Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ՀՀ-ն պետք է ձերբազատվի հայ-թուրքական արձանագրություններից, կարծում է Կիրո Մանոյանը - Mediamax.am

3178 դիտում

Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ՀՀ-ն պետք է ձերբազատվի հայ-թուրքական արձանագրություններից, կարծում է Կիրո Մանոյանը


Կիրո Մանոյանը
Կիրո Մանոյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօր ասել, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ՀՀ-ն պետք է ձերբազատվի հայ-թուրքական արձանագրություններից:

Կիրո Մանոյանը նկատել  է, որ Թուրքիան շարունակում է դրանք օգտագործել Հայաստանի դեմ` աշխարհին ցույց տալով, թե երկու երկրների միջեւ գործընթաց կա:

 

«Ճիշտ չի լինի թեւակոխել Ցեղասպանության 100-ամյա տարելից` չհրաժարվելով այդ արձանագրություններից: Հայաստանը պետք է հետ վերցնի իր ստորագրությունը` հաշվի առնելով նաեւ վերջին շրջանում Թուրքայի հայատյաց վերաբերմունքն ու Քեսաբի դեպքերը»,- ասել է նա` նշելով, որ աշխարհը չի մեղադրի Հայաստանին այդ քայլի համար:

 

Խոսելով սպասելիքների մասին` Կիրո Մանոյանը նշել է, որ դրանք առկա են ինչպես հայ, այնպես էլ թուրք հասարակությունում. երկու կողմին էլ հետաքրքրում է աշխարհի վերաբերմունքն ու հնարավոր տեղաշարժերը: Նա նշել է, որ «թուրք հասարակությունը ցեղասպանության ժխտողական քաղաքականության զոհ է եւ կարիք ունի ճանաչելու սեփական պատմությունը, ինչին պետք է նպաստեն հայերը` վերջիններիս հետ կապ հաստատելով»: Անելիքների թվում Կիրո Մանոյանն առանձնացրել է հատուցման ուղիներ գտնելու գործընթացը:

 

Անդրադառնալով ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, թե ապրիլի 24-ին Վաշինգտոնից «բավական ուժեղ արձագանք» է սպասվում` Կիրո Մանոյանը նկատել է, որ «արձագանքն ուժեղ կլինի այն դեպքում, եթե ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը 1915-ի դեպքերը կոչեն այնպես, ինչպես եղել է` ցեղասպանություն»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին