգսյանը եւ Ջոն Էվանսը 2005թ. հունվարի 18-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերժ Սարգսյանը 2005թ. հունվարի 18-ին
Սերժ Սարգսյանը 2005թ. հունվարի 18-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-19

 

«Հայաստանն ինքնուրույն կորոշի, որ ուղղությամբ շարժվել»

 

Հունվարի 13-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը հայտարարել էր, որ «Հայաստանն ինքնիշխան պետություն է, եւ այն ինքնուրույն կորոշի, որ ուղղությամբ շարժվել»:

Սերգեյ Իվանովը 2005 թվականին Սերգեյ Իվանովը 2005 թվականին

Լուսանկարը` REUTERS

«Մենք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամներ ենք: Հայաստանում տեղակայված է ռուսաստանյան խոշոր ռազմակայան: Մենք ունենք սերտ տնտեսական եւ մշակութային կապեր», - ասել էր Սերգեյ Իվանովը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատանը` ԱՄՆ կատարած իր աշխատանքային այցի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում:

 

Միեւնույն ժամանակ, նշել էր նա՝ «մենք չենք բրդելու Հայաստանին որեւէ ուղղությամբ»:

 

Հայ խաղաղապահներն Իրաքում

 

Հունվարի 18-ին հայ խաղաղապահ զորախումբը (46 ռազմական բժիշկ, վարորդներ ու սակրավորներ) մեկնել էր Իրաք:

 

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը հայ խաղաղապահների մեկնումը Իրաք անվանել էր «շատ կարեւոր իրադարձություն Հայաստանի, Միացյալ Նահանգների եւ միջազգային կոալիցիայի համար»:

Սերժ Սարգսյանը եւ Ջոն Էվանսը 2005թ. հունվարի 18-ին Սերժ Սարգսյանը եւ Ջոն Էվանսը 2005թ. հունվարի 18-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Մենք ողջունում ենք այս զորախումբն Իրաքում տեղակայելու մասին Հայաստանի կառավարության որոշումը: Իրաքում իրավիճակը բարդ է, եւ մենք հասկանում ենք, որ զորախումբ ուղարկելու որոշումը հեշտ չէր», - ասել էր Ջոն Էվանսը:

 

ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «մենք չենք կարող հեռու մնալ տարածաշրջանային գործընթացներից՝ մասնավորապես, Իրաքում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերից»:

 

«Հայաստանը ներգրավվում է մի գործընթացի մեջ, որը չնայած համաշխարհային հանրության եւ այդ թվում հայ հասարակության ոչ միանշանակ ընկալմանը, հանդիսանում է միջազգային անվտանգության կառուցման կարեւորագույն բաղադրիչներից մեկը»,- ասում էր պաշտպանության նախարարը: Նա նկատել էր, որ «միջազգային հանրությանը լիարժեք ինտեգրվելու մեր ցանկությունը որոշակի բարոյական պարտավորություններ է ենթադրում»:

Սերժ Սարգսյանը 2005թ. հունվարի 18-ին Սերժ Սարգսյանը 2005թ. հունվարի 18-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-19

 

Թուրքիային ուղղված «ազդանշանը» 

 

Հունվարի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ պետք է «ազդանշան» դառնա Թուրքիայի համար եւ Անկարային հիշեցնի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին:

 

Ելույթ ունենալով Երեւանում իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսում, ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել էր, որ Հայաստանը կատարելու է ստորագրված արձանագրություններով նախատեսված իր բոլոր պարտավորությունները: «Չէի ցանկանա մտածել, թե Թուրքիայի իշխանությունները հատուկ են արգելափակում արձանագրությունների վավերացումը»,- նշել էր նա:

Էդվարդ Նալբանդյանը եւ Սերգեյ Լավրովը Երեւանում 2010թ. հունվարի 14-ին Էդվարդ Նալբանդյանը եւ Սերգեյ Լավրովը Երեւանում 2010թ. հունվարի 14-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերգեյ Լավրովն էլ ասել էր, որ Մոսկվան «ոչ կոռեկտ է համարում հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները արհեստականորեն շաղկապելու փորձերը»:

 

«Մենք այդ գործընթացների միջեւ ոչ մի կապ չենք տեսնում»,- ընդգծել էր Լավրովը:

 

Հայաստանում Եվրոպական Միության Պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը Մեդիանաքսի հետ հարցազրույցում ողջունել էր ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը:

 

«Ես ողջունում եմ Սահմանադրական դատարանի որոշումը, որը ճանապարհ է հարթում Ազգային Ժողովի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների վավերացման գործընթացը սկսելու համար: Հուսով եմ, որ գործընթացը երկու երկրներում էլ հարթ կավարտվի, խելամիտ ժամկետներում եւ առանց որեւէ նախապայմանների»,- ասում էր դիվանագետը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-19

 

Սարսափելի սպանություն Գյումրիում

 

Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը սպանեց Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին՝ Սերյոժա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Աիդա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին: 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հունվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել էր Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին, որը նշել էր, որ ռուսաստանյան կողմը շահագրգռված է դեպքի մանրամասների շուտափույթ բացահայտմամբ եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Նա ընդգծել էր, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի ղեկավարությունը համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ եւ աջակցում է գործի քննությանը:

Երեւանի բնակիչները սգում են Ավետիսյանների մահը Երեւանի բնակիչները սգում են Ավետիսյանների մահը

Լուսանկարը` Ֆոտոլուր

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 13-ին հանդիպել էր Գյումրի ժամանած Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ: Վերջինս ՀՀ պաշտպանության նախարարին էր ներկայացրել հանցագործության բացահայտման ուղղությամբ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները:

 

Հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի անդամների հետ հրաժեշտի արարողությունը:

 

Հուղարկավորությանը մասնակցել էին Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, պատգամավորներ:

Լուսանկարը` Ֆոտոլուր

Գեւորգ Կոստանյանը Գյումրիում մի քանի հազար ցուցարարների ներկայությամբ հայտարարել էր, որ կդիմի ՌԴ գլխավոր դատախազին՝ Վալերի Պերմյակովին Հայաստանի արդարադատությանը հանձնելու պահանջով:

 

«Ես՝ որպես գլխավոր դատախազ, տղամարդավարի ձեզ ասում եմ, որ այս պահանջով միանշանակ դիմելու եմ ՌԴ գլխավոր դատախազին»,- ասել էր Կոստանյանը:

 

Հունվարի 15-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինն ուղերձ էր հղել է Հայաստանի քաղաքացիներին:

 

«Այսօր Գյումրիում տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի անդամների հուղարկավորությունը: Եվս մեկ անգամ ուզում եմ ցավակցել որեւէ նորմալ մարդու գիտակցության մեջ չտեղավորվող հանցավոր արարքի զոհերի հարազատներին ու մտերիմներին: Նման գազանությունները արդարացում չունեն: Նրանք ոչ ազգություն ունեն, ոչ էլ պետական պատկանելություն: Դեսպանատան բոլոր աշխատակիցները կիսում են եղբայրական հայ ժողովրդի կորստի ցավը ու սգում են նրա հետ: Վստահ եմ, որ հանցագործը կպատժվի օրենքի ողջ խստությամբ: Հայաստանի եւ ՌԴ իրավապահ մարմիններն համատեղ հետաքննություն են վարում: Այն անկողմնակալ ու համապարփակ կլինի: Ես դրանում կասկած չունեմ: Հայ-ռուսական բարեկամության բազմադարյա պատմության մեջ եղել են բարդ էջեր, սակայն մենք մշտապես համատեղ ուժերով հաղթահարել ենք դժվարությունները, միմյանց աջակցելով: Հավատում եմ, որ հիմա էլ այդպես կլինի»:

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հունվարի 18-ին տեղի ունեցավ Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը:

 

«Ռուսաստանյան պետության ղեկավարը եւս մեկ անգամ ցավակցել է զոհվածների հարազատներին, ինչպես նաեւ ողջ հայ ժողովրդին`Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ քննչական միջոցառումները կանցկացվեն սեղմ ժամկետներում եւ մեղավորները կկրեն օրենքով նախատեսված պատիժը: Վլադիմիր Պուտինը նաեւ հույս է հայտնել, որ Հայաստան ժամանած ռուսաստանյան բժիշկներն իրեն հայ գործընկերների հետ միացին անհրաժեշտ բարձրակարգ օգնություն կցուցաբերեն ողբերգության ժամանակ կենդանի մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին: Ռուսաստանյան պետության ղեկավարը նաեւ վստահեցրել է իր հայ պաշտոնակցին, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կարող է բժշկական ինքնաթիռ ուղարկել` Մոսկվայում երեխայի հետագա բուժումը կազմակերպելու համար»,- ասված էր Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

Հունվարի 19-ին Սերյոժա Ավետիսյանը մահացավ:

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ էր հղել երեխայի մահվան կապակցությամբ:

 

«Մեզ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը: Չնայած հայ եւ ռուս բարձրակարգ բժիշկների անսահման ճիգերին՝ մենք կորցրինք նրան: Հանգավ լույսը, որը Գյումրիի ոճրագործությունից հետո բոլորիս միակ սփոփանքն էր, որն անվերականգնելին գոնե ինչ-որ չափով լցնելու համար անելիք էր թողնում մեզ: Ավա՜ղ, չստացվեց, չնայած հնարավոր եւ անհնարին բոլոր ջանքերին՝ չստացվեց»,- հայտարարել էր նախագահը:

 

Էրդողանի  ու Սարգսյանի նամակագրությունը

 

Հունվարի 16-ին ՀՀ նախագահը պատասխանել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակին: Վերջինս Սերժ Սարգսյանին հրավիրել էր Թուրքիա՝ մասնակցելու ապրիլի 24-ին Չանակալեի ճակամարտի 100-ամյակի միջոցառումներին: Էրդողանը հրավերներ էր ուղարկել 102 պետությունների ղեկավարներին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

 

Սերժ Սարգսյանի պատասխան նամակում, մասնավորապես, ասվում էր.

 

«Ավա՜ղ, Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը եւ տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին: Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի եւ ողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը: Ուստի, խորհուրդ կտայի համաշխարհային խաղաղությանն ուղղված Ձեր կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձ հղել աշխարհին՝ ոգեկոչելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը»:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին