Թուրքիան «պատմական առիթն» օգտագործելու շատ շանսեր ուներ - Mediamax.am

2717 դիտում

Թուրքիան «պատմական առիթն» օգտագործելու շատ շանսեր ուներ


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները տարիներ շարունակ հնարավորություն ունեին օգտագործելու Հայաստանի հետ հարաբերությունները՝ կարգավորելու «պատմական առիթը»:

Այս մասին Էդվարդ Նալբանդյանն ասել է այսօր հրավիրված տարեկան ասուլիսին՝ մեկնաբանելով Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի արած հայտարարությունը հայ-թուրքական հարաբերություններում «նոր մեկնարկի» եւ «համատեղ ապագա կառուցելու» մասին:

 

«Հարց է առաջանում ` ինչո՞ւ էր ‪Դավութօղլուն‬ սպասում, որ լինի ‪2015 թվականը եւ հայտարարություն անի ‪Հրանտ Դինքի‬ սպանության վերաբերյալ: Ինչո՞ւ 7-րդ տարելիցին, մյուս բոլոր նախորդ տարելիցներին որեւէ հայտարարություն չեղավ: Բացի այդ, 8 տարի շարունակ Թուրքիայի իշխանությունները չկարողացան կամ չցանկացան բացահայտել Դինքի սպանության մեղավորներին: Հիմա ինչ-որ հարգալից վերաբերմունքի մասին են խոսում եւ, միեւնույն ժամանակ, իրենց աջակցությունն են հայտնում տխրահռչակ Դողու Փերինչեքին, ով Դինքի սպանության կապակցությամբ ոչ միայն Հայոց ցեղասպանությունը ժխտող, այլեւ ատելությամբ լի հայտարարություններ էր անում հայերի նկատմամբ»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

 

Նրա համոզմամբ, Թուրքիայի վարչապետի թե հին, թե նոր հայտարարությունների  մեջ «որեւէ նոր բան չկա»:

 

Հայաստանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Թուրքիայի իշխանություններն առնվազն վերջին 5-6 տարիների ընթացքում շատ հնարավորություններ ունեին օգտագործելու առկա «պատմական առիթը»՝ վավերացնելու հենց Ահմեդ Դավութօղլուի ստորագրած հայ-թուրքական արձանագրությունները եւ կյանքի կոչելու ժողովուրդների մերձեցման գործընթացը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին